Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայտարարել, որ Նազարյանն ինքնասպան է եղել, նախաքննական մարմնի կողմից անամոթություն եւ ցինիզմի ծայրահեղ դրսեւորում է»

Մարտ 26,2013 20:02

Տուժողը կողմը պահանջեց արդարացնել ամբաստանյալներին:

Լեյտենանտ Արտակ Նազարյանի  մահվան գործով դատավարության մարտի 26-ի նիստում, դատական վիճաբանությունների շրջանակում, ճառով հանդես եկան տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանը եւ տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը:

Ռ. Մարտիրոսյանն ասաց, որ Ա. Նազարյանի սպանության գործը  դատարանում, չգիտես ինչու, անվանում են ինքնասպանություն: Նա անդրադարձավ Նազարյանի մարմնի դատաբժշկական փորձաքննության եզրակացությանը:  Նազարյանի մարմնի վրա հայտնաբերվել է  54 վնասվածք, որոնք ժամանակագրական առումով  դատաբժիշկը  բաժանել է  3 խմբի՝ «մահվանից 3-5 օր առաջ», «մահվանից մինչեւ 6 ժամ առաջ» եւ «մահվանից  ոչ շատ առաջ»: Նախաքննական մարմինը  քննություն չի կատարել պարզելու համար, թե «մահվանից ոչ շատ առաջ» եւ  «մահվանից մինչեւ  6 ժամ առաջ»   Նազարյանի  ստացած 53 վնասվածքները  ի՞նչ հանգամանքներում եւ ո՞ւմ կողմից են պատճառվել : Իրավապաշտպանը հայտարարեց. «Նման պայմաններում  հայտարարել, որ Նազարյանն ինքնասպան է եղել՝ մահվան նախորդ օրերին ամբաստանյալների կողմից իբր բռնության եւ ստորացումների ենթարկվելու հետեւանքով, ըստ մեր համոզման, նախաքննական մարմնի կողմից անամոթություն եւ ցինիզմի ծայրահեղ դրսեւորում է, իր հիմքով՝ հանցագործություն»:

Իրավապաշտպանի վկայությամբ՝գործով չի կատարվել բազմակողմանի եւ լրիվ նախաքննություն: Ռ. Մարտիրոսյանն ասաց, որ մեղադրող կողմի նախաձեռնությամբ դատարան ներկայացած դատական փորձագետ Վիգեն Ադամյանն այդպես էլ չպատասխանեց, թե ո՞ւր է քրեական  գործից անհետացած 3 լուսանկարը, եւ դատարանում փորձեց արժեզրկել իր տված փորձագիտական եզրակացությունը:

Ւրավապաշտպանն  ասաց, որ ինքը դատարան է ներկայացրել ՌԴ դատաբժշկական փորձագիտական կենտրոնի տնօրեն Կովոլյովի գրությունը, որը դատարանը չի ընդունել: Ա. Նազարյանի մարմնում հայտնաբերվել է սպիրտ, որը համապատասխանում է միջին խմածությանը, նախաքնական մարմինը չի ցանկացել եւ չի պարզել, թե մահվանից մեկուկես ժամ առաջ Նազարյանն ո՞ւմ հետ, ի՞նչ հանգամանքներում է սպիրտ օգտագործել: Նախաքննության մարմինը   չի քննել այն, որ  Նազարյանի կողմից ոգելից խմիչք օգտագործելուց հաշված ժամեր առաջ հեռախոսային զրույցի ժամանակ վաշտի հրամանատար Գագիկ Ուդումյանը Նազարյանի  հասցեին վիրավորական արտահայտություններ է արել, Նազարյանի կողմից պատասխան ստանալուց հետո սպառնացել է գալ եւ պատասխան պահանջել նրանից:

Իրավապաշտպանն ասաց, որ գործով վկաները եւ ամբաստանյալները  Բերդի ռազմական ոստիկանությունում ապօրինի կալանքի տակ են եղել, նրանց տված ցուցմունքները խեղաթյուրվել են, որ  Նազարյանի ինքնաձիգի ե պահունակների բոլոր փամփուշտները  տեղում են եղել, Նազարյանի ինքնաձիգի վրայի մատնահետքերը ոնչացվել են, նրա դիակի դիրքը հետո փոխվել է, Նազարյանի զինվորական գլխարկը հետագայում արյունի մեջ թաթախվել է եւ այլն: Մարտիրոսյանն  ասաց, որ դատարանը մերժել է  իրենց հիմնավորված միջնորդությունները եւ բավարարել մեղադրական կողմի միջնորդությունները:

Ռ. Մարտիրոսյանը եւ Ծովինար Նազարյանը հայտարարեցին, որ պետք է  բացահայտվեն Նազարյանի սպանության գործի իրական մեղավորները: Ռ. Մարտիրոսյանը հայտարարեց, որ  դատարանը կայացվելիք դատավճռով պետք է հաստատի՝ Նազարյանի ինքնասպանության մասին պնդումը ճիշտ չէ , որ  ներկայացված ապացույցներով  չի հիմնավորվել ամբաստանյալների գործողությունների եւ Նազարյանի մահվան մեջ պատճառահետեւանքային կապի առկայությունը, դատարանը պետք է ամբաստանյալների հանդեպ կայացնի արդարացման վճիռ եւ տուժողի կողմի ներկայացրած հանցագործությունների մասին տասնյակ հաղորդումներում առկա փաստերի  առթիվ քրեական գործ հարուցելու համար միջնորդությամբ դիմի ՀՀ գլխավոր դատախազություն:

Դատական հաջորդ նիստում, որը կկայանա ապրիլի 2-ին, ճառով հանդես կգա պաշտպանական կողմը:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031