Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

«Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից ճանաչված պատմական երևույթ է». Նիկոլայ Հովհաննիսյան

Մարտ 22,2013 21:23

«Ցեղասպանագետների միջազգային ասոցացիան ի լուր աշխարհի հայտարարեց, որ Հայոց ցեղասպանությունը ապացուցված և ընդունված է, իրավական և մարդկության առումով»,-այս մասին այսօր «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» միջազգային գիտաժողովի ընթացքում ասաց ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանի խոսքով` Թուրքիայի Հանրապետության ղեկավարությունը դեռ պաշտոնապես չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, այնուամենայնիվ, չի բեկանել Օսմանյան կայսրության 1918-22թթ. գործողությունները հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, հավելելով, որ այսօրվա թուրքական կառավարությունը պաշտոնապես չճանաչելով հայոց ցեղասպանությունը, այդուհանդերձ չի ժխտում հայերի տեղահանումը Օսմանյան կայսրությունում, մինչդեռ տեղահանումը ցեղասպանության օրգանական մասն է:

Արդյոք հնարավո՞ր է համարել Հայոց ցեղասպանությունը միջազգայնորեն ճանաչված, պրն. Հարությունյանը պատասխանեց. «Հասկանալու համար անհրաժեշտ է կատարել հաշվարկ, որը մենք կատարել ենք: Այսօրվա դրությամբ Հայոց ցեղասպանությունը ճանաչել են 26 պետության արտաքին օրենսդիր մարմինները, Եվրամիության երկպալատանի օրենսդիր մարմինը, թուրքական պառլամենտը և Եվրախորհուրդը: Հայոց ցեղասպանությունը ճանաչել են նաև առանձին երկրների վարչատարածքային միավորներով: Այո’, Հայոց ցեղասպանությունը միջազգային հանրության կողմից, միջազգայնորեն ճանաչված պատմական երևույթ է»,-ասաց նա:

Հայոց ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը համոզված է, որ 2015թվականը ոչինչ չի նշանակում. «Կարծում եմ, որ 100-ամյա տարելիցը դեռ չի նշանակում պայքարի ավարտ: Այսօր աշխատանքներ են տարվում Ցեղասպանության թանգարանը զարգացնելու ուղղությամբ, բայց, ցավում եմ, որ Հայաստանում միայն մեկ ցեղասպանության թանգարան է գործում, իսկ մինչև 2015 թվականը գործնականում անհնար է նոր թանգարանի ստեղծումը»:

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր, Միացյալ հայկական հիմնադրամի նախագահ Հարութ Սասունյանը քննարկման ընթացքում ասաց, որ պետք է մեկ նպատակ հետապնդել և հետամուտ լինել դրա իրականացմանը. «Պահանջները տարբեր են: Մեկը հողն է ուզում, մեկ ուրիշը մեկ այլ բան: Պետք է հստակեցնել մեր ցանկություններն ու գործողությունները»:

Հիշեցնենք, որ գիտաժողովը կոչված է մասնագիտական հեղինակավոր կարծիքների հիման վրա մշակել ու ծրագրել հարյուրամյա տարելիցի կապակցությամբ Հայաստանի Հանրապետությունում և արտասահմանում անցկացվելիք տարաբնույթ միջոցառումների ընդհանուր ռազմավարությունը, որը կրում է երկօրյա բնույթ` «Հայոց ցեղասպանություն. մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» խորագրով:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031