Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԾ պետին ու գլխավոր դատախազին դատի տված նախկին քաղաքապետը պնդում է. «Պետք է գան ու աչքերիս մեջ նայեն»

Մայիս 05,2014 17:35

Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը ՀՔԾ պետի եւ գլխավոր դատախազի անգործությունը վերացնելու պահանջով հասել է Վերաքննիչ քրեական դատարան:

Նա այստեղ բողոքարկում է Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը`անգործությունը վերացնելու իր պահանջը մերժելու վերաբերյալ:

Պատասխանող կողմերը այսօր դատարան չէին ներկայացել` դատարանին գրավոր պատճառաբանելով, որ իրենց բացակայությունը բացատրված է ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկով:

Պարոն Հարությունյանը դատարանում կարծիք հայտնեց, որ ՀՔԾ պետի եւ գլխավոր դատախազի ներկայացուցիչների բացակայությունը դատարանում ամենեւին էլ աշխատանքային ծանրաբեռնվածությամբ պայմանավորված չէ, այլ ասելիք չունեն. «Պետք է գան դատարան, նայեն իմ աչքերին ու պատասխանեն իմ պահանջներին, հարցերին»:
Սամվել Հարությունյանին դատարանը մոտ մեկ ժամ հնարավորություն տվեց ներկայացնելու իր հիմնավորումները` կապված առաջին ատյանի դատարանի որոշման հետ:

Հիշեցնենք, որ ՀՔԾ պետի եւ գլխավոր դատախազի անգործությունը վիճարկելու համար Գորիսի նախկին քաղաքապետին դատարան է տարել Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասին տասնյակ հրապարակումների հիման վրա ոչ մի քրեական գործ չհարուցելու փաստը:

«Պահանջում եմ` ՀՀ իրավապահ համակարգը վերջապես վերջակետ դնի այդ արտասովոր ոճրագործի քրեական ընթացքի նկատմամբ: Միայն վերջին 11 ամիսների ընթացքում  120-ից ավելի ելույթներ, ճչացող փաստ ապացույցներով հիմնավորել եմ Սուրիկ Խաչատրյանի՝ 90-ականներից մինչեւ վերջին ամիսները նրա ու նրա հանցակիցների կողմից կատարած հանցանքները, խոսքը գնում է 60 հանցանքի մասին»,- ասաց պարոն Հարությունյանը:
Հետո դժգոհեց, որ իր ներկայացրած ամեն հրապարակումից հետո Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ ոչ թե քրեական գործ են հարուցել, այլ նոր պաշտոններ են տվել. «Միջնակարգ դպրոցից հեռացվածը երեք ընտրաշրջան եղել է ԱԺ պատգամավոր, պայմանագրային գումարտակի հրամանատար, Գորիսի քաղաքապետ, Սյունիքի մարզպետ»:
Դատավորը նախկին քաղաքապետին դիտողություն արեց, թե «Սուրիկ Խաչատրյանի կենսագրությունը չենք քննարկում, այլ դատարանի որոշման վերաբերյալ ձեր հիմնավորումները, ինչի հետ համաձայն չեք՝ դա ներկայացրեք»:

Պարոն Հարությունյանն էլ շարունակեց, պատմեց, թե 2013-ի դեկտեմբերին գրավոր նամակով դիմել է ՀՔԾ` նամակին կցելով իր ելույթները, Սուրիկ Խաչատրյանի քրեական հանցագործությունների վերաբերյալ փաստաթղթերի մի ամբողջ փաթեթ, բայց ոչ մի արձագանք. «Հեռախոսազանգ նույնիսկ չստացա, չհրավիրեցին, որ ասեին, ճի՞շտ եմ, թե` ոչ, չհարցրին` ունե՞մ լրացուցիչ տեղեկություններ, կարո՞ղ եմ տրամադրել, թե` ոչ: Միայն գրավոր պատասխանեցին, թե իմ փաստերը բավարար չեն, որ դրանց հիման վրա քրեական գործ հարուցվի»: Սամվել Հարությունյանի խոսքով՝ գլխավոր դատախազության իր դիմումն էլ հասցեագրել են ՀՔԾ-ին` պատճառաբանելով, թե նրա պահանջները ՀՔԾ-ին են ուղղված:

Դատական հաջորդ նիստը նշանակվեց մայիսի 22-ին`պատասխանող կողմի ներկայությունը դատարանում ապահովելու համար:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031