Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Գեւորգյան. Փորձելու ենք արժեւորել բոլոր այն ստեղծագործողներին, ովքեր արարում են կինոն

Փետրվար 11,2014 15:14

«Այս տարի եւս կկարողանանք լավ տոն պարգեւել մեր կինոգործիչներին, մեր հանրությանը»,- այսօր՝ փետրվարի 11-ին՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում, հայտարարեց Ազգային կինոյի զարգացման հիմնադրամի նախագահ Գեւորգ Գեւորգյանը: Պարոն Գեւորգյանի կարծիքով, այդ տոնը՝ «Հայակ 2014» ազգային կինոմրցանակաբաշխությունը, առաջին հերթին կինոգործիչների տոնն է.

«Մենք փորձելու ենք արժեւորել բոլոր այն ստեղծագործողներին, ովքեր արարում են այս կինոն, ովքեր ստեղծում են կինոն եւ ոչ միայն ռեժիսորները, այլ նաեւ բոլոր այն մարդիկ, ովքեր ստեղծում են կինոն՝ կոմպոզիտոր, նկարիչ, դերասան-դերասանուհի, երկրորդ պլանի դերասան: Մենք այս տարի ունենք արդեն շատ հայտեր արտասահմանի հայ կինոգործիչներից, որոնք ուզում են իրենց ֆիլմերը ներկայացնել, կան նաեւ արտասահմանյան կինոգործիչներ, ովքեր հայկական թեմաներով են նկարում»:

Այն հարցին, թե արդեն 3-րդ «Հայակ» փառատոնի ընթացքում ի՞նչ առաջընթաց կա կինոգործիչների մոտ, պարոն Գեւորգյանը պատասխանեց, որ «Հայակը» ոգեւորել է շատ ստեղծագործողների, հատկապես նրանց, ում աշխատանքը չէր գնահատվում: Նա հայտարարեց, որ մրցանակաբաշխությունը օբյեկտիվ եւ ազնիվ է.

«Սա պիտի լինի մի մրցանակաբաշխություն, որտեղ ոչ մի պարտադրանք, ոչ մի խնդրանք, ոչ մի ծանոթ-եղբայր չի լինելու: Զուտ գաղտնի քվեարկության արդյունքում ստանալու են իրենց մրցանակները եւ մենք միայն այդպես կարող ենք «Հայակը» դարձնել իսկապես երեւույթ»:

«Հայակ» մրցանակաբաշխությանը կարող է մասնակցել յուրաքանչյուր ֆիլմ թե՛ Հայաստանից եւ թե՛ այլ երկրներից, գրանցման վերջնաժամկետը մարտի 10-ն է: Այս տարի մրցանակաբաշխությունը նվիրված է Սերգեյ Փարաջանովի 90- ամյակին եւ լինելու է Փարաջանովի անվան հատուկ մրցանակ: Լինելու են նաեւ Ռուբեն Մամուլյանի եւ Համո Բեկնազարյանի անունը կրող հատուկ մրցանակներ: Այս տարի «Հայակ» ազգային կինոմրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսի 1-ին՝ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Մինչ մրցանակաբաշխությունը մասնակից բոլոր ֆիլմերը կցուցադրվեն «Նաիրի» կինոթատրոնում:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728