Լրահոս
Օրվա լրահոսը

«Զարգացած կոչվելու համար պարտադիր չէ ոչխարի նման կոտորվելու պատրաստակամություն դրսեւորել»

Ապրիլ 01,2014 14:15
erjanik abgaryan

Նախկին բարձրաստիճան պաշտոնյա Երջանիկ Աբգարյանը կարծում է,
որ Սիրիա են մեկնել «մտավոր անվստահելի» մակարդակով եւ անփորձ պատգամավորներ:

– Հայաստանում տարատեսակ մեկնաբանություններ եղան Քեսաբում ծավալված իրադարձությունների վերաբերյալ: Ձեր գնահատմամբ՝ դրանք սիրիական զարգացումների տրամաբանակա՞ն շարունակությունն էին:

– Ոչ միայն: Վերջերս սիրիական ընդդիմության ակտիվացումը, կարծում եմ, կապ ունի Ռուսաստանի կողմից Ղրիմի զավթման հետ, որը ակնհայտորեն կատալիզատորի դեր է ստանում սիրիական իրադարձությունների արագացման գործում: Դրանով, կարծում եմ, սիրիական կնճիռը արդեն թեւակոխում է նոր եւ վճռական փուլ: Եկեք նախ փորձենք հասկանալ՝ ո՞ւմ եւ ինչերի՞ հետ գործ ունենք Սիրիայում: Սիրիայում միմյանց դեմ կանգնած են մի կողմից՝ Արեւմուտքը, Իսրայելը, Թուրքիան, Սաուդյան Արաբիան, Պարսից ծոցի որոշ այլ երկրները, «Ալ-Քաիդան», արմատական իսլամականության եւ տեղական ընդդիմության տարբեր ուժեր, իսկ մյուս կողմում՝ ինքը՝ ասադական Սիրիան է եւ Իրանն ու Ռուսաստանը: Ինչքան էլ անհավատալի, բայց արդեն փաստ է՝ Արեւմուտքը եւ արմատական մուսուլմանները, անկախ նրանց հետապնդած նպատակներից, Սիրիայում հայտնվել են նույն բարիկադի, ավելի ճիշտ՝ նույն ռազմաճակատային դիրքերի վրա: Քաղաքական տրամաբանության մեջ, իհարկե, այսպիսի երեւույթները տեղավորվում են մինչեւ որոշակի պահ, բայց դա այլ խոսակցության նյութ է: Ի դեպ, հատկանշական է, որ ընդհանրապես հակաասադական ալյանսի վերոհիշյալ անդամներից յուրաքանչյուրի շարժառիթները եւ նպատակները ակնհայտորեն նույնական չեն: Ես վստահ եմ նաեւ, որ հակաասադական «հեղափոխությունը» ո՛չ «արաբական գարնան» իներցիոն շարունակությունն է եւ ո՛չ էլ ներքին որեւէ կարգի ճգնաժամային իրադրության հետեւանք: Այդ «հեղափոխությունը» հրահրվել եւ իրականացվում է արեւմտյան երկրների, Իսրայելի, Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի կողմից՝ նրանց աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային վերակառուցման ծրագրերին համապատասխան: Դա լավ է, թե վատ՝ ժամանակը ցույց կտա:

Թեկուզ հնարավորինս կարճառոտ, պետք է խոսել նաեւ հակաասադական ալյանսի եւ սիրիամետ երկրների վճռորոշ մասնակիցների շահագրգռությունների եւ շարժառիթների մասին:

