Լրահոս
Օրվա լրահոսը

Ամբաստանյալը դատի է տվել Վարդան եւ Կոլյա Ղուկասյանների գրասենյակին, Aravot.am-ին, այլ լրատվամիջոցների

Սեպտեմբեր 09,2013 16:41 Share

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից այսօր տեղեկացանք, որ վարույթ է ընդունվել Հարություն Սարգսյանի հայցն ընդդեմ Վարդան եւ Կոլյա Ղուկասյանների գրասենյակի, «Առավոտ» ՍՊ ընկերության՝ Aravot.am-ի, «Panorama. am» ՍՊԸ-ի, Անժելա Թովմասյանի:

Դատական անդրանիկ նիստը նշանակվել է նոյեմբերի 12-ին, ժ.14.30-ին, դատավոր Հ.Ղազարյանի նախագահությամբ:

Ամբաստանյալը տեղեկացրել է, որ Aravot.am-ը 10.07.2013 թ. «Վարդան Ղուկասյանի գրասենյակի հայտարարությունը» վերնագրով «հոդվածում» գրել է. «Յուրաքանչյուր ողջախոհ մարդ հասկանում է, որ հանցագործի մոր նպատակն է՝ զրպարտությամբ եւ հերյուրանքներով, իրավիճակը միտումնավոր շիկացնելով եւ դատարանի դահլիճում բախումներ հրահրելով, շեղել դատական պրոցեսի ընթացքը», «Այդ մորից կարող էր ծնվել միայն այդպիսի սառնասիրտ հանցագործ, «Համոզված ենք, որ արդարադատության գերակայության պայմաններում նրան չի հաջողվի որդու արյունոտ ձեռքերը մաքրել ուրիշների անունը կեղտոտելու գնով»:

Հայցվորը տեղեկացրել է, որ այդ հայտարարությունը տպագրել են նաեւ Panorama.am-ը, Aysor.am-ը, Hayeli.am-ը:

Ի դեպ, նրանք ինչպես, եւ մեր լրատվամիջոցը, պատասխանողներ են, բացի Aysor.am-ից:

Կարեն Եսայանի սպանության մեջ մեղադրվողը՝ հայցվորը գտել էր, որ լրատվամիջոցները խախտել են իր անմեղության կանխավարկածը, վիրավորել են իր պատիվն ու արժանապատվությունը. «Անմեղության կանխավարկածը ՀՀ սահմանադրությամբ սահմանված հիմնարար իրավունք է, հետեւաբար, ՀՀ իրավասության տակ գտնվող բոլոր անձինք ու կազմակերպությունները պարտավոր են պարզապես հարգել այս իրավունքը՝ անկախ որեւէ հանգամանքից»:

Հայցվորը հղում է արել Սահմանադրության 21-րդ հոդվածին, համաձայն որի, հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ օրինական ուժի մեջ մտած դատարանի վճռով:

Հայցվորը պահանջում է, որպեսզի Ղուկասյանները հրապարակայնորեն ներողություն խնդրեն, ներողության ամբողջական տեքստը հրապարակելով լրատվամիջոցների կայքէջերում:

Դատարանի սեպտեմբերի 2-ի որոշումը՝ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին, ստացել ենք այսօր:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30