Այս պահին «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի անչափահաս որդին՝ Շահեն Հարությունյանը, ոստիկանության քննչական վարչությունում հարցաքննվում է:
Հիշեցնենք, որ նախօրեին նրա նկատմամբ խուլիգանության հոդվածով մեղադրանք է առաջադրվել:
Քննչական վարչության դիմաց մի խումբ քաղաքացիներ պահանջում են դադարեցնել հետապնդումը անչափահաս տղայի նկատմամբ:
«Խուլիգանության հոդվածով մեղադրանք են առաջադրել՝ զենքի եւ զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ: Գտնում ենք, որ սա հերթական փորձն է հետապնդում եւ ճնշումներ գործադրելու Շանթ Հարությունյանի եւ նրա ընկերների նկատմամբ՝ այս անգամ նրա անչափահաս որդու նկատմամբ քրեական գործ հարուցելու միջոցով: Քրեական քննությունը իրականացնող մարմինը դիմում է բոլոր ապօրինություններին, հինգ ամիս շարունակ մարդիկ պահելով անազատության մեջ՝ այդպես էլ ոչ մի հիմք չկարողացան ներկայացնել ոստիկանների նկատմամբ բռնության կիրառման մեղադրանքի համար: Մեղադրանքի հոդվածները փոխեցին խուլիգանություն հոդվածով եւ հինգ ամիս անց նոր հիշեցին, որ Շահեն Հարությունյանը նույնպես խուլիգանական արարք է կատարել՝ այն էլ զենքի ու զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ: Հետաքրքիր է թե այդ զենքը որտեղի են հայտնաբերելու, հնարելու, որովհետեւ եթե նման մեղադրանք են առաջադրում, պետք է առաջադրեն զենքի ապօրինի պահելու մեղադրանք, որը տեսնում ենք չկա»,- ասաց իրավապաշտպան Արթուր Սաքունցը:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































