Լրահոս
Օրվա լրահոսը

14-ամյա աղջկա հետ ամուսնանալու համար տուգանվեց 100 հազար դրամով

Հունվար 31,2014 18:49

Տավուշի մարզի  Վարագավան գյուղի բնակիչ, 1991թ. ծնված Արթուր Ալավերդյանը 2012թ. նոյեմբերի 17-ին փաստացի ամուսնական հարաբերությունների մեջ է մտել եւ սեռական հարաբերություն ունեցել համագյուղացի, 1998 թ. նոյեմբերին ծնված Ա. Մ.-ի հետ:  Ա. Ալավերդյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով («Սեքսուալ բնույթի գործողություններ կատարելը տասնվեց տարին չլրացած անձի հետ»): Այդ ամուսնությունից 2013թ. օգոստոսի 31-ին ծնվել է աղջիկ երեխա: Երիտասարդի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Սույն քրեական գործով դատը Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Բերդի նստավայրում կայացել է  հունվարի 21-ին: Արթուր Ալավերդյանը դատարանում հայտնել է, որ 2011-ի դեկտեմբերին ավարտել է զինվորական ծառայությունը, վերադարձել տուն: 2012թ. փետրվարին նա ծանոթացել է Ա. Մ.-ի հետ, սկսել են շփվել: 2012թ. մարտի 8-ին նրանք նշանվել են: Նույն թվի նոյեմբերի 16-ին նրանք նշել են աղջկա ծննդյան տարեդարձը եւ հաջորդն օրն ամուսնացել: Ա.Ալավերդյանը 2013թ. Ռուսաստան արտագնա աշխատանքի է մեկնել: Նա այնտեղ լսել է, որ իր նկատմամբ քրեական գործ են հարուցել եւ վերադարձել է գյուղ: Ներկայումս աղջկա հետ, որպես ամուսիններ, համատեղ բնակվում են: Արթուրը իր երեխայի հանդեպ դեռեւս հայրություն չի ճանաչել, քանի որ իր անձնագիրը կցված է քրեական գործին:

Ա. Ալավերդյանը  դատարանին հայտնել է` ինքը գիտեր, որ աղջիկն անչափահաս է, սակայն չգիտեր, որ նրա հետ ամուսնանալու համար կարող է դատվել: Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը Ա. Ալավերդյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 141 հոդվածով եւ դատապարտել 100 հազար դրամի չափով տուգանքի:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031