Արեւմտյան երկրների շահագրգռվածությունը Սիրիայի իշխանափոխության հարցում առաջնահերթորեն հիմնված է Սիրիայում Ռուսաստանի եւ Իրանի ռազմաքաղաքական ազդեցության վերացման, մասնավորապես՝ ա) արաբական աշխարհում մնացած վերջին բացահայտ ռուսամետ իշխանության տապալման, բ) արեւելյան Միջերկրականում ռուսական ռազմածովային նավատորմի ակտիվության հիմքերի կտրուկ սահմանափակման, գ) արաբա-իսրայելական հակամարտության վրա անմիջականորեն ազդելու Իրանի, ըստ էության, միակ լուրջ հնարավորության բացառման վրա: Բայց ահա վերջերս այս կարեւոր, բայց տարածաշրջանային խնդիրներից առաջ անցավ աշխարհաքաղաքական նշանականություն ունեցող մի հարց, հենց որի լուծման ջանքերը, կարծում եմ, ակնհայտորեն հակված են լինելու արագացնել սիրիական կնճռի կարգավորումը՝ ըստ արեւմտյան նպատակադրության: Դա Ռուսաստանի կողմից Ղրիմի զավթումից հետո Եվրոպայի էներգետիկ անվտանգության հարցի առկախումն է: Այդ ռազմավարական խնդրի շտապ լուծումը պահանջում է այլընտրանքային մի քանի գազատարների կառուցում, որոնցից այսօր առաջնահերթը համարվում Կատար-Եվրոպա գազատարի ծրագիրը: Ահա այս գազատարի ուղեգծի հարցն է, որ կարող է ճակատագրական ազդեցություն թողնել ասադական վարչակարգի ապագայի վրա, քանի որ այդ ուղեգծի ամենակարճ տարբերակը չի կարող շրջանցել Սիրիայի տարածքը ոչ միայն գազատարի կառուցման էժանության, այլեւ տարածաշրջանային քաղաքական էլ ավելի բարդ խնդիրների առկայության առումով: Հենց սա էլ, կարծում եմ, անխուսափելի է դարձնում իր ռուսամետությամբ եւ իրանամետությամբ հայտնի ասադական իշխանության մոտալուտ կործանումը:

Իսրայելի շահագրգռվածությունը ասադական վարչախմբի տապալմամբ ձեւավորված է այդ երկրի անմիջական շրջապատում մնացած միակ լուրջ սպառնալիքի ընդունակ արաբական երկրի չեզոքացման նպատակադրության հենքի վրա:
Թուրքիան, ինչպես հայտնի է, վերջին 25 տարիներին մի շարք ձախողումներ է կրել իր արտաքին քաղաքականության ասպարեզում: Շարունակվել են ձախողվել Եվրամիություն մտնելու նրա բոլոր ջանքերը, ձախողվեց անցած 90-ականների թյուրքական պետությունների քաղաքական միություն ստեղծելու փորձը, անհաջողության մատնվեցին «զրո խնդիր բոլոր հարեւանների հետ» Դավութօղլուի եւ ԵՄ-ի օրինակով մուսուլմանական երկրների միություն ստեղծելու Էրդողանի ծրագրերը: Սա այսպես է: Բայցեւ Ադրբեջանի եւ Ռուսաստանի օգնությամբ մեծ հաջողության է հասել էներգակիրների փոխադրման միջազգային կարեւորագույն հանգույց դառնալու գործում, ինչը ֆինանսատնտեսական միջոցների նոր աղբյուրներով եւ ազդեցության նոր լծակներով է օժտել այդ երկրին: Այս ընթացքում ասադական Սիրիան, անկասկած՝ նաեւ Իրանի քաջալերմամբ, մեծ վերապահումներով է վերաբերվել տարածաշրջանում Թուրքիայի հեգեմոնիստական նկրտումներին, որի համար վերջինս բազմիցս փորձել է ճնշումներ բանեցնել Սիրիայի վրա, ասենք, մասնավորապես, Եփրատի ջրօգտագործման սահմանափակման եւ քրդական զինյալ ջոկատների հարցերով: Եթե մտրակներից անցնենք բլիթներին, ապա Էրդողանի հակաիսրայելական կեղծ ու էժանագին ռեւերանսները եւս այն արդյունքը չունեցան Թուրքիային սահմանակից արաբական պետությունների քաղաքական շրջանակներում, որը ակնկալվում էր Թուրքիայում: Այժմ, երբ Կատար-Եվրոպա գազատարի ծրագիրն առարկայացման գործընթացի մեջ է մտնում, Թուրքիան ձգտում է ասադական վարչակարգի տապալման գործում ցուցադրել իր առավելագույն եռանդը՝ սիրիական կարկանդակից իր բաժինը անպայման պոկելու հույսով: Այստեղ իսկապես թուրքերը մեծ խնդրի առջեւ են կանգնած, իսկ եթե այդ գազատարը կառուցողները որոշեն սիրիական տարածքից հետո դրա ուղեգիծը անցկացնել ոչ թե Թուրքիայով, այլ Միջերկրական ծովի հատակո՞վ: Սա թուրքերի համար մի նոր խոշոր ձախողում կլինի:

