Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյան. «Իշխան Զաքարյանը գծից շեղվել է եւ ինքնագործունեություն արել»

Հուլիս 01,2013 21:01

«Սերժ Սարգսյանի եւ Վերահսկիչ պալատի նախագահի հարաբերությունները ոչ թե օրենքով են կարգավորվում, այլ անձնական հարթություն ունեն: Քանի որ օրենքով չի կարգավորվում, Սերժ Սարգսյանը կարող է այդպես նկատողություն անել, եւ միայն իրենք երկուսով գիտեն՝ ինչքանով էր այդ նկատողությունը տեղին կամ անտեղի»,- Aravot.am-ի հետ զրույցում նախագահի վերջին խորհրդակցության ժամանակ Իշխան Զաքարյանին ուղղված նկատողության մասին այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:

Նա վստահեցրեց, որ Իշխան Զաքարյանը Սերժ Սարգսյանի գծած գծից դուրս է եկել, դրա համար էլ արժանացել է նկատողության. «Երբ այդ բացահայտումները տեղի ունեցան, Վերահսկիչ պալատի նախագահն ասում էր, որ նախագահը տեղյակ է, կարծես թե իրեն վստահություն էր տալիս այդ ամենն ասելու: Բայց ինչպես երեւում է, երեւի թե գծից մի փոքր շեղվել է եւ մի փոքր ինքնագործունեություն իրականացրել, որի արդյունքում բավականին հետաքրքիր իրավիճակ է ստեղծել: Աջակցություն ստացավ ԱԺ նախագահի կողմից եւ կարծես թե  նաեւ դատախազությունը որեւէ գործառույթ  չիրականացրեց, եւ այդ ամենը որոշակի շիլաշփոթ ստեղծեց: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմա կարծես իշխանությունների ներսում պարզաբանման ժամանակահատված է սկսվել կամ տարբեր ներկայացուցիչների հզորացման կամ թուլացման պրոցես է սկսվել մի շարք պատճառներով, կարծում եմ, այդ ամենը բերեց նրան, որ որոշակի բացասական, խիստ գնահատականների արժանացավ ՎՊ նախագահը Սերժ Սարգսյանի կողմից»:

Ըստ Արմեն Մարտիրոսյանի, բարդ իրավիճակ է գլխավոր դատախազի եւ Հովիկ Աբրահամյանի համար եւ նրանք հնարավոր է զրկվեն իրենց պաշտոններից. «Ասվեց, որ կուսակցության ներսում մեծամասնության պահվածքը եւ ԱԺ-ի պահվածքը կքննարկենք: Այսինքն, եթե գոհ լիներ, հրապարակային իր գոհունակությունը կհայտներ»:

Արմեն Մարտիրոսյանի դիտարկմամբ՝ քանի որ գոհ չէ նախագահը, պետք է սպասենք դրա այսպես ասած երկրորդ սերիային. «Հիմա ով գերակա դիրք ունի, պարզ է, որ նա է որոշելու, թե հետագան ինչ պետք է լինի: Այսինքն՝ Սերժ Սարգսյանի որոշումից է կախված: Եթե սա շոու չէ, ուրեմն մենք կտեսնենք, որ աշնանը Վերահսկիչ պալատի նոր նախագահի թեկնածու կառաջադրվի, հնարավոր է նաեւ դատախազի: Եթե սա ընդամենը շոու է, բնական է, որ ոչ մեկն էլ չի փոխվի եւ աշնանը նույն անձինք նախագահի կողմից կառաջադրվեն: Կտեսնենք, շատ քիչ ժամանակ մնաց: Բայց այն, որ սա հասարակության հետ կապ չունեցող քննարկում էր՝ ակնհայտ է»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031