Լրահոս
Օրվա լրահոսը

Միջադեպ Վարդան Պետրոսյանի գործով. դատավորը սանկցիա է կիրառում տուժողի նկատմամբ

Ապրիլ 04,2014 19:42

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաղինակ Մկրտչյանը դատական նիստերի դահլիճից դուրս հրավիրեց Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով տուժող Հայկ Հակոբյանին:

Դատավորը մինչ այդ նախազգուշացրել էր տուժողին, տեղից վիրավորական արտահայտություն անելու համար:

Ամեն ինչ սկսվեց պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանի միջնորդություններից:

Պաշտպանը միջնորդեց, որպեսզի անթույլատրելի ճանաչվի Վարդան Պետրոսյանին որպես կասկածյալի հարցաքննելու եւ ապա` մեղադրյալ ներգրավվելու մասին արձանագրությունները: Պաշտպանն ասաց, որ գործում առկա է երկու արձանագրություն` մեղադրյալ ներգրավվելու մասին: Տուժողը ռեպլիկի կարգով ասաց.

-Բա որ երկու հոգու է սպանել:

Տուժող Հայկ Հակոբյանը միջնորդության հետ կապված իր դիրքորոշումն արտահայտելու համար վեր կացավ, ու ասաց. «Եկել ենք, մեկը թատրոն է խաղում, մեկը», իսկ մյուս տուժողն էլ`Արթուր Հակոբյանն ասաց. «Ներվերս չի հերիքում, իզուր եմ եկել, ինչքան կարող է»:

Երբ պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդություն արեց երեք անձանց`Տիգրան Խաչատրյանին, Հրանտ Վարդանյանին, Տիգրան Պետրոսյանին դատակոչել դատարան, որպես վկա, հրապարակելով որոշ տեղեկություններ, հիմնավորելու համար, թե ինչու են նրանք անհրաժեշտ դատարան գալու համար, տուժող Հայկ Հակոբյանը ասաց.«Էլի իր էշն է քշում, լրբի լակոտը»: Դատավորը հեռացրեց տուժողին, իսկ դատական նիստերի դահլիճից էլ Սերգեյ Սիմոնյան ներկայացած մեկին, որը ետեւի շարքերից բղավեց. «Էս ինչ շոու եք սարքել»:
Դատարանը զգուշացրեց դատավարության մասնակիցներին միմյանց նկատմամբ վիրավորական արտահայտություններ չանել, հետեւել դատավարության կարգին:

Դատարանը բավարարեց Վարդան Պետրոսյանի պաշտպանի միջնորդությունը, երեք անձանց  դատարան կանչելու համար, ինչին կողմ եղան մեղադրողն ու տուժողները:

Ի դեպ, ավտովթարի օրը նրանք ավտոմեքենայից դուրս են բերել Վարդան Պետրոսյանին, եւ ցուցմունք էին տվել, որ նրանից եւ հագուստներից խմիչքի հոտ չեն զգացել:

Դատարանը հետաձգեց Նիկոլայ Բաղդասարյանի մի միջնորդությունը, որը վերաբերում էր այս գործով քաղհայցվոր ճանաչված գյուղնախարարության ինչ-որ կազմակերպությանը: Երկու միլիոն վեցհարյուր  հազար դրամի հայց է ներկայացվել դատարան, արգելանք է դրվել Պետրոսյանի գույքի վրա: Ըստ պաշտպանի Պետրոսյանի ավտոմեքենան ապահովագրված է մի ընկերության կողմից եւ եթե պարզվի, ով է մեղավոր հայցվորի ասած հայցի շրջանակներում, ապահովագրական ընկերությունը պետք է  հատուցեր գումարը:

Վարդան Պետրոսյանը, երբ իր պաշտպանը վիճարկում էր քննիչ Հայկարամ Հակոբյանի` որպես կասկածյալ հարցաքննության արձանագրությունը,  հայտնեց, որ դեպքը համարել է դժբախտ պատահար, մեծ ողբերգություն, որ առանց փաստաբանի փորձել են իրեն որպես կասկածյալի հարցաքննել, որ ինքը չի ստորագրել այդ արձանագրության տակ:

Ըստ Վ.Պետրոսյանի, քննիչն ասել է` ստորագրեք, կտամ բլանկը, իսկ երբ բլանկը չի տրվել ինքը գրել է` ես ինձ մեղավոր չեմ ճանաչում:

Մեղադրողը փորձեց հակադարձել, թե Վարդան Պետրոսյանն «էն  լացակումած իրավիճակն» է ներկայացնում, մինչդեռ քննիչը, երբ գնացել է նրան հարցաքննելու, բուժկենտրոնի փաստաթղթի համաձայն, նա ի վիճակի չի եղել ցուցմունք տալու:

Դատավոր Վաղինակ Մկրտչյանը հիմա էլ զգուշացրեց մեղադրողին:

Դատավորը լրացուցիչ հարցրեց մեղադրող Արթուր Սարգսյանին, թե չի՞ հարցաքննվել որպես կասկածյալ Վարդան Պետրոսյանը, հետեւեց`ոչ:

Ի դեպ, Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ որպես կասկածյալ իր պաշտպանյալը որեւէ տեղ չի ստորագրել, քանի որ քննիչը թույլ չի տվել, որ նա ավարտի իր ցուցմունքը:

Ավելին, ըստ պաշտպանի, քննիչը արձանագրել էր, որ թույլ չի տվել, որ պաշտպանն իր դիտողությունն անի արձանագրության մեջ. «Գրիչն իմ ձեռից հարկադրաբար վերցրեց»:

Քննիչն այդ կապակցությամբ արձանագրել էր. «Իմ կողմից թույլ չտրվեց, որ պաշտպանը շարունակի, քանի որ Վարդան Պետրոսյանը ցուցմունք չի տվել»:

Պաշտպանի եւ Վարդան Պետրոսյանի ստորագրությունները  բացակայել են, ինչը կոպիտ խախտում էր:

Պաշտպանն ասաց, որ քննիչի դեմ բողոք է բերվել դատախազին, սակայն դատախազը քննիչի գործողություններն օրինաչափ է համարել:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930