Լրահոս
Օրվա լրահոսը

Նալբանդյանը տեղեկացրեց Իրաքի քաղաքացիների համար Հայաստանի մուտքի արտոնագրի տրամադրման կարգի դյուրացման՝ հրավերի պահանջը հանելու մասին

Փետրվար 18,2014 10:20

Փետրվարի 16-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պաշտոնական այցով ժամանեց Բաղդադ։ Օդանավակայանում նրան դիմավորեց Իրաքի արտգործնախարար Հոշիար Զեբարին։ Դիմավորման արարողությանը հետևեց նախարարների կարճատև առանձնազրույցը։

Փետրվարի 17-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին ընդունեց Իրաքի Հանրապետության վարչապետ Նուրի Ալ-Մալիքին։

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրաքի վարչապետը նշեց, որ իր երկիրը շահագրգռված է հնարավոր բոլոր բնագավառներում Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ և ընդգծեց, որ դրա համար առկա է մեծ ներուժ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հայ և իրաքցի ժողովուրդների միջև հարաբերությունները դարերի պատմություն ունեն: “Մենք բարձր ենք գնահատում մեր երկու բարեկամ ժողովուրդների և պետությունների միջև ձևավորված հարաբերությունները և ցանկանում ենք առավել զարգացնել դրանք, ու իմ այցելության գլխավոր նպատակը հենց դա է։”

Իրաքի վարչապետն ու Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից քննարկեցին երկրների միջև իրավապայմանագրային դաշտի ընդլայնման, առևտրատնտեսական, կրթական, առողջապահության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներում փոխգործակցության խթանման, Հայաստանի և Իրաքի միջև ուղիղ օդային հաղորդակցության հաստատման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, կարևորվեց միջկառավարական հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը։

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը տեղեկացրեց վարչապետ Ալ-Մալիքիին Էրբիլում Հայաստանի գլխավոր հյուպատոսություն հիմնադրելու մտադրության մասին։

Նախարար Նալբանդյանը տեղեկացրեց նաև Իրաքի քաղաքացիների համար Հայաստանի մուտքի արտոնագրի տրամադրման կարգի դյուրացման՝ հրավերի պահանջը հանելու վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման մասին, հույս հայտնելով, որ դա կակտիվացնի գործարար կապերը՝ հատկապես, որ երկու երկրների ձեռներեցների կողմից առկա է նման հետաքրքրություն։

Երկուստեք գոհունակությամբ նշվեց, որ վերջին չորս տարիների ընթացքում երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը մի քանի անգամ աճել է և արդեն կազմում է մոտ 80 մլն ԱՄՆ դոլար։

Անդրադառնալով իրաքահայ համայնքին` Նուրի Ալ-Մալիքին ասաց. “Հայերը դարերով աշխատել և արարել են Իրաքում, իրենց նպաստը բերել երկրի զարգացմանը և այսօր էլ, չնայած բարդ իրավիճակին, իրաքահայությունը շարունակում է աշխատել հանուն Իրաքի բարգավաճման։”

Նույն օրը կայացավ Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը Իրաքի փոխնախագահ Խուդեյր Ալ-Խուզայիի հետ։

Ողջունելով Հայաստանի արտգործնախարարին` Իրաքի փոխնախագահը նշեց, որ հայ-իրաքյան համագործակցությունը զգալի աճ է արձանագրել վերջին տարիներին և այդ գործում կարևորեց Բաղդադում և Երևանում երկու երկրների դեսպանությունների վերաբացումը և բարձր մակարդակի փոխայցելությունները։ Նա ընդգծեց, որ Իրաքը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման նպատակով պատրաստ է մեծ քայլերով առաջ գնալ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Էդվարդ Նալբանդյանը խնդրեց Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույններն ու բարեմաղթանքները փոխանցել Իրաքի Նախագահ Ջալալ Թալաբանիին։

Հանդիպմանն անդրադարձ կատարվեց քաղաքական, առևտրատնտեսական, կրթական, մշակութային, առողջապահության բնագավառներում երկկողմ համագործակցությանը ։

Իրաքի փոխնախագահը ներկայացրեց երկրում կայունության և անվտանգության ամրապնդմանն ուղղված իշխանությունների ջանքերը։

Փետրվարի 17-ին Բաղդադում կայացան Հայաստանի և Իրաքի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Հոշիար Զեբարիի բանակցությունները։

Ողջունելով Էդվարդ Նալբանդյանի այցելությունը Բաղդադ՝ Հոշիար Զեբարին վստահություն հայտնեց, որ այն նոր լիցք կհաղորդի երկկողմ բազմաբովանդակ փոխգործակցությանը։ “Վերջին տարիներին երկու արտգործնախարարները բազմաթիվ հանդիպումներ են ունեցել, ձեռք բերվել պայմանավորվածություններ, որոնց համաձայն մենք հստակ քայլեր կատարեցինք համագործակցությունը նոր մակարդակի վրա բարձրացնելու նպատակով և այսօր ականատես ենք լավ արդյունքների՝ դեսպանությունների վերաբացում, ակտիվ գործող միջկառավարական հանձնաժողով, միմյանց սատարում միջազգային կազմակերպություններում, առևտրաշրջանառության շեշտակի աճ”, ասաց Իրաքի արտգործնախարարը։

Շնորհակալություն հայտնելով Բաղդադ այցելելու հրավերի և ջերմ ընդունելության համար` նախարար Նալբանդյանը նշեց. “Իրաքի և Հայաստանի ժողովուրդներին կապում է ժամանակի փորձությունն անցած ավանդական բարեկամությունը, ինչն էլ ամուր հիմք է հանդիսանում երկու պետությունների միջև փոխշահավետ համագործակցությունը զարգացնելու և ընդլայնելու համար:”

Նախարարների հանդիպմանը անդրադարձ արվեց երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակի, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների։

Էդվարդ Նալբանդյանն ու Հոշիար Զեբարին գոհունակությամբ արձանագրեցին տարբեր բնագավառներում հայ-իրաքյան փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ գործնական պայմանավորվածությունների իրագործման դինամիկան։

Նախարար Նալբանդյանն իրաքցի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման նպատակով Հայաստանի և միջազգային հանրության գործադրվող ջանքերը՝ բարձր գնահատելով Իրաքի հավասարակշռված դիրքորոշումը հիմնահարցի վերաբերյալ։

Նախարար Զեբարին մանրամասն ներկայացրեց իրաքյան կառավարության ջանքերն` ուղղված Իրաքում կայունության և անվտանգության ամրապնդմանը, ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները:

Հանդիպումից հետո տեղի ունեցավ Հայաստանի և Իրաքի արտգործնախարարների համատեղ մամլո ասուլիսը։

Նախարար Նալբանդյանն այցելեց Իրաքում Հայաստանի դեսպանատուն, որտեղ հանդիպում ունեցավ Իրաքի հայկական համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ, որոնց ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները, երկրում իրականացվող բարեփոխումները, Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդման նպատակով ձեռնարկող քայլերը, պատասխանեց ներկաների բազմաթիվ հարցերին։

Հայաստանի արտգործնախարարի այցելությունն Իրաք լայնորեն լուսաբանվեց տեղական և տարածաշրջանային լրատվամիջոցների կողմից։

ՀՀ  ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՄՈՒԼԻ, ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728