«Հոսանքի սակագինը անցած տարի չի թանկացել, որովհետև․․․պարոն Թունյանը թող գա ուղիղ պատմի՝ ինչի՞ չի բարձրացել։ Ես գիտեմ դրա պատասխանը։ Նաեւ՝ ուղիղ պատմի՝ ինչի՞ այս տարի չի թանկանալու»,- խորհրդարանում 2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ առաջարկեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀԷՑ գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Նա պատասխանել էր այս օրերին Սամվել Կարապետյանի կողմից ՀԷՑ-ի ձեռքբերման եւ շահագործման մասին հնչած իշխանական տարբեր մեկնաբանություններին։
«Սամվել Կարապետյանի ձերբակալման պահից առնվազն յոթ-ութ անգամ ասել եմ՝ ես չեմ կարող Հ1-ում բանավեճ կազմակերպել, կազմակերպեք ձեր կառավարչի հետ, ես գալիս եմ։ Ասում եք՝ թալանչի, հանցագործ․․․ գալիս է այդ մարդը, գալիս է քո դեմը կանգնի, դու հիմնավորի․ 1,5 տարի խաբար չկա։ Գնում, իրար հետ տնավարի նստում, զրուցում են, ասում է՝ Սամվել Կարապետյանը ՀԷՑ-ը առել է 30 միլիոն դոլարով։ Երկու փոխվարչապետ ունեք ձեր սիրած նախկիններից, հարցրեք, ասեք՝ ի՞նչ վիճակում էր ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի ձեռք բերելուց, չի՞ հետաքրքրում ոչ մեկին։ Ես այստեղից առաջարկ արեցի, ասացի՝ 64 պատգամավոր կա, որ մեկը ցանկանա ամբողջը իմանալ, պատրաստ եմ հրապարակային, առանձին․․․ ոչ մեկը չի դիմել։ ՀԷՑ-ը երկու-երեք ամսվա կյանք է ունեցել, մարդը ձեռք է բերել ՀԷՑ-ը իշխանությունների խնդրանքով, 30 միլիոն դոլար վճարել է, 12 միլիարդ դրամ կրեդիտորական պարտքը վերցրել է իր վրա, վճարել է։ 110 միլիոն դոլար վարկը, որ եղել է ՀԷՑ-ի վրա, դա էլ է վերցրել իր վրա․ դա եղավ 30 միլիոն դոլարի ձեռքբերո՞ւմ»։
Նա շարունակեց անդրադառնալ Ռոմանոս Պետրոսյանի վերջին հարցազրույցին․ «Հիմա Հ1-ի եթերում, որ ձեր գործընկերը՝ 690-790 հազար դրամից գնացել 5.2 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, ինչի՞ չի ասում, որ ի սկզբանե ձեռք բերելուց ՀԷՑ-ը, ոչ մեկը չէր թողնելու այդ վարկերը ձևակերպել ուղղակի ՀԷՑ-ի անունով։ «Տաշիր կապիտալը» Սամվել Կարապետյանի ստորագրությամբ տվել է երաշխիք։ Եթե ՀԷՑ-ը խնդիր ունենար, Սամվել Կարապետյանի երաշխավորությունն էր աշխատում։ Ինձ թվում է՝ գիտեք ձևը՝ եթե չեն վճարում, ես երաշխավոր եմ, իմ հարազատի համար վարկը մուծելուց մի օր առաջ ինձ նամակ է գալիս՝ վաղը վարկի վճարման օրն է։ Դրա մասին ինչի՞ չեք խոսում»։
Կարդացեք նաև
Դավիթ Ղազինյանն անդրադարձավ նաեւ հենասյուների չարչրկված թեմային․ «Երբ որ ՀԷՑ-ը սյունը, ենթակայանը դնում է, տարվա վերջում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գալիս ստուգում է, նոր դա մտցնում է սակագնի հաշվարկի մեջ։ Ի դեպ, նա ունի բացառիկ իրավունք ասելու՝ այս սյունը չպիտի այստեղ դնեիր, չեմ ընդունում։ Այդ թվում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին լրացուցիչ բյուջե է տրվել մեր բոլորի հարկերից, որպեսզի նրանք պատվիրեն աուդիտ․ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տարիներ շարունակ աուդիտը կանչել է, աուդիտը արել է, դրական եզրակացությունը տվել է, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ընդունել է դա, որպես ներդրում, մտցրել է սակագնի մեջ՝ ձեր օրոք․․․ ձեր կուսակիցը, Քանաքեռ-Զեյթունի ՔՊ-ի հավաքների ժամանակ միշտ նստած էր… այսօր եկել եք, ասում եք՝ այդ բոլորը ՀԷՑ-ը… տարածքային կառավարումն ունեցել է էներգետիկայի գծով տեղակալ․․․ Բա այդ բոլորը, եթե սխալ են եղել ու կոմպետենտ չեն եղել, կարո՞ղ է ի սկզբանե ձեր իշխանության գալն էր սխալ, կամ գնալու ժամանակն է։
Պարոն Թունյան, ասում եք՝ 20-30 ընկերություն է մասնակցել մրցույթին, հիմա 200-ից ավել է մասնակցում։ Դուք հա՞շտ եք, որ ՀԷՑ-ի մրցույթին գալիս մասնակցում է կահույքի մասնագիտացված արտադրողը։ Նորմա՞լ է։ Այսինքն՝ մրցույթը հայտարարվում է, այդպես մի 500 հոգի գան մասնակցեն, գները ջարդեն ու հաղթեն, երկու-երեք ամիսն անցնի, կանխավճարն էլ տաք, չկարողանա՞ն․․․ »։
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Այս ելույթից հետո Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «ՀՀ ԱԺ պատգամավոր, ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի պարտականությունները գրեթե մեկ ամիս կատարած Դ.Գ.Ղազինյանի՝ ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարման շրջանում բացահայտված փաստերի շուրջ ինձ բանավեճի հրավերին ի պատասխան.
վերջինիս առաջարկում եմ՝ բանավեճ իրականացնել ՀԷՑ-ի «Մուսալեռ» մասնաճյուղի գործող տնօրենի հետ, որտեղ նույն Դ.Գ.Ղազինյանը շուրջ 8 տարի պաշտոնավարել է նույն այդ հաստիքին՝ մինչև «Տաշիր» ընկերությունների խմբի կողմից ՀԷՑ-ի բաժնետոմսերի ձեռք բերում։ Ընդ որում, վերջինս այժմ բառացի շեփորում է, թե օրվա սեփականատերերի կողմից Ընկերությունը ձեռք բերելիս «ՀԷՑ-ը 2-3 ամսվա կյանք ա ունեցել»…
Ինքս պատրաստակամություն եմ հայտնում ՀԷՑ-ի կառավարման շուրջ բանավեճ իրականացնել ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀԷՑ-ի տնօրենների խորհրդի նախկին նախագահ և երկար տարիներ նույն խորհրդի նախագահի տեղակալ հանդիսացած՝ Նարեկ Կարապետյանի հետ։
Հանրային (ուղիղ եթերում) բանավեճի վայրը, օրը, ժամը և ձևաչափը թողնում եմ վերջինիս հայեցողությանը»։



















































