Լրահոս
Օրվա լրահոսը

Անչափահասների հանդեպ սեռական ոտնձգություններ կատարողների հանդեպ պատիժները կխստացվեն

Սեպտեմբեր 09,2013 21:16

Այսօր ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը, ԱԺ քննարկմանը ներկայացնելով իր եւ Նաիրա Զոհրաբյանի հեղինակած «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, ասաց, որ այս փոփոխություններն առաջին հերթին պայմանավորված են վերջին տարիներին սեռական բնույթի հանցագործությունների թվի կտրուկ աճով: Մասնավորապես, պարոն Հարությունյանի տվյալներով՝ այս տարվա ութ ամիսների կտրվածքով ՀՀ-ում գրանցվել է նման հանցագործությունների 59 դեպք, ինչը գրեթե կիսով չափ ավելի է նախորդ տարվա համեմատ:

Օրինագծով նախատեսվում է, մասնավորապես, սեռական բնույթի հանցագործությունների վաղեմության ժամկետի հաշվարկը սկսել զոհի չափահաս դառնալու պահից: Դա բացատրվում է նրանով, որ եթե անչափահասի հանդեպ իրականացրել են սեռական բռնի գործունեություն կամ այլ սեռական բնույթի հանցագործություն, նա, հավանական է, որ դա կգիտակցի կամ կարող է բռնացողի հանդեպ պատիժ պահանջել չափահաս դառնալուց հետո:

ՀՀ քրեական օրենսգրքի փոփոխությամբ նախատեսվում է նաեւ բռնաբարության համար որպես ծանրացուցիչ հանգամանք դիտվող դեպքերին ավելացնել նաեւ ակնհայտ հղի կնոջ նկատմամբ, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկայի գործադրմամբ կամ դա գործադրելու սպառնալիքով, ուղղիչ հիմնարկում պատիժը կրող անձի նկատմամբ, կալանավորվածներին պահելու վայրում կամ ձերբակալվածներին պահելու վայրում պահվող անձի նկատմամբ, կարգապահական գումարտակում պահվող անձի նկատմամբ, զորամասում զինծառայողի նկատմամբ, բուժհաստատությունում բուժվող կամ հետազոտվող անձի նկատմամբ համապատասխան հաստատության աշխատակցի կողմից, անձի առեւանգմամբ զուգորդված կամ անձին ազատությունից ապօրինի զրկելով կատարված դեպքերը:

Բացի այդ, եւս մի խստացում է նախատեսվում, եթե այդ հանցագործությունը կատարվել է տասնութ տարին չլրացած անձի նկատմամբ ծնողի կամ մանկավարժի կամ ուսումնական կամ բուժական կամ դաստիարակչական հաստատության աշխատակցի կամ այլ անձի կողմից, ում վրա դրված է նրա դաստիարակության կամ խնամքի պարտականություն, ինչպես նաեւ, եթե այդ գործողությունը կատարվել է տասնչորս տարին չլրացած անձի նկատմամբ:

Ի դեպ, օրինագծով նախատեսվում է այդ պարագայում ոչ միայն 8-15 տարի ժամկետով ազատազրկում, այլեւ՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երեք տարի ժամկետով կամ առանց դրա:

Այս կապակցությամբ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը առաջարկեց, ասենք, սեռական բնույթի հանցագործություն կատարած ուսուցչին կամ բուժաշխատողին ոչ թե երեք տարով զրկել այդ գործունեությամբ զբաղվելու իրավունքից, այլ՝ ընդմիշտ:

Օրինագծով առաջարկվում է նոր կետ մտցնել վերոհիշյալ՝ 138-րդ հոդվածում, որով կբացատրվի, թե ինչ է նշականում «անօգնական վիճակում գտնվող անձ», այն է՝  «Սույն օրենսգրքի 138-րդ եւ 139-րդ հոդվածների իմաստով անօգնական վիճակում գտնվող է համարվում այն անձը, ով որոշակի հանգամանքների ուժով մշտապես կամ ժամանակավորապես զրկված է եղել հանցավորին դիմադրություն ցույց տալու կամ իր նկատմամբ կատարվող արարքի բնույթը գիտակցելու կամ հասկանալու հնարավորությունից, ինչպես նաեւ 12 տարին չլրացած անձը»:

Դավիթ Հարությունյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ որպես նոր, ծանրացուցիչ հանցակազմ է գնահատվում անառակաբարո գործողությունները՝ ինչպես ֆիզիկական, այնպես էլ ինտելեկտուալ, էլեկտրոնային հաղորդակցության ցանցի՝ ինտերնետի եւ բջջայինի հեռախոսի օգնությամբ կատարելը: Պարոն Հարությունյանը դա բացատրեց նրանով, որ ծնողի պարտականությունն է հետեւել երեխային, պաշպանել նրան, սակայն եթե այլ պարագաներում ծնողը կարող է վերահսկել երեխային, ապա համացանցի եւ բջջային դեպքում՝ գրեթե անհնար է, հետեւաբար, ծնողի ուշադրությունից դուրս մնացած երեխայի անօգնական վիճակից օգտվելը դիտվում է ծանրացուցիչ հանգամանք:

 

Մելանյա Բարսեղյան 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30