Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ-ուկրաինական հարաբերություններին իրականում ոչինչ չի սպառնում». Արմեն Աշոտյան

Ապրիլ 04,2014 15:06

Երևանի Տարաս Շևչենկոյի անվ. թիվ 42 դպրոցում այսօր նշվեց ուկրաինացի մեծ բանաստեղծի՝ Տ. Շևչենկոյի 200-ամյակը: Միջոցառմանը մասնակցում էին նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ-ում Ուկրաինայի դեսպանատան ներկայացուցիչներ:

«Ես շատ ուրախ եմ, որ մենք ունենք ուկրաինացի մեծ գրող և հրապարակախոս Շևչենկոյի անվան ավագ դպրոց, և կարծում եմ, որ այս դպրոցի առկայությունն ու մեր այսօրվա միջոցառումը վկայությունն են այն բանի, որ հայ-ուկրաինական հարաբերություններին իրականում ոչինչ չի սպառնում, որովհետև այդ հարաբերությունները վեր են քաղաքական տարաբնույթ գնահատականներից, այդ հարաբերությունները հարյուրամյակների պատմություն ունեն և դրանք լոկ անցյալ չեն, ոչ էլ այսօրվա մի փոքր մառախլապատ քաղաքական ներկան են: Այդ հարաբերությունները, իրականում, ապագան են, որովհետև որքան էլ քաղաքական տարաբնույթ գնահատականներ և խնդիրներ առաջանան, միևնույն է, մեր երկու ժողովուրդների միջև երբեք չի եղել, չկա և չի լինի որևէ խոչընդոտ, որը ստվեր կնետի հայ-ուկրաինական բարեկամության վրա: Ուկրաինայի ժողովուրդն արժանի է խաղաղության և բարեկեցության»,- միջոցառման հանդիսավոր բացման խոսքում ասաց Արմեն Աշոտյանը:

Նշենք, որ դպրոցում այսօր բացվեց նաև Տ. Շևչենկոյին նվիրված դահլիճ-թանգարանը, որի գոյությունը կարևորելով հատկապես աշակերտների համար՝ դպրոցի տնօրեն Էլեոնորա Թումանյանն ասաց. «Դպրոցն արդեն 70 տարի է, ինչ կրում է Տարաս Շևչենկոյի անունը, և, չնայած նրան, որ դպրոցում կային մեծ արվեստագետին վերաբերող որոշակի պատառիկներ՝ դիմանկարներ, քանդակներ, հարուստ գրականություն և այլն, բայց, այնուամենայնիվ, չկար մի անկյուն, որը պատշաճ ձևով կլուսաբաներ նրա կյանքն ու ստեղծագործությունը: Եվ ես շատ ուրախ եմ, որ այս դահլիճ-թանգարանն այսօր արդեն տալիս է այդ հնարավորությունը»:

Հայաստանում Ուկրաինայի դեսպան Ի. Կուխտայի ներկայացուցիչ Իգոր Ռոմանն էլ, կարևորելով այսպիսի միջոցառումները, ասաց, որ դրանք մեծապես նպաստում են հայ-ուկրաինական հարաբերությունների զարգացմանը, և որ սերունդները երբեք չեն մոռանա երկու եղբայրական ժողովուրդների բարեկամությունը:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930