Լրահոս
Օրվա լրահոսը

Մեղրեցիները դեմ են տարածաշրջանում հանքարդյունաբերության զարգացմանը

Մայիս 28,2013 18:13

Երեկ մեղրեցիները բաց նամակ հղեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ իրենց մտահոգությունները հայտնելով Մեղրու տարածաշրջանում հանքարդյունաբերության զարգացմանն ուղղված, ներկայումս լայն թափով իրականացվող անընդունելի գործողությունների հետ, անհանգստություն հայտնելով, որ առանց այն էլ էկոլոգիական եւ առողջապահական լուրջ խնդիրներ ունեցող Մեղրու համայնքին նոր հանքավայրերի շահագործումն ավելի աղետալի վիճակի մեջ կդնի:

Մինչ այդ՝ հունվարի 25-ին, Մեղրի համայնքի ավագանին էր ուղերձ հղել ՀՀ նախագահին, նշելով, որ եթե տարածաշրջանի նկատմամբ վարվող քաղաքականությունը չփոխվի, ապա Մեղրու շրջանը մեկ-երկու տասնամյակ անց կվերածվի անապատի՝ աղտոտված գետերով, թունավորված հողով, իսկ երեխաները կծնվեն հիվանդ և արատավոր, ինչի նշաններն արդեն իսկ երևում են:

«Մեղրու տարածքի հետագա զարգացման ու բնակչության առողջության պահպանման համար, խնդրում ենք Ձեզ՝ Մեղրու տարածքում ստեղծված բնապահպանական վիճակն, ինչպես նաև տարածաշրջանում գործող և արտոնագրեր ստացած նոր հանքավայրերի շահագործման ու դրանից բխող հրատապ խնդիրները քննարկել ՀՀ կառավարությունում և գիտությունների ակադեմիայում, նախապես Մեղրիում անցկացնելով իրավիճակի մասնագիտական և բազմակողմանի քննություն», – նշված էր ուղերձում:

Նախագահին ուղղված ուղերձին մարտի 27-ին պատասխան նամակով հանդես էր եկել ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Է. Փիրումյանը, ով Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանին հասցեագրած պատասխանում տեղեկացրել էր, որ համաձայն ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության գրության, ներկայումս Մեղրու տարածաշրջանում շահագործվում են Տերտերասարի ոսկու, Լիճքվազ-Թեյի ոսկու, Ագարակի պղինձ-մոլիբդենի, Լիճքի պղինձ-մոլիբդենի,Այգեձորի պղինձ-մոլիբդենի (Թխկուտի և Կենտրոնական տեղամասեր) հանքավայրերը, որոնք «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ենթարկվել են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության եւ ունեն հանքավայրերի շահագործման լիցենզիաներ: Բացի այդ, ընդերքի մասին ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով ներկայումս երկրաբանական ուսումնասիրություններ են կատարվում Խաչաքար-Փարավանի բազմամետաղային, Բերդաքարի պղինձ-մոլիբդենի, Վերին-Վարդանիձորի ոսկու, Գյոզ-Գյոզի ոսկու, Վանք եւ Կալեր գյուղերի շրջակա տարածքի բազմամետաղային, Թունդիր գետի ազնիվ մետաղների, Շվանիձորի նեֆելինային սիենիտների, Նյուվադիի պղնձի և Նռանաձորի պղինձ-ոսկու հանքաերևակումներում:

Սակայն մեկ այլ գրությամբ՝ նույն պաշտոնյան տվել է խիստ հակասական մեկ այլ պատասխան: Մասնավորապես՝ մայիսի 15-ին Կապանի բնապահպանական տեղեկատվական հասարակական «Օրհուս» կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանին ուղղված գրությանը պատասխան, տեղեկացրել էր, որ վերը նշված մյուս հանքերեւակումներում կատարվող երկրաբանական ուսումնասիրությունների փաստաթղթերը չեն ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:

Բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարը ապրիլի 5-ին Մեղրու քաղաքապետին ուղղված մեկ այլ նամակում նշել է, որ համաձայն ՀՀ ԳԱԱ երկրաբանական ինստիտուտի գրության՝ Լիճք, Տաշտուն և Լիճքվազ-Թեյի հանքավայրերը ուրանի և թորիումի առավել բարձր պարունակությունների օբյեկտների եւ «Հայաստանի ուրան պարունակող հանքային դաշտերի և հանքային շրջանների քարտեզը»-ի վերաբերյալ ուղերձում նշված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:

Պարոն Փիրումյանի կողմից ստացված գրության մեջ նաեւ նշվել էր, որ Մեղրիում բնապահպանական հարցերի շուրջ մասնագիտական քննարկման աշխատանքներ կատարելու պատրաստակամություն է հայտնել ՀՀ ԳԱԱ «Էկոլոգանոսֆերային հետազոտությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Մայիսի 17-ին Մեղրիի քաղաքապետը մեկ այլ գրությամբ նախարարությունից խնդրել է տրամադրել բոլոր այն փաստաթղթերի պատճենները, որոնք հիմք են ծառայել նշված 9 հանքերեւակումներում ուսումնասիրություններ կատարելու եւ կասկածի տակ առնելու քարտեզի իրականությանը չհամապատասխանելու փաստը:

Meghru qaxaqapet

Այս ամենը փաստաթղթերի լեզվով: Իսկ Մեղրու քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանը (լուսանկարում) մեզ հետ ունեցած հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ մեղրեցիների կողմից վերջերս բարձրացված բողոքի ալիքը մի քանի անգամ իրենք ստիպված են եղել կասեցնել՝ նպատակ ունենալով խնդիրը լուծել քաղաքակիրթ ճանապարհով, որոնց ուղղությամբ դեռ շարունակվում են քայլեր տանել: Նրա խոսքով՝ վերջին մեկ տարվա ընթացքում կառավարությունը Մեղրու տարածքում 14 հանքի ուսումնասիրությունների արտոնագիր է տվել: Հասարակական լսումներ Մեղրիում չեն արվել եւ ժողովրդի կարծիքը ոչ մեկը հաշվի չի առել, ժողովուրդը նույնիսկ չի ճանաչում սեփականատերերին:

Մեղրիում խնդրի շուրջ ընթացող քննարկումներին, բնակչության դժգոհություններին, մասնագետների կարծիքներին, անհանգստություններին ու մինչեւ անգամ վճռական քայլերի պատրաստ բնակչության որոշումներին անձամբ ենք տեղում ծանոթացել, որոնց մասին կանդրադառնանք առաջիկա թողարկմամբ: Իսկ մինչ այդ տեղեկացնենք, որ այս շաբաթ «Կայուն զարգացում» ՀԿ-ն Մեղրի համայնքում կկազմակերպի ստորագրահավաք՝ վերոնշյալ խնդիրների շուրջ Մեղրի համայնքի բնակիչների դիրքորոշումը կառավարությանը և ԱԺ-ին ներկայացնելու նպատակով: «Ես կարծում եմ, որ Մեղրու տարածաշրջանում անընդունելի է հանքարդյունաբերական գործունեություն ծավալել մեկ պարզ պատճառով. միևնույն վայրում գյուղատնտեսության և հանքարդյունաբերության զարգացումը անհնար է: Նախքան հանքեր շահագործելը, առնվազը պետք է հաշվարկել, թե ինչքանով է տնտեսապես նպատակահարմար հանքերի շահագործումը հարակից համայնքների բնակչության և պետության համար առհասարակ: Մեղրի համայնքը համարվում է ազդակիր համայնք, սակայն հաշվի չի առնվել տեղական ինքնակառավարման մարմինների և բնակչության դիրքորոշումը», – ասաց Արմեն Փարսադանյանը:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031