Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ Լևոն Բարսեղյանը չի պատասխանել Սրբազանի հեռախոսազանգին

Նոյեմբեր 13,2013 20:46

Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Նիկոլայ Ծատուրյանի` ԳԱԼԱ հեռուստաընկերությանը տված աղմկոտ հարցազրույցից հետո որոշակի տարաձայնություններ են առաջացել Գյումրու Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանի միջև: Բանն այն է, որ Սրբազանն անմիջապես արձագանքել էր Նիկոլայ Ծատուրյանի` կաթողիկոսին սատանա որակելուն  ու հաստատել Ասողիկ քահանայի այն միտքը, թե ով աթեիստ է, նա հայ չէ:

Լևոն Բարսեղյանն էլ իր հերթին էր պատասխանել Սրբազանին «Մի զատիր, որ չզատվես» հրապարակախոսական հոդվածով, որտեղ և իր դատողությունները ներկայացնելով այս թեմայի շուրջ ու չհամաձայնելով Միքայել Աջապահյանի հնչեցրած մտքերի հետ` թե Սրբազանին, և թե կաթողիկոսին դիմել էր «պարոն»-ով:

arm13570275076

Շիրակի թեմի առաջնորդի արձագանքն էլ չէր ուշացել, նա hetq.am-ին տված հարցազրույցում Լևոն Բարսեղյանին խորհուրդ էր տվել «իր անհավասարակշիռ արտահայտությունները մի քիչ չափավորել եւ հավասարակշռել»:

«Իր հոդվածից այն տպավորությունն էր, որ պարոն Ծատուրյանի խոսքերից հետո Կաթողիկոսը պիտի գար, նստեր Ծատուրյանի դռան առաջ ու ասեր. «Տղաս, ինչ է պատահել, ես քո ծառան էլ եմ»: Եվ գրում է հոդվածը Կաթողիկոսին պարոն Գարեգին կոչելով, ինչի իրավունքը չունի Լեւոն Բարսեղյանը, ի դեպ, նման ձեւով՝ պարոն Աջապահյան կոչելով ինձ:

Եվ այդ նույն Լեւոն Բարսեղյանի կողմից անվանարկված մեկ այլ հոգեւորական, հանձինս ինձ, զանգահարում է նրան, որ իմանա, թե ինչ է պատահել, զանգում եմ իր բջջային հեռախոսին եւ պատասխան չեմ ստանում: Սա նույն դռան առաջ նստելու նման մի բան էր իմ կողմից, քայլ, որ պարոն Բարսեղյանն ակնկալում էր Կաթողիկոսից: Արվում է այդ քայլը, բայց մնում է անպատասխան: Գուցե ես զանգել էի ու ցանկանում էի ներողություն խնդրել: Միգուցե զղջացել էի, անդրադարձել էի, բա զանգում էի, եկել էի դուռդ, ինչպես որ ինքն էր պահանջում Կաթողիկոսից, որ գար Ծատուրյանի դուռը: Դե, ուրեմն հարկ է, որ Լեւոն Բարսեղյանն իր պահանջմունքները նույն նժարի վրա պահի », – hetq.am-ին  ասել էր Սրբազանը:

Aravot.am-ը Գյումրու ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանին հարցրեց, թե ի՞նչն է պատճառը, որ չի պատասխանել Շիրակի թեմի առաջնորդի հեռախոսազանգին և ինչո՞ւ է հոգևորականներին «պարոն»-ով դիմում: «Ես անկեղծ ասեմ, բանավեճի ահագին լուրջ ռեսուրսներ ունեմ` և տեխնիկական և մտավոր, ես չուզեցի էդ բանավեճը զարգացնել: Իմ և իմ նման հազարավոր մարդկանց հասցեին այլանդակ անպատվություն է հնչել էդ հոգևորականների բերանով: Ես ընդամենը մեկ հոդվածով պատասխանել եմ, որ չի կարելի զատել, որովհետև զատելով` դու քեզ ես զատում մեզնից, այնինչ, երևի թե, հակառակը պետք է լիներ, և որոշեցի ավարտել:

Հետո տեսա մոլեռանդ ջահելություն կա` ինկվիզիցիայի դարերում մնացած, ճիզվիտական ինչ-որ վարքաբանությամբ: Հետո հասկացա, որ ահագին երես առած մոլեռանդություն կա, խոսքը ձեր նշած պարոն Աջապահյանի մասին չէ , և չուզեցի շարունակել… սրտանց չեմ ուզում շարունակել, ես պատերազմներից խուսափող չեմ, մանավանդ լավ գիտեմ, որ պատերազմ սկսելը անհամեմատ հեշտ է, քան այն ավարտելը, և երբ ես պատերազմ եմ սկսում լրատվական դաշտում, քարոզչության ոլորտում, ամենամեծ ռեսուրսները ես ունեմ դիմանալու:

Ուզում եմ, որ չզարգանա այս խոսակցությունը, բայց եթե համը հանեցին, ես սկսելու եմ էդ կռիվը: Իսկ էդ մարդու հեռախոսազանգին ես ինչպե՞ս պատասխանեմ , ով սկսում է որոշել ձեր ինքնությունը, կներեք, դժվար է ինձ համար…Չեմ կարողացել էդ մարդու, բոլոր էն մարդկանց զանգերին պատասխանել, որոնք իմ ինքնությունը սկսում են որոշել իմ փոխարեն, կասկածի տակ առնել իմ ինքնությունը, էդ մարդկանց հետ խոսելու բան իսկապես չկա…

Ինչպես հրապարակավ ասել էր, կրկնել էր պարոն Ասողիկի խոսքերը, այնպես էլ կարող էր հրապարակավ ներողություն խնդրել հանրությունից, իրադրությունդ կվերականգնվեր, կգար իր նախնական վիճակին: Ոչ հաղորդումն եմ նայել, պատմել են, սկզբունքորեն չեմ նայել, սկզբունքորեն այլևս հետաքրքիր չէր, ազնիվ խոսք, չեմ էլ ուզում խորացնել էս կոնֆլիկտը, թեպետ կարող եմ խորացնել:

Իսկ պարոն բառից վիրավորվելու հետ կապված` շատ հարգալից կոչական է պարոնը, եթե էդ էլ դուր չի գալիս, կարող եմ առանց պարոնի խոսել, բայց ես ինձ թույլ չեմ տալիս, պարոն ենք ասել, ախպեր, գոհացեք, ժամանակին ուրիշ կոչականներով ենք ասել, ոմանց ձեռքն ենք համբուրել` իրենց ընդունած կարգի համաձայն, իրենց ընդունած բառապաշարն ենք օգտագործել ողջույնի ու դրա դիմաց մենք արժանացել ենք հայ չլինելու նշավակմա՞նը…Բառապաշարիս են ուզում ծանոթանա՞լ, հուսանք չեն շարունակի իրենց էդ վարքը, հուսամ, բայց եթե կուզեն, խնդրեմ մինչև վերջ կռվենք»,- ասաց Լևոն Բարսեղյանը:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Հայ Առաքելական եկեղեցին փոխելով իր առաքինությունը՝ բիզնեսի, ցանկանում է, որ հանրությունը
    ունենա նույն հարգանքը, ինչը օրինակ Վազգեն 1-ի ժամանակ: Բայց այդպես հնարավոր չէ, ուստի և
    շատ արդարացի ստանում են՝ պարոնի կարգավիճակը:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930