Արմեն Աշոտյանն առաջարկել է, որպեսզի անբավարար գնահատական ստացած ուսանողներին երրորդ անգամ վերահանձնելու իրավունք տրվի։ ԿԳ նախարարության բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ Ռոբերտ Սուքիասյանը մեր զրույցում մանրամասնեց նախարարի գրության էությունը։
Ըստ այդմ, քննությունները մի լրացուցիչ անգամ վերահանձնելու թույլտվություն՝ ուսանողները կունենան մեկ առարկայի դեպքում միայն։ Իսկ պետպատվերով սովորող եւ տարկետման իրավունք ստացած ուսանողների վրա այս որոշումը չի տարածվի։ Ասել է թե՝ եթե նրանք ակադեմիական պարտք ունեն, երրորդ անգամ չեն կարող վերահանձնել քննությունը, եւ տղաները կզորակոչվեն բանակ։ «Այսինքն՝ նրանք ենթակա են հեռացման եւ բարձրագույն ուսումնական հաստատությունը եռօրյա ժամկետում տեղեկացնում է համապատասխան զինվորական կոմիսարիատին, որ տվյալ ուսանողը զրկվել է կրթության մասով տարկետման իրավունքից»,- ասաց Բարձրագույն կրթության վարչության պետը։
Նրանից հետաքրքրվեցինք, թե ո՞րն է այս խտրական մոտեցման պատճառը, երբ ուսանողների մի մասին լրացուցիչ հնարավորություններ են տրվում, մյուս մասին՝ ոչ։ «Մենք գործ ունենք կրթական իրավունքի, կրթության շարունակականության հետ։ Նախարարի գրության համար հիմք է ընդունվել մամուլում հրապարակված ուսանողների դիմումները, որպեսզի նրանց եւս մեկ հնարավորություն տրվի քննությունը վերահանձնելու։ Իսկ այն ուսանողները, ովքեր ընդունվել են անվճար, այսինքն՝ տարկետման իրավունք են վաստակել, հետեւաբար կընդհատեն ուսումը, կգնան կծառայեն, կվերադառնան եւ այդ նույն պայմանները նաեւ իրենց վրա կտարածվի։ Խտրական մոտեցում ես կարծում եմ այդտեղ չկա»,- ասաց Ռոբերտ Սուքիասյանը։
Այսպիսով` ստացվում է, որ մի կողմից ուսանողներին բուհից հեռացնելու գործընթացը հնարավորինս հետաձգելու քաղաքականություն է վարվում, որպեսզի այդ ուսանողները նաեւ ավելի երկար ուսման վարձ վճարելու պատճառ ունենան, մյուս կողմից էլ փորձ է արվում դրան հասնել ոչ բանակի հաշվին։ Որոշ բուհերում, ի դեպ, ակադեմիական պարտքերի պատճառով ուսանողներին հեռացնելու հրամանը տրվել է ավելի վաղ, քան կստանային նախարարի գրությունը։
Կարդացեք նաև
Աննա ԶԱԽԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում


















































