Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը մեղադրում են անօրեն գործողությունների մեջ (Տեսանյութ)

Ապրիլ 16,2013 16:27

«Ռեկո ռեկորդս» ընկերությունը չի կարողանում աքցիզներ ստանալ

Այսօր «Հենարան» մամուլի ակումբում «Ռեկո ռեկորդս» ընկերության հիմնադիր Դավիթ Խանոյանը եւ «Disk world» խանութի տնօրեն Կարեն Քյուփելյանը հայտարարեցին, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը խոչընդոտում է ձայնասկավառակներ արտադրող ընկերությունների աշխատանքը եւ շրջանցում է ԱԺ-ի ընդունած համապատասխան օրենքը:

Կարեն Քյուփելյանը նշեց, որ ԱԺ-ն հաստատել է աքցիզների մասին օրենքը, համաձայն որի` ապրիլի 18-ից հետո շուկայում չպետք է լինեն աքցիզ չունեցող CD-ներ եւ   DVD-ներ. «Օրենքը քննարկելիս նաեւ մեր կարծիքը պետք է հարցնեին: Քանի որ մեր վաճառած ապրանքից անվճար ներբեռնելու հնարավորություն կա նաեւ համացանցում, ի չիք են դառնում բոլոր տեսակի տնտեսական գործողությունները: Հարցը բաց է մնացել, եւ դրա մասին չեն էլ ուզում լսել: Մյուս խնդիրն այն է, որ կաշառակեր եւ հանցավոր մարդիկ այսօր օրենքի ուժի ներքո ղեկավարում են կառույցներով անցնող պրոցեսը»:

Քյուփելյանի խոսքով. «Էկոնոմիկայի նախարարության համապատասխան բաժնի աշխատակիցները ցանկանում են, որ ոլորտը կառավարելի լինի իրենց իսկ «շնորհներով» եւ «դաբրոներով», որոնցից հետո էլ փաստաթղթի հիման վրա պետք է ստանանք աքցիզները: Ոլորտը կոռումպացված է»:

«Ռեկո ռեկորդս» ընկերության հիմնադիր Դավիթ Խանոյանը մեջբերեց նախարարության մտավոր սեփականության գործակալության պետի` Արմեն Ազիզյանի խոսքերը, թե  «իմ վերադասը չի կարա ինձ ասի` տեղեկանք տվեք «Ռեկո ռեկորդս»-ին, ոչ էլ կփորձի ասել, որովհետեւ ասի տուր` չեմ տա: Հենց դատավորն ասի տուր, ես ետ դատավորին խայտառակ կանեմ»: Խանոյանը նշեց, որ Արմեն Ազիզյանը վերոգրյալն ասել է «Արմնյուզ»-ի հետ զրույցում (ներկայացված տեսանյութը` հատված «Արմնյուզ  հեռուստաընկերության պատրաստած ռեպորտաժից)»:

Խանոյանը հիշատակեց նաեւ նույն ռեպորտաժում տեղ գտած Սոնյա Վարդանյանի մեկնաբանությունը, թե «Ռեկո ռեկորդս»-ի դիմումը հաստատելու համար պետք են ապացույցներ, որոնք հավաստում են իրավատիրոջ իրավունքները ֆիլմերի նկատմամբ»: «Ինչպես ինքն է ասել, չկան պայմանագրեր ֆիլմերն արտադրողների եւ իրավատերերի հետ: Սակայն օրենքի   համապատասխան կետի համաձայն` «դիմումներին կից ներկայացված պայմանագրերի իսկությունը եւ դրանցում տեղ գտած տվյալները գործակալությունը չի ստուգում», իսկ իրենք «ստուգում» են»,-հավելեց Խանոյանը:

Արմեն Ազիզյանից եւ Սոնյա Վարդանյանից մեկնաբանություն առայժմ չհաջողվեց ստանալ, քանի որ հեռախոսահամարներին պատասխանող չկար, իսկ նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից մեզ հայտնեցին, որ խնդրի շուրջ հավանաբար կհրավիրվի մամլո ասուլիս:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930