«Դուք լուրջ դեմքով ասում եք՝ անկախ մարմին եք, մենք էլ լուրջ դեմքով ձևացնում ենք, թե հավատում ենք: Սա ընդամենը բեմականություն է: Կոմսոմոլից սկսած դուք միշտ եղել եք նոմենկլատուրա: Չեմ էլ կասկածում, որ եթե Շանթ Հարությունյանը գա իշխանության, դուք ցեղակրոնության ամբիոնի վարիչ կարող եք դառնալ»,- այսօր խորհրդարանում ՎՊ նախագահի պաշտոնում Իշխան Զաքարյանին նշանակելու հարցի քննարկումների ժամանակ, դիմելով Իշխան Զաքարյանին, հեգնեց Ալեքսանդր Արզումայանը: Այդպիսով, Արզումանյանը հիմնավորում էր, թե ինչո՞ւ է «դեմ» քվեարկելու Զաքարյանի թեկնածությանը:
Նա հիշեցրեց, որ բոլոր պետական մարմիններն են հայտարարում, թե անկախ են, իսկ Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահը բոլորովին վերջերս ասում էր, որ Հայաստանում շաքարավազի մենաշնորհ չկա, քանի որ «Կոկա-կոլան» իր արտադրանքի համար շաքարավազ է բերել Հայաստան: «Դա նույնն ա, որ ասես քաղաքացի Կիրակոսը շաքարաքլոր ա բերել Ֆրանսիայից ու վերացրել մենաշնորհը»,- շարունակեց հեգնել Ալ. Արզումանյանը: Պատգամավորը նշեց, որ Իշխան Զաքարյանի գործունեությունը նման է նրան, որ ասեն, թե քրեակատարողական հիմնարկի «սմենի պետը» հսկում է քրեակատարողական հիմնարկի ներքին խնդիրները: Ըստ Արզումանյանի, Իշխան Զաքարյանն այս մեծ քրեակատարողական հիմնարկի պետն է, չի կարող անկախ գործել. «Սա նշանակում է կոչվում, իսկ անկախ մարմինների ղեկավարներին չեն նշանակում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































