Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուզան Մուրադյան. «Ի՞նչ է նշանակում «ակնհայտ հղի»

Սեպտեմբեր 09,2013 22:38

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր ԱԺ-ում քննարկվում էր «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որով նախատեսվում են որոշակի խստացումներ սեռական բնույթի հանցագործությունների համար նախատեսված պատիժներում:

Մասնավորապես, որոշ հանցատեսակների համար ավելացվել էին «ծանրացուցիչ հանգամանքները», որոշ հանցատեսակների համար նոր «ծանրացուցիչ հանգամանքներ» էին ներմուծվել, ինչպես նաեւ այդ բնույթի հանցագործությունների համար նախատեսված «վաղեմության ժամկետը» նախատեսվում է հաշվել զոհի չափահաս դառնալուց հետո:

Օրինագծում սեռական բնույթի տարբեր հանցագործությունների դեպքում որպես ծանրացուցիչ հանգամանք նշված էր «ակնհայտ հղի կնոջ» կամ «ակնհայտ 16 տարեկանի» հանդեպ կատարվածը:

Նկատենք, որ այս արտահայտությունները կան նաեւ արդեն իսկ գործող օրենքի այլ կետերում: ԱԺ պատգամավոր Ռուզան Մուրադյանը օրինագծի հեղինակից խնդրեց հստակեցնել, թե ի՞նչ է նշանակում «ակնհայտ հղի» կամ «ակնհայտ 16 տարին չլրացած»:

Պարոն Հարությունյանը բացատրեց, որ երբեմն լինում են տասնվեց տարեկան աղջիկներ, որոնք արտաքնապես նման են 19-20 տարեկանի՝ «գաղտնիք չէ, որ այդ տարիքում աղջիկները, հատկապես արագ են հասունանում», իսկ օրենքում նշելով «ակնհայտ 16 տարին չլրացած»՝ շեշտը դնում են նրա վրա, որ արտաքնապես ակնհայտ է, որ խոսքը մանկահասակ երեխայի մասին է, եւ ոչ ոքի մտքով չի անցնի, թե նա չափահաս է: «Ակնհայտ հղիին» էլ անդրադարձավ պարոն Հարությունյանը, նշելով, որ խոսքը ոչ թե մեկ-երկու շաբաթական հղիություն ունեցողի մասին է, այլ ակնհայտորեն եւ տեսանելիորեն հղի կնոջ:

Պատգամավոր Հայկ Բաբուխանյանին էլ հետաքրքրում էր, թե ինչու է էլեկտրոնային ցանցերի՝ բջջայինի եւ ինտերնետի օգնությամբ անառակաբարո ինտելեկտուալ հանցագործություն կատարելը համարվում ծանրացուցիչ հանգամանք, իսկ ասենք տպագիր պոռնոգրաֆիկ նյութերի բաժանումը կամ կինոցուցադրումները՝ ոչ: Նա նաեւ հիշեցրեց վերջերս մեծ աղմուկ հանած դեպքը, երբ, ըստ որոշ մեկնաբանությունների, ճամբարում երեխաներին սեռական դաստիրակության անվան տակ պոռնոգրաֆիկ ֆիլմ էին ցուցադրել:

Դավիթ Հարությունյանը նախ նկատեց, որ իրականում, իհարկե, դժվար է տարբերակել ինտելեկտուալ հանցագործությունը սեռական դաստիարակությունից, սակայն վստահեցրեց, որ սեռական դաստիարակությունը սեռական հանցագործությունների դեմն առնելու կանխարգելիչ ամենակարեւոր գործողություններից մեկն է. «Երեխաները պետք է կրթվեն, որպեսզի կարողանան գիտակցել տեղի ունեցողը, կարողան հասկանալ ինչ է կատարվում իրենց հետ»:

Պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն էլ, ներկայացնելով իր դիտարկումներն օրինագծի շուրջ եւ անդրադառնալով մինչ այդ պատգամավորներ Կորյուն Առաքելյանի եւ Հերմինե Նաղդալյանի կողմից հնչեցրած առաջարկություններին՝ սեռական հանցագործությունների համար պատժաչափը մեծացնելուն, նկատեց, որ

«խստացնելը ամենահեշտ բանն է, բայց կանխման կորելացիոն գիծը, եթե նայենք, երբեք խիստ պատիժները սպանությունների թվի նվազման չեն հանգեցրել՝ սպանությունների համար որքան էլ խստացվում է պատիժը, միեւնույն է, սպանությունները չեն վերանում»:

Նա նաեւ պնդում էր, որ օրենքի նախագծում տեղ գտած այն դրույթը, ըստ որի անչափահասի հանդեպ սեռական բնույթի գործողություն կատարելու դեպքում որպես ծանրացուցիչ հանգամանք է դիտվում կատարողի 21 տարին լրացած լինելը, չի մտնում որեւէ տրամաբանության մեջ, քանի որ այդ տարիքը որեւէ այլ հանցատեսակի համար երբեւէ նշված չէ որպես ծանրացուցիչ հանգամանք, եւ եթե նշվի այս կետի համար, ապա պետք է նշվի նաեւ մյուս բոլոր կետերի համար:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30