Իրանն ակնհայտորեն շահագրգռված է ասադական վարչախմբի իշխանության հնարավորինս երկար պահպանմամբ ոչ միայն նրա համար, որ Սիրիան տարածաշրջանային իր կարեւոր դաշնակիցն է, որ այն արաբական երկիրն է, որը չի քաջալերում Ծոցի որոշ երկրների հակաիրանական նկրտումները, տարածաշրջանում չի ընդառաջում Թուրքիայի հեգեմոնիստական հավակնություններին, որ Բաշար Ասադը անկեղծ ու հավատարիմ գործընկեր է, այլեւ որովհետեւ ասադական վարչակարգի գոյության հնարավորինս երկար ձգձգումը կարող է անորոշ ժամանակով հետաձգել Կատար-Եվրոպա գազատարի կառուցումը եւ հանգեցնել Իրան-Եվրոպա գազատարի կառուցման առաջնահերթության առարկայացմանը (ի դեպ, այս պարագայում եթե Հայաստանում ազգային անկախ իշխանություն լինի, կարելի է հեռու գնացող բաների մասին մտածել): Սա հեռու չէ իրականությունից՝ մանավանդ այժմ, երբ դանդաղ, բայց անշեղորեն բարելավվում են Իրան-Արեւմուտք հարաբերությունները:

Ռուսաստանը, բացի զենքի վաճառքից եւ ՄԱԿ-ի ամբիոնից մեծ-մեծ խոսելուց, ոչնչով չի կարող օգնել ասադական վարչակարգին: Այդ թղթե վագրը, հոգեկան խանգարման ինչ-որ պահի ազդեցության տակ գրավելով Ղրիմը, այս օրերին նախնական պատժամիջոցների ազդեցության տակ աստիճանաբար վերստանում է իր իրական տեսքը՝ ի դեմս իր արածից վախվորած կատվի:

Ահա այս եւ սրանց առնչվող այլեւայլ իրողությունների հաշվառմամբ է, որ մենք պետք է գտնենք այն լավագույն տարբերակը, որով կկարողանանք հնարավորինս ապահովել սիրիահայերի անվտանգությունը եւ բարելավել նրանց վիճակը, այդ թվում՝ քեսաբահայերի: Իսկ դատապարտվածության տրամաբանությունը վատթարագույն բանն է թե՛ մարդու, թե՛ ժողովրդի կյանքում: Հարցերը միշտ էլ՝ լավ, թե վատ, լուծելու հնարավորություններ են պարունակում: Ընդ որում, ամենաընկճված պահին պետք է մտածել, որ վաղը նոր օր է լինելու:

– Դուք բավականին հետաքրքիր մեկնաբանություն եք տվել ՀՀ-ի արտաքին քաղաքականությանն ու իշխանությունների որդեգրած գծին Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների առիթով: Ձեր կարծիքով՝ ի՞նչ կարող է եւ ի՞նչ պետք է անի ՀՀ իշխանությունը:

– Ես քեսաբահայերին պատուհասած ծանր փորձությունները (ի դեպ, որոնք երբեմն ուռճացվում են ռուսական վայրի քարոզչության եւ «մեր» օտարի կամակատար շրջանակների կողմից) չեմ ուզում տարանջատել Սիրիայի ողջ հայությանը բաժին ընկած դժբախտություններից: Բայցեւ չեմ կարող չխոստովանել, որ իմ պատկերացման մեջ Քեսաբը սփյուռքահայության համար խորհրդանշական եւ սիրված վայր է, այսպես ասած՝ մի այլ բնույթի հայկական «Դավոս», եւ նրա կորուստը զգալի բացասական ազդեցություններ կունենա հայկական մերձավորարեւելյան սփյուռքի կենսունակության վրա: Այս դրության մեջ, դժբախտաբար, Հայաստանում խելահաս իշխանություն չկա, որը քաղաքական համապատասխան հաշվարկների հիման վրա սկսի գործնական քայլեր կատարել: Կարծում եմ, որ դրանք, թեկուզ ուշացած, պետք է սկսել սիրիահայ համայնքների լիազորած ներկայացուցիչների հետ խորհրդակցություն անցկացնելով, որտեղ նրանց պետք է հասկացնել մի քանի կարեւորագույն եւ անշրջանցելի իրողություններ եւ դրանց թելադրած հետեւությունների եւ գործնական քայլերի հերթականությունը… հասկանո՞ւմ եք, ես ձեր հարցին սպառիչ պատասխան տալ չեմ կարող, որովհետեւ այդպես վարվելու դեպքում կարելի է սպառնալիքի տակ դնել ծրագրային նույնիսկ ամենաարդյունավետ տարբերակի իրագործումը: Մի բան միանշանակ է՝ սիրիահայ համայնքը պետք է պահպանվի եւ վերականգնվի ամեն գնով:

