Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Բագրատյան. «Հայաստանում առաջին կուտակայինը ես եմ արել»

Դեկտեմբեր 02,2013 21:54

ԱԺ չորս խմբակցությունների 49 պատգամավորների համախմբվածության արդյունքում այսօր Ազգային ժողովում կայացան պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ քննարկումներ: Հիշեցնենք, որ ընդդիմությունը եւ «այլընտրանքը»՝ ԲՀԿ-ն, պնդում են, որ կենսաթոշակային բարեփոխումների համակարգից մեկ տարով պետք է հանել «պարտադիր» բաղադրիչը:

Քննարկումների ժամանակ իր ելույթում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց, որ դեռ 14  տարի առաջ, երբ ղեկավարում էր մի «հսկայական հիմնարկ», առաջին անգամ Հայաստանում մտցրեց կուտակային համակարգ՝ իր աշխատակիցների համար: Պարոն Բագրատյանն ասաց,, որ կենսաթոշակների կուտակային համակարգը համեմատաբար նոր երեւույթ է աշխարհում՝ 70-ականների վերջին է ներդրվել, եւ այսօրվա դրությամբ 45 երկիր է այն կիրառում: Նա «ցինիկ ստեր» որակեց կառավարության որոշ պնդումներ՝ այս համակարգի վերաբերյալ: Նա պնդում էր, որ այն պարագայում, երբ մեր երկրում սպառումն ավելի շատ է, քան արտադրանքը՝ ՀՆԱ-ի 105% -ի չափ սպառում կա, անհնար է անգամ մտածել խնայելու մասին: Սակայն ավելի շատ նախկին վարչապետին վրդովեցնում է կառավարության մտադրությունը՝ կուտակային ֆոնդի գումարների 50%-ը դուրս տանելու՝ դրսում ներդնելու եւ շրջանառելու մտադրությունը: «Միջոցների արտահանում… մենակ էդ էր պակաս…»,-բարկացած ասաց պարոն Բագրատյանը, մինչ այդ նկատելով, որ եթե մեր երկրում ներմուծումը զգալիորեն գերազանցում է արտահանմանը, մենք պարազիտ երկիր ենք, պարազիտ ազգ ենք՝ «անընդհատ վերցնում ենք՝ ոչ մի բան չտալով»:

Մոտավոր հաշվարկներով 30-35 մլրդ դրամ է կուտակվելու պարտադիր կուտակային համակարգով, եւ պարոն Բագրատյանը չի հասկանում, թե ինչու այդ գումարների թեկուզ փոքր մասը պետք է գնա դուրս՝ փոխանակ ներդրվի մեր տնտեսության մեջ: Ավելին, դա նրա համար անհասկանալի է այն պարագայում, երբ մենք մտնում ենք Մաքսային միություն. «Ես Պուտինի տեղը լինեմ, կասեմ՝ էդ ո՞ւր եք տանում էս տարածքից փողերը»:  Նա նկատեց նաեւ, որ, օրինակ, Էստոնիայում, երբ ներդրվեց այս համակարգը, աշխատավարձի ընդամենը 2%-ը գնաց կուտակման, եւ դրա փոխարեն էլ պետությունը եկամտահարկի արտոնություն տվեց:

Ավելի ուշ պարոն Բագրատյանի այս ասածին ի պատասխան ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը նկատեց, որ եթե Էստոնիայում հարկային արտոնություններ են տալիս, ապա Հայաստանում պետությունը պարտավորվում է իր կողմից որոշակի գումար ավելացնել կուտակվող գումարին. «Կարող էինք եկամատահարկի արտոնություն անել, բայց փոխարենը հինգ տոկոսով մասնակցում ենք այդ կուտակմանը»:

 

Իսկ ՀՅԴ խմբակցությունից Արմեն Ռուստամյանը շեշտը դրեց խնդրի ոչ թե տնտեսական կամ իրավական ասպեկտի, այլ՝ բարոյահոգեբանականի վրա, ասելով, որ կուտակային կենսաթոշակները, որի գաղափարախոսության իմաստն այն է, որ քո զավակի վրա չթողնես քեզ պահելու հոգսը, այլ ինքդ կուտակես՝ արժանապատիվ ծերության համար հարկավոր գումար, «օտարածին արժեհամակարգ» է, քանի որ հայերս սովոր ենք, որ ծնողը պետք է երեխային պահի, իսկ երեխայի պարտավորությունն է ծնողին պահել, եւ այս առումով մեզ համար ընդունելի է ներկայիս՝ «սերունդների համերաշխության» համակարգը, երբ այսօրվա երիտասարդ աշխատողները իրենց վճարած հարկերով պահում են թոշակառուներին:

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հրանտ Բագռատյանը 1995 թ.մտցրել էր կւտակային համակարգ, որի դեպքւմ կենսաթոշակային ֆոնդի ամբողջ ծանրությունը ձեռնարկւթյւններից պետք էր անցներ աշխատողների աշխատավարձի վրա՜-տարեկան ավելանալով 0.5 տոկոս և հասներ մինչև 12.5 տոկոս.Մինչև 3.5 տոկոս հասնելուց հետո Ռ.Քոչարյանի օրոք օրենքի կիրառւմը կասեցվեց և սահմանվեց 3 տոկոս,որպես սոցապահովության վճար:

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031