Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիներն ուզում են ուշադրություն հրավիրել իրենց վրա. «168 ժամ»

Հունվար 25,2014 10:40

Հարցազրույց ԼՂՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ռուդիկ Հյուսնունցի հետ

 – Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կամ նախագահների յուրաքանչյուր հանդիպումից առաջ ադրբեջանական դիվերսիոն խմբերը հարձակումներ են գործում հայկական դիրքերի վրա, երկուստեք լինում են մարդկային կորուստներ: Սա ուղղակի զուգադիպությո՞ւն է, թե՞ հատուկ քաղաքականություն:

– Եթե նույն բանը կրկնվում է մի քանի անգամ, ապա դժվար է խոսել պատահականության կամ զուգադիպության մասին: Ադրբեջանական կողմի տրամաբանությունը պարզ է. նրանք ուզում են ուշադրություն հրավիրել իրենց վրա, իրենց խոցված արժանապատվության և չբավարարված ամբիցիաների վրա, ուզում են ցույց տալ, որ դժգոհ են առկա իրավիճակից, և ուզում են ասել, որ չեն պատրաստվում հանդուրժել առկա վիճակը:

Բանակցություններն ուղղված են խաղաղության հաստատմանը, սակայն փաստացի դրանք բերում են իրավիճակի սրման և մարդկային նոր զոհերի: Ո՞րն է սրա տրամաբանությունը:

– Իրավիճակը սրելու փորձերն ադրբեջանական կողմի քաղաքական զինանոցի հիմնական հնարքներից մեկն է, որ նրանք մշտապես օգտագործում են և մշտապես համոզվում են դրա անարդյունավետության մեջ: Արցախում արդեն բոլորը սովորել են դրան, և այդ գործողություններով որևէ մեկին չես վախեցնի: Մեր բանակը հուսալիորեն պաշտպանում է սահմանները, ժողովուրդը կանգնած է բանակի թիկունքում, կա երեք պաշտպանական գիծ, որոնցից նույնիսկ մեկը թշնամին չի կարող հաղթահարել: Մնացածը, կարծում եմ, երկրորդական է: Միակ բանը, որ մեզ մեծ ցավ է պատճառում, մարդկային կորուստներն են, որը նվազագույնի հասցնելու համար մշտական աշխատանք է կատարվում:

Վերջերս Գյանջայում Իլհամ Ալիևը հայտարարեց, որ իրենք պատրաստվում են գրավել ոչ միայն Լեռնային Ղարաբաղը, այլ նաև Հայաստանը: Չե՞ք կարծում, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնամասշտաբ ռազմական գործողությունների:

– Ադրբեջանի նախագահի ռազմատենչ հայտարարությունները նոր չեն և կրկնվում են բազմիցս: Դրանք խաթարում են խաղաղության հասնելու որևէ հնարավորություն և ապակայունացնում են իրավիճակը հենց Ադրբեջանում, սեփական ժողովրդին պահելով մշտական լարվածության և պատերազմի սպասման վիճակում: Ադրբեջանցիները լավ գիտեն, որ նոր պատերազմի դեպքում ռազմական գործողությունները ծավալվելու են Քուռ գետի մատույցներում, և դժվար թե փորձեն գնալ արկածախնդրության:

 – Նրանք խոսում են Հայաստանի տարածքը գրավելու մասին, իսկ Դուք` Քուռ գետի. յուրաքանչյուրը փորձում է վախեցնել դիմացինին:

– Մենք նման բան հայտարարելու բարոյական իրավունք ունենք: 1994թ. Իլհամ Ալիևը բավական հասուն մարդ էր և հաստատ հիշում է, թե ինչպես իր հայրը` Հեյդար Ալիևը, թախանձագին խնդրում էր հայկական կողմին` դադարեցնել ռազմական գործողությունները և զինադադարի պայմանագիր կնքել: Կարծում եմ, որ հայրը որդուն խորհուրդ տված կլինի` իր երկիրը չներքաշել նոր պատերազմի մեջ և չհայտնվել նույն վիճակում, որում ինքն է եղել: Այնպես որ, ադրբեջանցիները հոխորտալու որևէ բարոյական իրավունք չունեն, մանավանդ որ, խոսքերով որևէ մեկին չես վախեցնի:

Տեղեկություններ են տարածվում, որ սահմանի ամբողջ երկայնքով կրակում են, ադրբեջանական ավիացիան օդ է բարձրացել, և թվում է, որ էլի մի քիչ, ու կարող են լայնամասշտաբ պատերազմական գործողություններ սկսվել: Դուք նման հնարավորությունն իրական չե՞ք համարում:

– Իհա՛րկե, միշտ էլ պատերազմի վերսկսման հնարավորություն կա, և ոչինչ չի կարելի բացառել: Բայց ես դա քիչ հավանական եմ համարում: Մեր ռազմական փորձագետների հաշվարկներով` նոր պատերազմի դեպքում կորուստներն ու ավերածություններն առնվազն 20-25 անգամ ավելի ծանր ու մեծ կլինեն, քան նախորդ պատերազմի ժամանակ: Մի՞թե խելամիտ ղեկավարը կարող է իր երկիրը տանել ավերման և սեփական ժողովրդի հարյուր հազարավոր ներկայացուցիչների մահվան պատճառ դառնալ: Սեփական երկիրն ու ժողովրդին նման արհավիրքի տանողն առնվազն հոգեկան լուրջ խանգարումներ պետք է ունենա:

– Ալիևն անընդհատ խոսում է ռազմական ծախսերի ավելացման մասին և հրապարակում է Ադրբեջանի ռազմական բյուջեն, որն այս տարի 3,7 միլիարդ դոլարի է հասել: Ռազմական հավասարակշռության խախտումը կարո՞ղ է Ադրբեջանին հաղթանակի հասնելու հնարավորության հիմք տալ:

– Ռազմական հավասարակշռությունը պահպանվում է` անկախ Ալիևի հայտարարություններից և անկախ իրենց ռազմական բյուջեի թվերի մեծությունից: Մենք ավելի քիչ ենք ներկայացնում, որը և՛ ավելի խելացի է, և՛ ավելի խոհեմ:

Ավետիս ԲԱԲԱՋԱՆԱՆ

Լուսանկարը՝ «168 ժամ-ի»

 

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031