Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ. «Կոկորդիլոսը բուսակեր չի դառնա, ավելի կագրեսիվանա»

Նոյեմբեր 27,2013 17:09

«Վիլնյուսում մի ինչ-որ հռչակագիր կընդունվի, որով կֆիքսեն, որ բոլորը կողմ են այն  ամենին, ինչ լավ է և դեմ են այն ամենին, ինչ վատ է: Դա կլինի  որևէ մեկին չպարտավորեցնող մի բան»,-Aravot.am-ի հարցին` ի՞նչ սպասել Վիլնյուսի գագաթաժողովից, այսպես պատասխանեց «Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Գագաթաժողովի մեկնարկից առաջ քննարկումները թեժանում են, արվում են բազմաթիվ կանխատեսումներ: Օրինակ` քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը կարծիք էր հայտնել, թե հնարավոր է Վիլնյուսում ոչինչ չստորագրվի էլ, գուցե լինի համատեղ հայտարարություն :

Պարոն Մեհրաբյանը կարծում  է, որ եթե անգամ ոչինչ չստորագրվի էլ, միևնույն է, «Կյանքը կշարունակվի նաև Վիլնյուսից հետո»:

Գնահատելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը` Ռուբեն Մեհրաբյանը կարծիք հայտնեց, թե այդ համատեքստում միևնույն է, թե կոնկրետ Վիլնյուսում ինչ կարվի: Շարունակելով՝ պարոն Մեհրաբյանը նշեց. «Դա չի փոխի իրերի և ուժերի դասավորությունը, որը ձևավորվել է հարաբերությունների այն եռանկյունում, որը կազմում են ԵՄ-ն, ՌԴ-ն և  հետխորհրդային երկրները: Հետևաբար`ինչ կանեն, ինչ չեն անի այնտեղ`Վիլնյուսում, էական չէ: Էականն այն  է, թե ինչ կլինի դրանից հետո: Շատ բան  կախված կլինի նախևառաջ հենց Եվրամիությունից, քանի որ այն կապիտուլյանտական քաղաքականությունը, որը նա վարում է ՌԴ նկատմամբ և այն արհամարհական վերաբերմունքը, որը վարվում է հետխորհրդային երկրների նկատմամբ, հանրագումարում տալիս է հենց այդ պատկերը: Այս ամենից «Յալթայի», գուցե և «Մյունհենի» հոտ է գալիս: Արդյունքում հետխորհրդային երկրներում գլուխ են բարձրացնում հետադիմական, սովետական բորբոսը վրան նստած ուժերը, որոնք ամեն ինչ անում են կոնսերվացնելու ներկա իրավիճակը»:

«Կարծում եմ, որ Եվրահանձնաժողովը ներկայումս ի զորու չէ քաղաքականություն փոխել, հույսեր կարող ենք ունենալ միայն հաջորդ Եվրահանձնաժողովի պարագայում, իսկ դա կլինի ոչ շուտ, քան 2014-ի կեսերը: Հիմա պիտի անել ամեն ինչ,  որ կորուստները լինեն մինիմալ, որ Ռուսաստանը մեզ շատ չուտի»,-ասաց նա:

Ռուբեն Մեհրաբյանը Ռուսաստանին ներկայացրեց որպես «կոկորդիլոս, որին սնում է Եվրոպան» ու մանրամասնեց. «Առայժմ մենք ունենք մի իրողություն, ըստ որի` եվրոպացիները շարունակում են կերակրել մի կոկորդիլոսի` հույս ունենալով, որ այն ինչ- որ ժամանակ անց կդառնա մի բուսակեր ու խելոք կենդանի: Բայց  դա այդպես չի լինում: Կոկորդիլոսը մնում է կոկորդիլոս, և ժամանակի ընթացքում նրա ախորժակն ավելի է բացվում ու ավելի լկտի և ագրեսիվ դառնում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930