Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Մարտիրոսյանը՝ Տեր-Պետրոսյանին. «Ճիշտ չէ, որ մնացածի աշխատանքը չեն տեսնում»

Մարտ 17,2014 18:22

«Համաձայն չեմ առաջին նախագահի հետ, այդպես չէ: Ես ուրախ եմ, որ Լեւոն Տեր-Պետրոսյանն իր հարազատ քաղաքական թիմին այդքան բարձրացնում է, որեւէ խնդիր չեմ տեսնում, բայց իրականությունն, իհարկե, այլ է»,- «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը մարտի 17-ին Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Լեւոն Տեր-Պետրոսյանի՝ մարտի 1-ի հանրահավաքում արած այն հայտարարությանը, թե 1999-ից հետո առաջին անգամ է, որ խորհրդարանում լուրջ քաղաքական քննարկումներ ու բանավեճեր են լինում, առաջին անգամ ընդդիմությունը հիմնավոր ու փաստարկված է քննադատում:
Արմեն Մարտիրոսյանի խոսքերով՝ «Ժառանգություն խմբակցությունը 4-րդ գումարման ԱԺ-ում հենց առանձնահատուկ է եղել նրանով, որ իր քննադատությունները, փաստերը շատ հիմնավորված ներկայացրել է, շատ ակտիվ մասնակցություն է ունեցել խորհրդարանական աշխատանքին, ընդամենը մի տարբերություն կա անցյալ խորհրդարանների եւ այս խորհրդարանի միջեւ՝ 4 ուժերը միավորվելով՝ բավականին թվաքանակ են ապահովել: Պարզ է, որ այդքան ընդդիմադիր ելույթ ունեցող պատգամավոր եւ այդքան աշխատանք կատարող պատգամավոր իր ազդեցությունը չի կարող չթողնել: Պրոցեսների առումով, կարծում եմ պարզ է, որ այն, ինչ եղել է մինչեւ հիմա, միշտ էլ ընդդիմությունն իր ներկայությունը ցույց է տվել խորհրդարանում: Ընդամենը այն խնդիրն է եղել, որ թվաքանակը շատ փոքր է եղել ընդդիմության: 2008-2009-ին խորհրդարանում միայն մենք էինք, որ ընդդիմություն էինք: Մեկ տարի այդ ամենածանր հատվածում 7 պատգամավորով կրել ենք խորհրդարանի ընդդիմադիր աշխատանքի ծանր բեռը: Այնպես որ, ճիշտ չէ, որ մնացածի աշխատանքը չեն տեսնում»:

Մեր հարցին՝ կհիշե՞ք դեպքեր, երբ ինչ-որ հարցի շուրջ նախորդ գումարման խորհրդարաններում թեժ քննարկումներ են եղել, ընդդիմությունը փայլել է իր ներկայացրած փաստարկված քննադատություններով՝ Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց. «Բազմաթիվ նման դեպքեր են եղել, բանավեճեր: Հեռու չգնամ՝ հենց այս նույն կենսաթոշակային հիմնախնդրի հետ կապված բանավեճերը, որ հիմա ընթանում են, ըստ էության, միակ փաստարկը, որ ավելացել է բանավեճի մեջ, այն է, որ այս մի քանի տարվա մեջ չեն պատկերացրել, որ այդքան կվատթարանա սոցիալ-տնտեսական վիճակը: Մնացած բոլոր փաստարկները, որ այն ժամանակ եղել է Ժառանգության եւ ՀՅԴ-ի կողմից,մեր փաստարկները մնացել են: Տարբեր հարցերի, օրինագծերի շուրջ այնքան բաներ են տեղի ունեցե՜լ: Ցավն այն է, որ այն ժամանակ եթեր դա չէին տալիս, ինտերնետն այնքան զարգացած չէր: Թե չէ հաստատ չփաստարկված բանավեճեր այնտեղ չեն եղել: Շատ հիմնավոր են եղել: Ոչ միայն մենք, մնացած ընդդիմադիրներն էլ, երբ բանավիճել են, շատ ծանրակշիռ փաստեր են ներկայացրել: Բոլոր ընդդիմադիրներն էլ նորմալ ներկայացրել են իրենց տեսակետը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31