Լրահոս
Օրվա լրահոսը

«Ուրախալի է, որ մենք քիչ-քիչ հրաժարվում ենք միատոն հագուստներից». Ոճաբանը` երիտասարդների հագուստների մասին

Ապրիլ 10,2013 18:28

«Սիրում եմ, երբ տղաները բացի ջինսերից, նաև դասական տաբատներ են կրում, ինչը նկատելի է հիմա: Սակայն կան մարդիկ, ովքեր փորձում են ջինսերը համադրել վերնաշապիկների և օձիքների հետ, այնինչ երբեմն տգեղ և անճաշակ բան է ստացվում, լինում է նաև հակառակը, երբ պրակտիկ կամ սպորտային ոճի մայկաները հագնում են դասական տաբատի հետ»,-ասում է 24-ամյա Սրբուհին:
«Առավոտ երիտասարդականը» հետաքրքրվեց, թե ինչպիսին է երիտասարդների կարծիքը կանանց և տղամարդկանց զգեստների հարցում, արդյոք մեր հայ երիտասարդները նորաձև են հագնվում կամ արդյոք փոփոխություններ նկատել են համեմատած անցյալ տարիների հետ: 19-ամյա Հասմիկը, խոսելով տղաների հագուկապի մասին, ասում է. «Իմ կարծիքով, տղաները հիմնականում կարողանում են համադրել գույներն ու ոճը, ավելի նորաձև են հագնվում, բայց պիտի հաշվի առնենք նաև այն, որ ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա: Իսկ ճաշակով հագնվել դեռ չի նշանակում բրենդային զգեստներ կրել, կարող է լինել նաև էժանագին հագուստ, պարզապես պետք է ճիշտ լուծումներ գտնել»:
27-ամյա Նարինեն համամիտ չի այն կարծիքի հետ, որ աղջիկներն այժմ ավելի բաց են հագնվում, քան առաջ: Համեմատություն անցկացնելով նախորդ տարիների հետ՝ պնդում է. «Եթե հայացք նետենք դեպի 10 տարի առաջ, ապա կտեսնենք, որ այն ժամանակ աղջիկներն ավելի համարձակ էին հագնվում: Նրանք կրում էին կարճ կամ երկար քղանցքող կիսաշրջազգեստներ, փորը բաց տոպիկներ: Իսկ հիմա եթե որևէ մեկը այդպես հագնվի, կկարծեն, թե նա վատ վարքի տեր է»,-ասում է նա:
Իսկ ինչ վերաբերւմ է աղջիկների հագուկապին՝ 23-ամյա Վահանը այն կարծիքին է, որ նրանք հետզհետե ավելի նորաձև ու գրավիչ տեսք են ընդունում. «Բացի այն, որ մեր հայ աղջիկները շատ սիրուն են, նրանք նաև շատ ճաշակով են: Երբեմն կարող են փակ և երկար զգեստներ կրել, բայց դա ավելի է ընդգծում նրանց բարեմասնությունները քան, օրինակ՝ եթե կրեին կարճ ու բաց հագուստներ»,-ասում է նա:
Իսկ ոճաբան Անահիտ Դավթյանի խոսքով՝ վերջին տարիներին հայ երիտասադներն ավելի նորաձև են հագնվում. «Ուրախալի է, որ մենք քիչ-քիչ հրաժարվում ենք միատոն հագուստներից: Կարելի է ասել, որ ավելի ազատ ու համարձակ են դեռահասները, քան 30-ին մոտ երիտասարդները, բայց վերջիններս ևս զգալի փոփոխություններ են կրել հագուստի առումով. հայ աղջիկները դարձել են ավելի կանացի, իսկ տղաները՝ պրակտիկ ոճի սիրահարներ»,-ասում է նա: Ըստ նրա՝ այդ տենդեցին նպաստում է նաև ինտերնետը. «Քանի որ երիտասարդների մեծամասնությունը գրանցված է մի շարք կայքերում կամ գոնե օգտվում է ինտերնետից, շատ բաներ հենց այդտեղից են վերցնում: Օնլայն գնումները կամ նորաձևության խանութների պաշտոնական էջերն ապահովում են մեր մատչելիությունը, պարտադիր չէ որ մարդիկ գնեն հագուստներ, դիտելը ևս զարգացնում է նրանց ճաշակն ու երևակայությունը»,-հավելում է նա:
Այնուամենայիվ, ոճաբանը թերություններ նկատում է, որոնք իր կարծիքով ժամանակի ընթացքում կուղղվեն: «Աղջիկները հիմնականում հագուստն ու աքսեսուարները չեն համապատասխանեցնում. հնարավոր է, որ առանձին շատ սիրուն լինեն, բայց միասին չսազեն, իսկ տղաները փողկապներն ու կոշիկները: Բայց սա էլ բավական մեծ առաջընթաց է, հուսամ այսպես կշարունակվի»,-ասում է նա:

 

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930