«Հույս ունեմ, որ առաջընթաց կգրանցվի հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում, բայց այժմ ես բարելավման հեռանկարների մասին զեկուցել չեմ կարող»,- Aravot.am-ի հարցին` Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի` Հայաստան այցից հետո հնարավո՞ր է հայ-թուրքական հարաբերությունների բարելավում, այսպես պատասխանեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
Հիշեցնենք, որ այսօր Երեւանում տեղի ունեցավ Սեւծովյան Տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 29- րդ նստաշրջանը, որին մասնակցում էր նաև Ահմեդ Դավութօղլուն:
ԱՄՆ դեսպանը մեզ հետ զրույցում վստահեցրեց, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը ցանկացած հարթության վրա և մակարդակում, ու ընդգծեց. «Միևնույն ժամանակ կարծում եմ, որ կարևոր են այն առանցքային հարցերի քննարկումները, որոնք օրակարգային են երկու երկրների համար»: Դեսպանն այս շարքում շեշտեց նաև ԼՂ հակամարտության հարցի քննարկումը:
Մեր հարցին` ներկա լինելով նիստին ու հետևելով ԱԳ նախարարների` միմյանց նկատմամբ վերաբերմունքին ու ընդհանուր մթնոլորտին` հույս ունի՞, որ երկկողմ հարաբերություններում առաջընթաց կգրանցվի, դեսպանը պատասխանեց. «Սա առաջին հանդիպումն է, դեռ ոչինչ ասել չեմ կարող, բայց հույս ունեմ, որ որոշակի առաջընթաց կգրանցվի հայ-թուրքական հարաբերությունների բարելավման հարցում: Այնուամենայնիվ, ցանկացած երկկողմ հանդիպումից էլ սպասելիքներ կան»:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































