Լրահոս
Օրվա լրահոսը

Ջոնաթան Էյվզ. «Ամեն անգամ Իսահակյանի անվան գրադարան այցելելիս կենսական ուժերով եմ լցվում»

Հունվար 24,2014 19:31

Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի «Բրիտանական կենտրոնը» 5 տարեկան է:

«Իսահակյանի անվան գրադարանը մեծությամբ երկրորդ հանրային գրադարանն է հանրապետությունում, որը, ինչպես և յուրաքանչյուր հաստատություն, ունի իր խնդիրները, բարդությունները, բայց այսօր այն օրն է, որ միայն լավ բաներից պիտի խոսենք»,- «Բրիտանական կենտրոնի» հիմնադրման 5-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ ասաց գրադարանի տնօրեն Հասմիկ Կարապետյանը և մի փոքր անդրադարձ կատարելով գրադարանի ձեռքբերումներին՝ ասաց. «Գրադարանն իր ութսունամյա պատմության ընթացքում շատ գեղեցիկ ավանդույթներ ունի ձևավորած, բայց վերջին տասը տարվա ավանդույթներն առանձնանում են Հայաստանի գրադարանային ոլորտի նորարարություններից: Միայն վերջին տասը տարում միջպետական չորս համաձայնագրեր են կնքվել, որոնց արդյունքում գրադարանում գործում են ամերիկյան, բրիտանական, ասիական կենտրոնները, և մեկ ամսից արդեն կլինի նոր բաժին՝ ֆրանկոֆոնիայի կենտրոն, իսկ մինչև տարեվերջ կունենանք հիմնականում իրանական ուղղվածություն ունեցող ասիական կենտրոն»:

«Բրիտանական կենտրոնն» իր ծննդյան օրվա առթիվ համալրվեց նոր գրքերով, որոնք այսօր գրադարանին նվիրեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Էյվզը:

«Ինձ համար մեծ պատիվ է այսօր այստեղ գտնվել: Ամեն անգամ Իսահակյանի անվան գրադարան այցելելիս ես կենսական ուժերով եմ լցվում: Դա, հավանաբար, գալիս է այս հաստատությունից և նրա աշխատակազմից: Այստեղ շատ ուժեղ ջերմություն կա: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք կարողացել են Հայաստանի բնակչության համար այսպիսի կենտրոն ստեղծել: Ուզում եմ շնորհակալությունս հայտնել գրադարանի տնօրենին, աշխատակազմին, որ կարողացել են Բրիտանական խորհրդին ու դեսպանատանը այնպես ոգևորել, որ մենք այս ծրագրերն իրականացնենք»,- ասաց դեսպանը և վստահեցրեց, որ Մեծ Բրիտանիայի դեսպանատունը դեռ երկար տարիներ կշարունակի աջակցել Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի «Բրիտանական կենտրոնին» և կփորձի ավելի զարգացնել գրադարանի հետ կապերը:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031