Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե չլինի Պոլիտեխնիկը՝ չի լինի նաև Հայաստանի արդյունաբերությունը»

Հոկտեմբեր 10,2013 15:30

«Նոյյան Տապան» լրատվական վերլուծական կենտրոնի մամուլի սրահում այսօր տեղի ունեցավ ՀՊՃՀ-ում երկարատև աշխատող դասախոսներ՝ Էդուարդ Մանուկյանի և Ազատ Միրզոյանի ասուլիսը: Դասախոսներին մտահոգում է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանում տիրող իրավիճակը, դասախոսական կազմը պահանջում է ՀՊՃՀ-ի ռեկտոր Արա Ավետիսյանի հրաժարականը՝ կապված վերջինիս կողմից կատարվող մեծ թվով կրճատումների հետ:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով ՀՊՃՀ-ում տիրող իրավիճակը, նույն համալսարանի դասախոս, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանն ասաց. « Պոլիտեխնիկում վախի մթնոլորտ է տիրում: Ստալինյան ռեժիմ է հիշեցնում: Բոլոր աշխատողները` դասախոսներից սկսած մինչև հավաքարարները, վախենում են, որ կազատվեն աշխատանքից: Ռեկտոր դառնալուց հետո (իսկ Արա Ավետիսյանն արդեն երկու տարի է, ինչ ղեկավարում է մեր բուհը) նա հեռացրել է 150 աշխատողների, պարբերաբար կրճատումներ է անում: Ես ինքս էլ եմ վախենում, որ կհեռացվեմ, հարցը գումարը չէ, ես ապահովված եմ, բայց ես չեմ կարող ապրել առանց իմ այս աշխատանքի, ես ձեզ ավելին ասեմ` կրճատումների պատճառով մահացու դեպքեր են եղել: Կրճատվել են նաև աշխատավարձերը: Յուրաքանչյուր դասախոս ունի աշխատավարձի 25-30 % կորուստ»:

Ֆիզիկայի ամբիոնի դոցենտ Ազատ Միրզոյանն էլ ասաց, որ իր աշխատավարձը 30 հազար դրամով կրճատվել է, մինչդեռ դասաժամերը չեն կրճատվել. «Մենք աշխատում ենք նույն ծանրաբեռնվածությամբ, բայց այժմ աշխատավարձը հաշվում են նոր համակարգով, որի արդյունքում այն կրճատվել է»,- տեղեկացրեց դասախոսը:

Նա նաև ասաց, որ ՀՊՃՀ-ն այս տարի բարձրացրել է ուսման վարձավճարները, և տրամաբանական կլիներ, եթե բարձրացվեին նաև իրենց աշխատավարձերը, մինչդեռ հակառակ գործընթացն է տեղի ունենում:

Է. Մանուկյանը հայտնեց, որ հոկտեմբերի 4-ին ՀՊՃՀ-ի աշխատակազմը ստորագրահավաք է կազմակերպել ռեկտորի դեմ՝ բողոքելով նրա կողմից իրականացվող կրճատումներից: Արդեն մոտ 200 հոգի ստորագրել է: Նա նաև համոզվածություն հայտնեց, որ աշխատավարձի կրճատման հետևանքով շատ դասախոսներ ինքնակամ կհեռանան բուհից: Մինչդեռ, նրա խոսքերով, եթե չլինի Պոլիտեխնիկը, չի լինի նաև Հայաստանի արդյունաբերությունը:

Դասախոսները նշեցին, որ իրենք ներկայացնում են մեծ թվով դասախոսների պահանջը: Ա. Միրզոյանը մասնավորապես ասաց. «Մենք պահանջում ենք, որ մեր ռեկտորը վերականգնի աշխատավարձի հաշվառման նախկին եղանակը, հետո, երբ կկարողանա հիմնավորելով ապացուցել մեզ, որ այս եղանակն ավելի նպատակահարմար է, այն ժամանակ էլ թող անցնի դրան»:

Խոսելով իրենց հետագա անելիքների մասին` Է. Մանուկյանն ասաց. «Այսօր համալսարանում արհմիության նիստ է լինելու: Մենք այնտեղ կներկայացնենք մեր պահանջները՝ վերականգնել կրճատված դասախոսներին և նրանց աշխատավարձերը, շտապ կազմակերպել խորհրդատվական բյուրո, այլապես զանգվածային գործադուլ կսկսենք»:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031