Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Քաղաքացու կողմից «կծոտված» ոստիկանը պարզաբանում է՝ ինչու է նրան ստոր եւ տ…ք անվանել

Մարտ 04,2014 15:11

Արաբկիր եւ Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների դատարանում այսօր հարցաքննվեց ոստիկան Վահագն Աթանեսյանը, ում վկայությամբ` Armenia Today կայքի համակարգող Արգիշտի Կիվիրյանը Կոմիտաս 5-ում բռնություններ էր կիրառել իր նկատմամբ, կծել է ձեռքը:

Նրա պատմելով, այդ օրը մոտ երկու հարյուրի հասնող քաղաքացիներ էին հավաքվել: Նրանց կողմից ինքը միայն լսել է ոստիկանների հասցեին ուղղված վատ խոսքեր. «Մեզ անվանում էին թուրքեր, լիքը վատ խոսքեր, հայհոյանքներ էին ուղղում մեր հասցեին»:

Նրա պատմելով, ինքը նկատել է, որ ոստիկանները մի քաղաքացու տանում են դեպի ներքեւ, ինքը մոտեցել է նրանց, ընթացքում իմացել, որ այդ քաղաքացին Արգիշտի Կիվիրյանն է:

Նրա խոսքով, ոստիկանները նստեցնում էին ոստիկանական մեքենա. «Չէր ուզում նստել մեքենա, դիմադրում էր, կիսապառկած վիճակում նստեցրել ենք, տարել Արաբկիրի ոստիկանական բաժին: Մեքենայի մեջ փորձում էր մեքենայից դուրս գալ, ոտքերով հարվածում էր աջ նստատեղին, դռանը, մեքենայի մեջ սպառնում էր՝ չգիտեք ում հետ գործ ունենք, փորձում էր հրահրել, ձախ ձեռքով կրծքավանդակից եմ պահել, որովհետեւ պատուհանը բաց էր, փորձել եմ հանդարտեցնել, բայց չէր հանդարտվում: Հետո գլխով հարվածեց մեքենայի ձախ դռան բռնակին, վնասեց քիթը, արյուն եկավ եւ ասաց՝ այ հիմա տեսեք, ոնց եք դատվելու…ասում էր՝ դուք ով եք, որ ձեր խոսքն անցնի, իմ խոսքն է անցնելու: Ես էլ երկու ձեռքով բռնել եմ, որ էլի ինքնավնասում չանի, ինքն էլ կծեց ձեռքս, էլի չթողեցի իրեն, որովհետեւ արդեն հասնում էինք բաժին»:

Ոստիկանի պատմելով, մինչեւ մեքենա նստեցնելն էլ Կիվիրյանը իր մորը սեռական բնույթի հայհոյանք է տվել ու ասել. «Գնացեք տենց ձեր մորն ու քրոջը բրթեք: Բայց ես նրան չէի բրթում: Նա հայհոյեց, նրա համար, որ ասում էինք ազատի փողոցը: Ես իրեն ստոր, տ….ք եմ անվանել իր ասածի համար, մենք էլ ենք մարդ, մենք էլ ունենք ինքնասիրություն…Երբ մենք քաղաքացիներին խնդրում էինք դուրս գալ փողոցից, նա հրահրում էր քաղաքացիներին, որ դուրս չգան, պառկեն գետնին, ասում էր՝ ժողովուրդ, եկեք միացեք մեզ, նստեք փողոցում, մի լսեք ոստիկաններին»:

Արաբկիրի բաժին հասնելուց հետո, ոստիկանն ասաց՝ չի հիշում ինչ եղավ, որովհետեւ առողջական խնդիրներ ուներ, իրեն այնքան վատ էր զգում, որ նույնիսկ չի հիշում՝ իրեն ներարկում են արել, թե՝ ոչ. «Ճնշման հետ կապված խնդիր ունեի, շտապօգնություն էր եկել, ճնշումս էին չափում»:

Կիվիրյանի պաշտպան Լուսինե Սահակյանը տուժող ոստիկանից հետաքրքրվեց՝ Կոմիտաս 5-ում երբ է սկսել ծառայությունը, երբ է սկսվել ակտիվիստների հավաքը, քանի հոգի էին ցուցարարները, քանի ոստիկան կար էնտեղ, որ ստորաբաժանումներից, քանի ժամ է Կոմիտասի այդ հատվածը փակվել: Հետո որոշ հարցերի, մասնավորապես, թե որ ստորաբաժանումներից են ոստիկաններ եղել հարցին պատասխանելուց հրաժարվելուց հետո, տիկին Սահակյանը դատարանին միջնորդեց պարտավորեցնել պատասխանել, առարկեց դատախազը:

Իսկ դատավորի կողմից հարցի վերաձեւակերպումից հետո տուժողը արդեն ոչ թե ասաց, գաղտնիք է՝ չեմ կարող ասել, ինչպես մինչեւ այդ պնդում էր, այլ ասաց՝ «չեմ նկատել»:

Հետո պարոն Կիվիրյանի փաստաբանը հետաքրքրվեց՝ բացի Կիվիրյանից, այլ ցուցարարներ եւս իրեն հարվածե՞լ են, ոստիկանը դրական պատասխան տվեց ու չկարողացավ պատասխանել, թե ինչու դրա վերաբերյալ ոչ մի զեկուցում չի ներկայացրել. «Կարիք չեմ տեսել»:

Փաստաբանի հարցին, թե ինչո՞ւ հենց Կիվիրյանի նկատմամբ որոշեցիք զեկուցագիր ներկայացնել՝ հանցագործության մասին հաղորդում տալով, ասաց. «Քանի որ բաժին էինք տանում, երբ մեքենայի մեջ իրեն ինքնավնասում արեց, գլխով հարվածեց դռան բռնակին ու ժպիտը դեմքին ասաց ՝ կդատվենք, որովհետեւ ծեծել ենք իրեն, դրա համար գրվեց զեկուցագիր»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31