Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է աղմկում Քոչարյանը. «Ժամանակ»

Հունվար 10,2014 10:26

Ի՞նչն էր ստիպել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին Ամանորի նախաշեմին վարչապետ Տիգրան Սարգսյանին այդքան կոպիտ և վիրավորական հայտարարություն ուղղել: Երկար ժամանակ լռելուց հետո ինչո՞ւ հանկարծ նա այդպես պոռթկաց: Իհարկե, այդ ոճը հեռու չէ նրանից, նա իր նախկին հարցազրույցներում, անգամ նախագահ եղած տարիներին էլ երբեմն դուրս է եկել կոռեկտության սահմաններից: Բայց վերջին հայտարարության մեջ կարծես թե մի փոքր չափն անցել էր, ինչի համար հավանաբար դրդապատճառներ ուներ:

Նախ՝ Տ. Սարգսյանը դիպել էր նրա հպարտությանը կամ ցավոտ կետին՝ շինարարության ոլորտին: Ռ. Քոչարյանն իր նախագահության տարիներին կարողացավ տնտեսական աճ ապահովել հիմնականում շինարարության միջոցով, և մինչև այժմ նա ու իր շրջապատը հպարտանում են դրանով: Տվյալ դեպքում խոսքը վերաբերում է Հյուսիսային պողոտային ու հարակից տարածքներում տեղի ունեցած հսկայածավալ շինարարությանը: Այդ ժամանակ նախկին նախագահի շրջապատը անգամ փորձեց շրջանառության մեջ դնել «Ռոբերտ շինարար» տիտղոսը, բայց այդ շինարարության բացասական էֆեկտը կամ համբավն այնքան մեծ էր, որ այն հասարակության կողմից ծաղրի արժանացավ:

Բոլորին է հայտնի, թե նախկին նախագահն ու իր թիմն ինչ գնով հասան Երևանի կենտրոնում գոյություն ունեցող վիճակին: Նրանք բռնի ուժով տեղահան արեցին այդ տարածքների բնակիչներին, անտուն ու անօթևան դարձրեցին նրանց և իրար մեջ բաժանեցին մայրաքաղաքի կենտրոնական և թանկարժեք հատվածները: Փոխարենն այդ ընտանիքներին վճարեցին իրենց բնակարանների արժեքին ոչ համապատասխան գումարներ, որոնցով տեղահանվածները երբեմն նույնիսկ ծայրամասերում չէին կարողանում տուն գնել: Տեղահանման ժամանակ անգամ մարդիկ մահացան: Իսկ տեղահանվածներից ոմանք մինչև հիմա անտուն են ու ամեն շաբաթ բողոքի ակցիաներ են կազմակերպում նույն Տ. Սարգսյանի ղեկավարած կառավարության շենքի մոտ ու նրանից պահանջում Ռ. Քոչարյանի օրոք կորցրած բնակարանների փոխհատուցումը:

Իսկ Երևանի կենտրոնում Ռ. Քոչարյանի նախաձեռնած այդ հսկայածավալ շինարարությունն այսօր գրեթե մատնված է ամայության: Հյուսիսային պողոտայի շենքերը մինչև այժմ էլ բնակեցված չեն, նույնիսկ այնտեղ շինարարությունն ավարտին հասցված չէ, քանի որ այն հարմար չէ բնակության համար: Այսինքն` այդ կառուցապատումը պահանջված չէր, պարտադրված էր: Իսկ պողոտան արդեն քանդվել է և կրկին վերանորոգվում է, քանի որ այնտեղ անորակ շինարարություն է իրականացվել: Ի դեպ, պողոտայի ու այդ շենքերի կառուցման տարիներին մերձիշխանական շրջանակներում դժգոհություններ կային, թե Ռ. Քոչարյանն ու իր մերձավորները պաշտոնյաներին ու գործարարներին ստիպում են այնտեղ մեծ տարածքներ գնել, որպեսզի իրացվեն այդ շենքերն, ու իրենք գերշահույթներ ստանան: Դե իսկ գերշահույթ ապահովելու համար արհեստականորեն մի քանի անգամ բարձրացվեցին բնակարանների գները: Կենտրոնի այդ նորակառույց շենքերում առանց ներքին հարդարման տարածքների 1 քառակուսի մետրը հասավ մինչև 3 հազար դոլարի, այն դեպքում երբ մասնագետները վերլուծում էին, թե դրա ինքնարժեքն առավելագույնը 350 դոլար է: Իսկ այդ տարիներին Ռ. Քոչարյանի համար տնտեսական աճ ապահովող շինարարությունը գրեթե չէր հարկվում և բյուջե շատ քիչ մուտքեր էր ապահովում: Փոխարենը դրանից տռզեցին նախկին նախագահի, նրա մերձավորների՝ Արմեն Գևորգյանի, Բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանի ամուսնու՝ Սամվել Մայրապետյանի ու այլոց գրպանները:

Եսայի Արարատյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

 

Լուսանկարը` PanARMENIAN Photo-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031