Կապանի տարածաշրջանի Ճակատեն գյուղում դեկտեմբերի 8-ին կանցկացվեն ՏԻՄ հերթական ընտրություններ: Համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամների առաջադրումներն արդեն ավարտվել են: Ճակատենի գյուղապետի պաշտոնի համար կպայքարի 2 թեկնածու՝ գործող գյուղապետ, ՀՀԿ անդամ Արծրունի Հարությունյանը եւ գյուղի բնակիչ, անկուսակցական Անդրյուշա Դավթյանը: Որպես ավագանու անդամ՝ առաջադրվել է 6 թեկնածու, որոնց մեջ կան նաեւ երիտասարդ անդամներ: Ինչպես տեղեկացանք Սյունիքի թիվ 38 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովից՝ առաջադրված բոլոր թեկնածուներն անկուսակցական են, նրանցից 4-ն էլ չի աշխատում: Թեկնածուների գրանցման վերջնաժամկետը նոյեմբերի 13-ն է, իսկ դեկտեմբերի 8-ին արդեն կկայանան ընտրությունները: Մոտ 160 բնակչություն ունեցող գյուղում թե ինչպիսի՞ ընտրություն կկատարեն բնակիչները, կշարունակի՞ համայնքը նորից ղեկավարել հանրապետական գյուղապետը, թե՞ գյուղը կունենա նոր գյուղապետ, պարզ կդառնա ընտրությունների ավարտից հետո միայն: Ճակատենի գործող գյուղապետն ավելի վաղ մեզ հետ ունեցած զրույցում իր ընտրվելու շանսը մոտ 50 տոկոս է գնահատել, իսկ ընտրվելու դեպքում խոստացել է շարունակել իր գործը եւ հասնել իր առջեւ դրված բոլոր նպատակներին, որոնք ուղղված կլինեն ի նպաստ գյուղի զարգացման:
Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ


















