– Պատգամավորական խումբը Սիրիայում եղավ, եւ փոխանցվող տեղեկատվության համաձայն՝ նրանք խորհրդարանի ներկայացուցիչների եւ Սիրիայի նախագահի հետ հանդիպումներում քննարկել են նաեւ հայ համայնքի հետ կապված հարցերը: Գուցե ճիշտ է այս փուլում խորհրդարանական դիվանագիտության ուժեղացումը:

– Ամեն փուլում էլ խորհրդարանական դիվանագիտությունն իր համեստ դերն ունի: Բայց այն արժեզուրկ է դառնում, երբ ձեռքի տակ չունի պրագմատիկ հաշվարկով առաջարկությունների եւ դրանց իրականացման միջոցների փաթեթ: ՀՀ խորհրդարանական այդ պատվիրակության անդամների մտավոր անվստահելի մակարդակը եւ անփորձությունը հուշում են, որ ՍՍ-ական իշխանության համար նրանց Սիրիա ուղարկելը «պտիչկա» դնելու համար է՝ հասարակության աչքերին թոզ փչելու համար, թե իբր «գործ ենք անում»:

– Հայաստանում կոչեր հնչեցին ինքնապաշտպանական ջոկատներ կազմելու եւ մեկնելու ու մեր հայրենակիցներին պաշտպանելու մասին: 21-րդ դարում նման ինքնապաշտպանությունն ընդունելի՞ է:

– Որտեղ էլ լինի՝ անբնական չեմ համարում նման կոչերը, երբ մեկը զենքով գալիս է քեզ վրա: Զարգացած կոչվելու համար պարտադիր չէ ոչխարի նման կոտորվելու պատրաստակամություն դրսեւորել կամ էլ վախից հոպոպի նման թռչկոտել այստեղից այնտեղ: Դարը կապ չունի մարդու կամ մարդկային ընդհանրությունների բնույթի հետ: Աստված կամ բնությունը մարդկային ցեղին օժտել են ինչքան դրական, այնքան էլ բացասական հատկանիշներով, եւ այդ հարաբերակցությունը երբեք չի փոխվելու, որովհետեւ դա դեմ է բնության էությանը:

– Աշխարհաքաղաքական այս զարգացումներում, Ձեր կարծիքով, ՌԴ-ի նախաձեռնությունը` Մաքսային միության մասով, կհաջողվի՞ իրականություն դարձնել, Ղրիմի զարգացումների ֆոնին Հայաստանի արագընթաց անդամագրումը ՄՄ-ին ո՞ւր կտանի Հայաստանը, մանավանդ, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ընդունեց Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ բանաձեւ:

– Իմ կարծիքն այն է, որ ՀՀ-ի անդամակցությունը ռուսական ՄՄ-ին իրենից տնտեսական բնույթի որեւէ արժեք չի ներկայացնում, իր էությամբ անհեթեթություն է եւ իրագործման դեպքում ուղղակի կաշկանդելու է Հայաստանի՝ առանց այն էլ տեղապտույտի մատնված տնտեսական եւ սոցիալական համակարգերը՝ կանգնեցնելով մեր ժողովրդի եւ պետության գոյությունը լուրջ սպառնալիքի առջեւ: Բայց Ռուսաստանը, հենվելով ՀՀ-ի իր կամակատար ծախու եւ հանցագործ իշխանավորների վրա, համառորեն մեր երկիրը քարշ է տալիս դեպի այդ ՄՄ, որովհետեւ առանց այդ ՄՄ-ին անդամակցելու անհնար է Հայաստանի կամ որեւէ այլ պետության մասնակցությունը մի այնպիսի միության, ինչպիսին լինելու է ռուսական նոր կայսրության ճարտարապետների կողմից նախագծված վերազգային Եվրասիական միությունը: Կարծում եմ՝ դեռ շուտ է վերջնական եզրակացություն անել պուտինյան այս նացիստական ծրագրի իրացման հնարավորության վերաբերյալ, թեկուզեւ դրա հետ անմիջական եւ շոշափող կապեր ունեցող իրադարձությունները շատ արագ են ընթանում:

Զրույցը` ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930