Լրահոս
Օրվա լրահոսը

Վանո Սիրադեղյանի տիկինը՝ նրա բացակայության մասին․ «Այնքան դժվար, որ դժվար է ինձ համար խոսել այդ մասին»

Օգոստոս 07,2013 22:28

Nyut.am-ը զրուցել է Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի տնօրեն` Ռուզան Տոնոյանի (Վանո Սիրադեղյանի տիկինը) հետ:

 

– Ավելի քան 15 տարի ղեկավարում եք Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանը: Ի՞նչ տվեց Ձեզ այս աշխատանքը և ի՞նչ վերցրեց:

– Վերցրեց ժամանակս, հատկապես ընտանիքի հետ ավելի շատ լինելու, զբաղվելու առումով, իսկ տվեց` փորձ, հմտություն, գրադարանի ավանդույթներին հաղորդակից լինելու, ինչպես նաև երեխաների հետ աշխատելու մեծագույն հաճույք:

– Գրադարանի աշխատակազմում կանայք են, իսկ կանանց կոլեկտիվում հիմնականում առկա է բամբասանքը, ասեկոսեները: Ինչպիսի՞ ռազմավարություն եք մշակել այս ամենի դեմ:

– Աշխատավայրում ի սկզբանե չեմ հանդուրժել անձնական բնույթի խոսակցություններ, մեր կոլեկտիվում աշխատանքային և անձնական հարաբերությունների միջև խիստ սահմանագիծ է դրված: Պիտի ասեմ, որ բամբասանքին ինքս առհասարակ չեմ արձագանքում, ընդհանրապես այն «ականջներ չգտնելու» դեպքում հօդս է ցնդում:

– Ձեր անձի շուրջ շրջանառվող խոսակցությունների՞ն էլ համարժեք պատասխան չեք տալիս:

– Հավատացեք, որ իմ անձի շուրջ շրջանառվող խոսակցություններն ինձ նույնիսկ չեն էլ հասնում, քանի որ բոլորին հստակ հայտնի է իմ անտարբեր և «բացակա» վերաբերմունքն այդ խոսակցությունների նկատմամբ:

– Կա՞ն բաներ, որ Ձեզ կարող են շեղել կյանքի բնականոն ընթացքից:

– Ամեն տեսակի դավաճանություններն ինձ կարող են դեպրեսիվ վիճակի մեջ գցել, իսկ այդ վիճակից դուրս գալու համար ժամանակ է պահանջվում:

– Հաճա՞խ եք հույսներդ դնում ժամանակի վրա: Կյանքում կա՞ն հարցեր, խնդիրներ, որոնց լուծումները տեսնում եք միայն ժամանակի մեջ:

– Հույսս հաճախ եմ դնում ժամանակի վրա, դրանք հիմնականում վերաբերում են իմ կյանքում դժվար լուծելի հարցերին, սակայն պիտի խոստովանեմ, որ ժամանակը միշտ չէ ի զորու հարցեր լուծելու, և շատ ու շատ խնդիրներ մնում են չլուծված և անպատասխան: Սա համարում եմ իմ բնավորության բացասական գիծը:

– Ունե՞ք բնավորության գծեր, որոնք համարում եք Ձեր առավելությունը:

– Առավելություն եմ համարում աչալրջությունը, բարդ և թեժ իրավիճակներում խուճապի չմատնվելու, հանդարտությունս չկորցնելու, սառը դատելու կարողությունս:

– Ի՞նչ է սերը Ձեզ համար:

– Սերն անբացատրելի զգացմունք է, որն ընկալում ես միայն բջիջներով:

– Այսօր գրական շրջանակներում հաճախ են խոսում այն մասին, որ Վանո Սիրադեղյանի գործերը մոռացության են մատնվել, և որպես գրական արժեք ներկայացնող ստեղծագործություններ վերահրատարակելու անհրաժեշտություն կա: Որևէ քայլ այդ ուղղությամբ ձեռնարկվո՞ւմ է:

– Այս պահին երկու թարգմանիչների նախաձեռնությամբ հայերենից ռուսերեն թարգմանվում են Վանո Սիրադեղյանի ժողովածուները և առաջիկայում «Նաիրի» հրատարակչության կողմից կվերահրատարակվեն:

– Որպես բանասեր և ընթերցող` ի՞նչ գնահատական կտաք նրա ստեղծագործություններին:

– Գնահատականս առավել քան գնահատական է, որովհետև Վանո Սիրադեղյանին սիրահարվել եմ դեռևս նրա գործերն ընթերցելիս:

– Նրա ստեղծագործություններում հատկապես ի՞նչն է Ձեզ գրավել:

– Ոճը, լեզվամտածողությունը, մարդու հոգեվիճակի նրբին, դիպուկ, լակոնիկ նկարագրությունը:

544885_439337376101806_1423

– Ինչպե՞ս պատահեց, որ ընթերցողի կարգավիճակից հայտնվեցիք նրա կնոջ դերում:

– Այստեղ մեծ դեր ունեն իմ մղումները դեպի նա և ճակատագիրը:

– Ասում են` Վանո Սիրադեղյանը ծաղիկներ նվիրելու անզուգական վարպետ էր, հաճա՞խ էր Ձեզ «երես տալիս»:

– Այո, նրա սիրած ծաղիկները վարդերն են, և նա հաճախ էր գեղեցիկ փնջեր նվիրում ինձ:

– Իսկ նվերնե՞ր:

– Առհասարակ, նա իր տեսակով շռայլ անձնավորություն է, ունի շռայլ հոգի, նվերներ և անակնկալներ մատուցելու վարպետ է:

– Նրա կողմից անակնկալ մատուցելու կոնկրետ օրինակներ հիշո՞ւմ եք:

