Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՀԿ-ն վստահում է ՎՊ-ին եւ Իշխան Զաքարյանին

Նոյեմբեր 11,2013 17:51

Չկա մի պատգամավոր, որ կասկածի տակ դնի ամիսներ առաջ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի կողմից ներկայացրած պետբյուջեի չարաշահումների մասին փաստերը։ Այսօր խորհրդարանում, խոսելով ԲՀԿ խմբակցության անունից, հայտարարեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը`Իշխան Զաքարյանին ՎՊ նախագահ նշանակելու հարցի քննարկման ժամանակ։ Բայց այն, որ կառավարությունը պետք է ոչ ադեկվատ արձագանքեր ՎՊ նախագահի հայտարարություններին, տիկին Զոհրաբյանը նաեւ բնական է համարում, քանի որ, ըստ նրա, եթե ադեկվատ արձագանքեր, ապա պիտի հայտարարեր, որ, այո, եղել է մեծ մասշտաբի գանձագողություն և հրաժարական տար։ 

Նաիրա Զոհրաբյանը վստահ է, որ Հայաստանում հնարավոր չէ ունենալ անկախ մարմին, որն ամբողջությամբ իր գործողություններն ինքնուրույն կիրականացներ. «Քանի դեռ մեր երկրում հաշված թվով մարդիկ են որոշում անմեղին և մեղավորին, չի կարող լինել բացարձակապես անկախ մարմին, որը կկարողանա իրականացնել Սահմանադրությամբ իրեն տրված լիազորություններն, ուստի ՎՊ-ից ավելին ակնկալել հնարավոր չէ: Սակայն ԲՀԿ-ն անվստահություն չի հայտնելու ՎՊ-ին, քանի որ այդկերպ մենք ուղղակիորեն կփակենք բյուջետային չարաշահումների վերաբերյալ բացահայտումներ անելու հնարավորությունը»։ 
Պատգամավորն ասաց, որ ԲՀԿ-ն հավատում է, որ այս ՎՊ-ն կարող է բոլոր բացահայտումներն իր ավարտին հասցնել, և օրինախախտները կպատժվեն. «Ի՞նչ եղավ բացահայտումներից հետո: Վարչապետը պարտադրեց բոլոր նախարարներին, որ աշակերտների նման արդարանան իրենց արած-չարածների համար։ Հարց է առաջանում՝ այդ ինչպե՞ս է, որ մարդիկ, ովքեր սերտ առնչություն են ունենում պետբյուջեի հետ, կարճ ժամանակում հարստանում են»: ԲՀԿ-ն գտնում է, որ անհրաժեշտ է համագործակցել ՎՊ-ի հետ, որպեսզի բյուջեից վերանան չարաշահումներն ու մսխումները. «ԲՀԿ-ի դիրքորոշումը ՎՊ նախագահի թեկնածությանը դրական է»։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930