Լրահոս
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով մեղադրողի կարծիքով՝ Ռուբեն Հայրապետյանի գալով էլ «շրջադարձ, հեղափոխություն չեղավ» (Ֆոտոշարք)

Մայիս 31,2013 17:22
PrevPhoto
NextPhoto

Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց «Հարսնաքար» ռեստորանային համալիրում անցյալ տարվա հունիսի 17-ին բռնարարքների գործով հերթական դատական նիստը: Դատարանում 24 անձի դատակոչելու միջնորդությամբ հանդես եկավ տուժողներ Արտակ Բայաթյանի, Էդգար Նիկոյանի, Արկադի Աղաջանյանի եւ Գարիկ Սողոմոնյանի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը: Նա միջնորդել էր, որպեսզի դատարան գան դեպքի օրը ռեստորանային համալիրում այլ սեղաններ սպասարկած մատուցողները, մասնավորապես՝ Վահան, Բագրատ, Պավել Հարությունյանները, Դավիթ Գրիգորյանը, ինչպես նաեւ երաժիշտները, պահակները:

Պահակներ Խաչատուր Սարգսյանին, Կարլեն Ստեփանյանին դատարան հրավիրելը մի նպատակ էր հետապնդում. հարցեր տալ համալիրի տեսախցիկների վերաբերյալ, ինչպես նաեւ, քանի որ նրանք չեն հարցաքննվել իրեղեն ապացույցների մասով՝ այդ կապակցությամբ հարցեր տալ, թե ինչ են տեսել, ամբաստանյալներից ում են տեսել եւ ինչ հանգամանքներում:

Տիգրան Եգորյանը միջնորդել էր նաեւ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, որպեսզի դատարան հրավիրվեին բժիշկները, մասնավորապես այն բժիշկները, որոնք եղել են Վահեի հետ կապված հանձնաժողովի մեջ: Եգորյանն ակնարկեց կրկնակի փորձաքննության անհրաժեշտության մասին եւ նաեւ հայտնեց, որ հարցեր կտրվեն այդ բժիշկներին՝ ռազմական բժիշկ, բռնարարքի զոհ դարձած Վահե Ավետյանի մահվան հանգամանքների հետ կապված:

Մեղադրանքը պաշտպանող դատախազ Արթուր Դավթյանը հայտնեց, որ վկաները բաժանվում են 2 խմբի եւ նրանց մեջ չեն ներառել այն վկաներին, որոնք նախաքննության ժամանակ ցուցմունքներ են տվել, սակայն այդ ցուցմունքները էական նշանակություն չեն ունեցել գործի համար: Նա ասաց նաեւ, որ իր տպավորությամբ՝ անգամ դատարան եկած լրացուցիչ վկաները որեւէ նոր բառ եւ տեղեկություն չեն արտահայտում. «Թվում էր՝ այդքան աղմուկ հանած Ռուբեն Հայրապետյանին դատակոչելուց հետո պետք է հեղափոխություն լիներ, շրջադարձ, սակայն ինչքան համեմատում եմ նրա նախաքննական եւ դատաքննական ցուցմունքները, ապա կարող եմ ասել, որ նախաքննության ժամանակ տրվածը բովանդակային է եղել»:

Նա աննպատակահարմար գտավ առաջարկված վկաներին դատակոչելը, սակայն երեք վկաների համար տվեց իր համաձայնությունը: Դատախազն ասաց, որ Մամիկոն Հարությունյանը, Արթուր Մանուկյանը եւ Աշոտ Սնջոյանը թերեւս կարող են կանչվել դատարան, քանի որ առկա են դեպքից հետո նրանց հեռախոսային զրույցները, մասնավորապես մոտ տարածքից՝ ֆուտբոլի ակադեմիայից:

Ամբաստանյալ Գարիկ Մարգարյանի պաշտպան Մարինե Թովմասյանը հայտնեց, որ գումարելիների տեղը փոխելիս գումարը չի փոխվի եւ նաեւ հարցրեց Տիգրան Եգորյանին, թե բժիշկներին որպես վկա՞, թե՞ որպես մասնագետ է դատակոչում: Տիգրան Եգորյանը պատասխանեց, որ որպես վկա: Ամբաստանյալ Արման Խաչատրյանի պաշտպան Ավագ Լալայանը գտավ, որ նախաքննությունը եղել է ոչ լրիվ, ոչ բազմակողմանի եւ միջնորդությունը համարեց անհիմն, իսկ դատախազի կողմից 3 վկաներին դատակոչելը համարեց որպես վառ վկայություն նախաքննության ոչ օբյեկտիվ գործունեության մասին:

Ամբաստանյալ Նորայր Հայրապետյանի պաշտպանը՝ Երեմ Սարգսյանը հիշեցրեց, որ նախաքննությունն այլ խնդիր ունի, դատաքննությունը՝ այլ, նկատեց նաեւ, որ դուրս են գալիս մեղադրանքի ծավալից եւ ասաց. «Այլ քրեական գործով տեղին է այս միջնորդությունը, բայց ոչ այս գործով», ակնարկելով այս գործով առանձնացված մասով դեռեւս շարունակվող նախաքննությունը:

Ամբաստանյալ Արման Բաղդասարյանի պաշտպան Միհրան Պողոսյանը դեմ էր բժիշկների հարցաքննությանը, քանի որ, ըստ նրա՝ բժիշկներին հարցաքննելով որեւէ ապացույց կամ փաստական հանգամանք չի կարելի հաստատված համարել: Նա նաեւ տարօրինակ համարեց մեղադրողի կողմից 3-ին հարցաքննելը միայն այն բանի համար, որ այդ ժամին հեռախոսային զրույց են ունեցել ամբաստանյալների հետ եւ հարցրեց, որ նույն ժամին հեռախոսով խոսել է նաեւ ոմն Սամվել Սիրեկանյան, սակայն չգիտես ինչ տրամաբանությամբ այս անձին չեն ուզում դատակոչել:

Ի վերջո, դատարանը, չնայած գտնելով, որ միջնորդությունը «ակնհայտ հիմնավորված չէ», սակայն որոշեց հավասար մրցակցային հնարավորություն տալ տուժողի ներկայացուցիչներին եւ դատարան հրավիրեց մատուցողներին, ովքեր դեպքի օրը եղել են «Հարսնաքար» ռեստորանային համալիրում, աշխատել են: Միեւնույն ժամանակ, մեղադրողի միջնորդած 3 վկաները եւս կհարցաքննվեն:

Նշենք, որ հերթական անգամ դատական նիստից բացակայում էին 4 տուժողները եւ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Վահե Գրիգորյանը:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց գալիք երեքշաբթի՝ հունիսի 4-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031