– Լինելով անչափ հետաքրքիր անձնավորություն` անակնկալներ միշտ էլ անում էր, սակայն ես դրանք այն ժամանակ այնքան էլ չէի գնահատում: Նրա ամեն ինչն է անակնկալ` ապրելը, շփվելը:

– Ինչո՞վ է տարբերվում մյուսներից:

– Եվ գրականության մեջ, և կյանքում առանձնանում է իր հզոր էներգետիկայով:

– Դուք երբևէ փորձե՞լ եք նրա «իմպրովիզներին» պատասխանել նույն կերպ:

– (Ծիծաղում է): Ոչ: Նա տաղանդավոր մարդ է, և այդ ամենը նրա կենսաձևն է, և համարժեք պատասխանելու համար պետք է լինել նույնքան տաղանդավոր: Ասածս հաստատող օրինակ բերեմ. Խաչատուրին փոքր ժամանակ նա քնեցնում էր հեքիաթ պատմելով: Տեղում այնպիսի հեքիաթներ էր հորինում, որ երեխայի հետ ինքս էլ հափշտակված լսում էի: Իսկ նրա բացակայության դեպքում երեխան անընդհատ լացում էր և հայրիկի հեքիաթներից պահանջում` մնացած հեքիաթները համարելով սխալ և անհետաքրքիր:

Այդ հեքիաթները չձայնագրելով, կարծում եմ, մեծագույն սխալ եմ թույլ տվել, դրանք գրական արժեք ներկայացնող գործեր էին:

– Հայտնի է, որ ամուսինները, միմյանց հետ ապրելով, նմանվում են: Դուք նմանություն զգո՞ւմ եք:

– Տեսակներով մենք միմյանց նման ենք, տարիներն էլ իրենց գործն են արել: Շատ նման ենք չափի զգացողության առումով` երկուսիս մոտ էլ դա շատ է կարևորվում:

– Ինչպե՞ս էիք անցկացնում համատեղ հանգիստը, արձակուրդը:

– Վանոն ակտիվ հանգստի սիրահար է, և մենք հանգստանում էինք բացառապես այս «ձևաչափում»: Կարևորն այն է, որ այդ ամենը հետաքրքիր էր, բովանդակալից և չափի մեջ:

– Իսկ ի՞նչ ընտանեկան ավանդույթներ կան նրա կողմից ներդրված:

– Ամեն աշուն մեր այգում կազմակերպում էր բերքի տոն: Անակնկալ ձևով հավաքում էր 20-30 տարբեր տարիքի երեխա, զինում ռետինե ճտքակոշիկներով, դույլերով, և մեր այգում սկսվում էր իսկական խաղողի բերքահավաք, հետո այդ նույն երեխաները ոտքերով ճզմում էին խաղողը, որը պիտի գինի դառնար: Հիմա այդ երեխաները մեծ մարդիկ են և սիրով ու կարոտով են հիշում ավանդական դարձած բերքահավաքները:

– Ի՞նչ է ժառանգել Ձեր որդին հորից:

– Արտաքին նմանություն, քայլվածք, շարժուձև, զգայուն հոգի, սակայն չի ժառանգել հոր պոետիկ խառնվածքը: Մեր որդին ավելի կոնկրետ է, չափված-ձևված և ամեն հարցում իր համար խիստ սահմաններով: Խաչատուրն ուզում է փաստաբան դառնալ. ոչ մի կերպ չի կարողանում հանդուրժել անարդարությունը և մարդու իրավունքների ոտնահարումը:

– Որպես տարբեր սերունդների ներկայացուցիչներ` հայր ու որդի միմյանց կես խոսքից կարողանո՞ւմ են հասկանալ:

– Դժվար է ասել… տարիներ առաջ դա այդպես էր:

– Ձեր ձեռքերով պատրաստվող ուտեստ, որը նախընտրում է Վանո Սիրադեղյանը:

– Այն տարիներին խոհանոցում այնքան էլ հմուտ չէի, ինչպես այժմ, սակայն և ամուսինս, և որդիս նախընտրում են մսային և ձկնային ուտեստներ, ճաշատեսակներ:

– Որպես կին ի՞նչ տվեց Ձեզ Վանո Սիրադեղյանի հետ հանդիպումը և համատեղ ընտանեկան կյանքը:

– Ամենակարևորը` մեր որդուն: Մեր ընտանեկան կյանքն այնքան խտացած, բուռն ու վառ էր, որ կարող է բավականացնել մի քանի կյանքի համար:

– Դժվա՞ր է հիմա առանց նրա:

– Այնքան դժվար, որ դժվար է ինձ համար խոսել այդ մասին:

– Ստեղծված իրավիճակում ի՞նչ եք ակնկալում:

– (Ժպտում է): Դրսում գեղեցիկ, գունառատ աշուն է: Կյանքը շարունակվում է, և ամեն օրն իր հետ բերում է նոր հույսեր ու սպասումներ:

 

Հեղինակ` ԱԼԼԱ ՍԵՐՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Համլետ says:

    Վանոն վառ անհատականություն է…
    Նրա այդ հզոր ներկայությունը չէին կարող հանդուրժել գորշ,անդեմ,խղճուկ,քենախնդիր,նենգահոգի,թզաչափ, “կռտված” ու կիսագրագետ միջակություններ՝ սիամական երկվորյակներն՝ ի ծնե…

  2. grrr says:

    Վանոն ոչ միայն վառ անհատականություն է, այլ նաև կարկառուն հանցագործ, որին ուղղված են ամենաստոր հայհոյանքները:
    Ինչ եք գրականության շղարշով պարուրում մարդկանց, մենք շատ լավ էլ հիշում ենք դրան

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031