Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Սահակաշվիլին հասանելի դարձրել «Կագեբեի» արխիվները (լուսանկարներ)

Հուլիս 07,2013 14:32 Share

Երեկ Գյումրու ժուռնալիստների  «Ասպարեզ» ակումբի հյուրն էր  վրաց պատմաբան Դավիթ Ջիշկարիանին, որը խոսելով  Իոսիֆ Ստալինի մասին ու  որոշ արխիվային նյութեր ցուցադրելով, տեղեկացրեց,  որ Վրաստանում դեռ կա մի սերունդ, որը  սիրում է  Ստալինին: Վերջիններիս  հարազատները թեեւ ժամանակին դարձել էին ստալինյան ռեպրեսիաների  զոհը, սակայն նրանք համոզված էին, որ  Ստալինը անմեղ է ու ոչինչ չգիտեր:

Սակայն, ըստ  պատմաբանի,  կան բազմաթիվ փաստաթղթեր, որտեղ առկա է Ստալինի ստորագրությունը, իսկ դա արդեն իսկ վկայում է, որ նրա անմիջական գիտությամբ է տեղի ունեցել ամեն մի բռնարարք: Նա նաեւ տեղեկացրեց, որ Վրաստանում «Կագեբեի» արխիվները հասանել են ցանկացած մեկին: «Ես կարծում եմ, որ  Միխայիլ Սահակաշվիլին  հասանելի է դարձրել հատուկ նպատակով, որպեսզի ցույց տա, թե ինչ ահավոր էին   սովետական տարիները»,- ասաց պատմաբանը:

Նա նաեւ տեղեկացրեց, որ Ստալինի ծննդավայր Գորիում գտնվող Ստալինի թանգարանի գիդերը (թանգարանն, ի դեպ, վերանանվանել են ստալինիզմի թանգարան), հայտնվել են երկու քարի արանքում, վերջիններս չգիտեն ինչպես մեկնաբանեն նրա գործունեությունը. կան մարդիկ, որոնք Ստալինի համակիրներն են, կան նաեւ վերջինիս ատողներ: Իսկ որ ամենահետաքրքիրն է,  Վրաստանում հիմնվել է այսպես ասած Օկուպացիոն թանգարան, որտեղ ներառված են 1921-1991 թվականի պատմական-արխիվային նյութերը, այն տարիների, երբ Վրաստանը եղել է ԽՍՀՄ կազմում: Նման թանգարաններ կան նաեւ Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում:

Այն հարցին, թե ի՞նչ ազգություն է ունեցել Ստալինը, նա կիսահայ-կիսավրացի՞ է, վրաց պատմաբանը պարզապես խուսափեց այս մասին խոսելուց` ասելով, որ ինքը դա չի ուսումնասիրել: Իրականում այնպիսի տպավորություն ստեղծվեց, թե  վրացիները  չեն ուզում խոստովանել, որ բռնապետի երակներում նաեւ  վրացական արյուն է հոսում: Փոխարենը այդ հարցին պատասխանեց վրաց պատմաբանի զեկույցը  ունկնդրողներից մեկը` հայ պատմաբան Գագիկ Համբարյանը. «Կան տարբեր վարկածներ Ստալինի ազգության վերաբերյալ, օրինակ` որ նա իրոք վրացի է: Կան պատմաբաններ, որոնք պնդում են, որ նա ազգությամբ օս է, քանի որ նրա հարազատ Գորին մեծամասամբ բնակեցված է եղել հայերով եւ օսերով: Եվ  3-րդ վարկածը, ըստ որ Ստալինի հայրը հայ է:

Ըստ այդ վարկածի , Ստալինի մայրը`վրացուհի Կեկեն  եղել է Գորիի  ամենամեծ կաշվեմշակման գործարանի հայազգի տիրոջ տան սպասուհին,  հղիացել է նրանից, եւ որպեսզի այդ խայտառակ փաստը ջրի երես դուրս չգա, մեծահարուստ հայը  նրան ամուսնացրել է  իր գործարանի կոշկակար վարպետներից մեկի`Վիսարիոն Ջուղաշվիլիի հետ: Սա է պատճառը, որ Ստալինը մանուկ հասակում շատ դաժան ծեծի է ենթարկվել եւ հաշմանդամ դարձել. ձախ ձեռքը լիովին  չի գործել, իսկ ոտքից կաղ է դարձել: Մանուկ հասակում նա ենթարկվել է ծաղրուծանակի. նրան անվանել են պոռնիկի որդի: Մոսկվա տեղափոխվելուց հետո  եւ մինչ մոր մահը, Ստալինը  իր մորը  տեսել է մեկ անգամ, որը եկել էր Թբիլիսի երկաթգծի կայարան` իր որդուն դիմավորելու, սակայն որդու կողմից արժանացել է սաստիկ վիրավորանքների: Հենց սրանով են շատ պատմաբաններ բացատրում նրա հակահայկական կեցվածքն ու տրամադրվածությունը` նշելով, որ նա իրոք տեղյակ է եղել իր հայկական արմատների մասին: Բայց սա ընդամենը  վարկածներից մեկն է: Իսկ ինչ վերաբերում է Ստալին անվան ծագմանը, պետք է նշեմ, որ Իոսիֆ Վիսարիոնովիչը  Վրաստանում ապրելու տարիներին ունեցել է մականուն `Կոբա, որը նշանակում  է երկաթ: Երկաթը, թագմանելով ռուսերեն,  ստացել են сталь- Ստալին ազգանունը»:

 

PrevPhoto
NextPhoto

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031