Լրահոս
Օրվա լրահոսը

Կալանավորը պահանջում է ԱԺ-ում ստեղծել ժամանակավոր հանձնաժողով՝ կալանավորվածների գումարների յուրացման գործով

Հունվար 18,2014 14:42

Aravot.am-ում «Վարույթն իրականացնող մարմինը կթույլատրի՞ կալանավորին կերակրել իր շանը, թռչունին, կատվին, կովին» հրապարակմամբ մենք անդրադարձել էինք ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 140 հոդվածի 2-րդ կետին, որի մասին բարձրաձայնել էր արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Այվազյանն իր հայտարարության մեջ: Մասնավորապես, ըստ այդ հոդվածի. «Անձը, որի գույքն արգելանքի վերցնելու հետեւանքով, ինչպես նաեւ քրեական վարույթն իրականացնող մարմնի այլ գործողությունների հետեւանքով մնացել է առանց հսկողության, իր գույքի հսկողության, այդ թվում ընտանի կենդանիների կերակրման իրավունք ունի, որը նշված մարմինը պարտավոր է ապահովել նրա խնդրանքով, նրա հաշվին»:

Դատապարտյալն իր հայտարարության մեջ հայտնում էր նաեւ, որ արգելանքի տակ վերցնելուց հետո, պետության համար պետական բյուջեի միջոցների հաշվին պետք է բացվեր ահռելի ֆինանսական միջոցների ծախսատարության շղթա, իսկ վարույթն իրականացնող մարմինը կալանքի տակ գտնվող անձին կամ այլ շահագրգիռ անձին անմիջապես պետք է հայտներ ձեռնարկված միջոցառումների մասին:
Մինչդեռ, մինչ օրս նման բան տեղի չի ունեցել, սա այն դեպքում, երբ նշված օրենսգիրքը ընդունվել է 1998թ. հուլիսի 1-ին:

Բարձրաձայնելով սույն խնդիրը, մենք փնտրում էինք մի նախադեպ, երբ դատապարտյալի որեւէ ընտանիք դիմել է վարույթն իրականացնող մարմնին:

Պարզվեց, որ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մաշտոցի քննչական բաժնի քննիչ պարոն Սարգսյանին դիմել է Կարինե Իսրայելյանը: Այդ մասին, ի դեպ, նշվել է օրերս լույս տեսած ՀՀ փաստաբանների պալատի անդամ, ճանաչված փաստաբան Հայկ Ալումյանի հեղինակած «Ձեռնարկ փաստաբանների համար աշխատության» մեջ:
Քաղաքացին պետական բյուջեի հաշվին գոյատեւման միջոցներ ապահովելու վերաբերյալ միջնորդությամբ դիմել էր Աջափնյակ եւ Դավիթաշեն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան իր ամուսնու՝ թիվ 1012008 քրեական գործով մեղադրյալ Արսեն Սիմոնյանի համար:

Դիմումատուն գրել էր, որ ամուսինը կալանավորվել էր, իսկ կալանավորման պահին նրա խնամքին էին գտնվել երկու անչափահաս երեխաները, կինը, որը դիմել է դատարան, որը 8 շաբաթական հղիության վիճակում է, այսինքն՝ անաշխատունակ:

Ըստ կալանավորվածի կնոջ, ամուսնու կալանավորումից հետո իրենք մնացել էին առանց գոյատեւման միջոցների, իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 140 հոդվածի 1-ին մասի համաձայն, «անչափահաս, ինչպես նաեւ անաշխատունակ անձինք, ովքեր ծնողին կամ կերակրողին արգելանքի տակ վերցնելուց հետո, ինչպես նաեւ վարույթն իրականացնող մարմնի այլ գործողությունների հետեւանքով մնացել են առանց գոյատեւման միջոցների, ունեն խնամքի իրավունք, նշված մարմինը պարտավոր է նրանց ապահովել պետական բյուջեի միջոցների հաշվին»:

Միջնորդության մեջ այս բացառիկ դիմումատուն անգամ մեջ է բերել ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2008թ. հոկտեմբերի 22-ի թիվ 4-53-1208 գրությունը, համաձայն որի՝ ՀՀ-ում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը 2008թ. 3-րդ եռամսյակի համար միջին ընթացիկ գներով կազմել է մեկ շնչի հաշվով 34.268 ՀՀ դրամ:
Դիմումատուն պահանջել էր վարույթն իրականացնող մարմնից՝ յուրաքանչյուրի համար ամեն ամիս հատկացնել 34.268 ՀՀ դրամ:

Արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Արթուր Այվազյանը պահանջում է համապատասխան հարցումներ անել ՀՀ հետաքննության եւ նախաքննության մարմիններին, դատախազության մարմիններին, դատարաններին, պարզելու համար այն հանգամանքը, թե 1998-ից, երբ ընդունվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը, վերոնշյալ 140 հոդվածի 1-ին մասը, իրենց վարույթներում գտնված եւ գտնվող քրեական գործերով քանի մեղադրյալի եւ ամբաստանյալի նկատմամբ է ներկայացվել նման բովանդակության միջնորդություններ:
Ավելին, այդ միջնորդություններից քանիսն են բավարարվել, ինչ հիմունքներով: Ի դեպ, կալանավորը հարցումներ է ուղարկել նաեւ Հայաստանի փաստաբանների պալատ, հանրային պաշտպանի գրասենյակ, թե իրենց պաշտպանյալների համար պաշտպաններից քանիսն են նման միջնորդություններով հանդես եկել դատարաններում, վարույթն իրականացնող մարմիններին քանիսն են դիմել, եւ արդյունքն ինչպիսին է եղել:
Կալանավորը պահանջում է, որպեսզի այս խնդրի լուծման եւ ուսումնասիրման համար ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ ստեղծվի խորհրդատվական ժամանակավոր հանձնաժողով, համապատասխան փաստահավաք խումբ՝ իրավապաշտպան կառույցներից, լրագրողներից, փաստաբաններից բաղկացած:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031