Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանով. «Մենք շատ վատ ենք գնահատում ցանկացած ոտնձգություն խոսքի ազատության նկատմամբ»

Փետրվար 15,2014 00:27

Գործադիր մարմնի նիստից հետո Aravot.am-ը ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովին խնդրեց գնահատական տալ երեկ ոստիկանության Կենտրոն բաժնում կատարվածին, երբ բաժնի պետ Արտակ Պողոսյանը ապտակել էր լրագրող Անի Գեւորգյանին:

«Ես մասնավոր դեպքերին չեմ ցանկանում անդրադառնալ, բայց առհասարակ մեր կարծիքը հետեւյալն է. ցանկացած օրինախախտում, լրատվամիջոցների կամ մամուլի խոսքի ազատության դեմ ցանկացած ոտնձգություն դատապարտելի երեւույթ է: Ես ձեր նշած դեպքի մանրամասներին ծանոթ չեմ, ուստի չեմ ցանկանում որեւէ գնահատական տալ: Իմ քաղաքական գնահատականը եւ իմ ներկայացրած քաղաքական ուժի գնահատականը հետեւյալն է. մենք շատ վատ ենք գնահատում ցանկացած ոտնձգություն խոսքի ազատության նկատմամբ: Եվ դրա վառ ապացույցը մեր իշխանության վերջին 5-6 տարիների ընթացքում իրականացրած բարեփոխումներն են, որի արդյունքում միջազգային կառույցների իրականացրած մոնիթորինգի եւ հրապարակած զեկույցների արդյունքում Հայաստանի Հանրապետությունը մամուլի ազատության մակարդակով առաջինն է ԱՊՀ տարածաշրջանում եւ առաջ է անցել Եվրոմիության այնպիսի երկրներից, ինչպիսիք են Հունաստանի Հանրապետությունը եւ Բուլղարիան: Սա է մեր քաղաքականության փիլիսոփայությունը: Մենք շարունակելու ենք ժողովրդավարական բարեփոխումները, մեզ համար անընդունելի է օրենքի դեմ ցանկացած ոտնձգություն, անկախ նրանից, թե դա կլինի լրագրողի, քաղաքացու, թե ոստիկանի կողմից: Իրավական գնահատական տալ պատրաստ չեմ, քանի որ իրավական գնահատական տալը համապատասխան մարմինների գործն է: Եվ երկրորդ. ես կարծում եմ նաեւ, որ մեր հարգարժան քաղաքացիները, լրատվամիջոցների ներկայացուցիչները, պատգամավորները, բոլորս, երբ իրականացնում ենք մի գործընթաց կամ ակցիա, պետք է լինենք բարեկրթության սահմաններում: Բոլորս», – պատասխանեց Էդուարդ Շարմազանովը:

  Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728