Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աբրահամը հանդիպել է մրցակցի հետ

Հոկտեմբեր 23,2013 20:28

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոն, Գերմանիայի դրոշի ներքո հանդես եկող ազգությամբ հայ Արթուր Աբրահամը (37-4, 28) ռինգ է վերադառնալու հոկտեմբերի 26-ին: Մենամարտը նախանշված է Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքի “EWE” մարզապալատում: Մրցակիցը իտալացի 29-ամյա Ջիովանի Դե Կարոլիսն (20-4, 10) է:
Այսօր` հոկտեմբերի 23-ին, Գերմանիայի Օլդենբուրգ քաղաքում կայացած մամլո ասուլիսի ժամանակ Արթուր Աբրահամը հայտարարել է, որ գալիք մենամարտում ինքն ամեն ինչ կանի հաղթելու համար. “Որևէ մենամարտ հեշտ զբոսանք չէ: Ես չեմ թերագնահատում Կարոլիսին, սակայն ես եմ հաղթելու”,- նշել է Արթուր Աբրահամը:
Տեղեկացնենք, որ Աբրահամ- Դե Կարոլիս մրցելույթը կցուցադրվի գերմանական ARD հեռուստաալիքով, նաեւ Հայաստանի հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում:
Հիշեցնենք, որ Արթուր Աբրահամը WBO վարկածով սուպերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոնի հավակնորդն է: Աշխարհի չեմպիոնի գոտու համար Ռոբերտ Շտիգլիցի հետ մենամարտն անցկացվելու է 2014 թվականին։

Արթուր Աբրահամը (Ավետիք Աբրահամյան) ծնվել է 1980 թվականի փետրվարի 20-ին, Երեւանում: Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում բնակվում է 2004 թվականից: ՀՀ քաղաքացի լինելուց բացի` 2005 թվականից ունի նաեւ Գերմանիայի քաղաքացիություն: Իր մարզական կարիերայի ընթացքում ունեցել է 41 մենամարտ, որոնցից 37-ում հաղթել է` համաշխարհային դասակարգման աղյուսակներում գրավելով առաջատար հորիզոնականներ: 5 տարի (2006, 2007, 2008, 2009, 2012) Աբրահամը ճանաչվել է Գերմանիայի լավագույն բռնցքամարտիկ:

Հայոց բանակում ծառայած պրոֆեսիոնալ բռնցքամարտիկը Հայաստանի զինված ուժերի “Անդրանիկ Օզանյան” շքանշանակիր է (2007թ. հունիսի 1-ից): 2011 թվականի սեպտեմբերի 16-ին` ՀՀ անկախության 20 ամյակի միջոցառումների շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգեւատրվել է 1-ին աստիճանի մեդալով “Հայրենիքին մատուցած ծառայությունների համար” (Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, միջազգային մրցասպարեզներում ունեցած մեծ հաջողությունների, ձեռք բերած մարզական փայլուն նվաճումների համար): 2013 թվականի հունվարի 9-ին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը Արթուր Աբրահամին պարգեւատրել Սփյուռքի նախարարության “Պողոս Նուբար” մեդալով:

Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031