Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատվել են հանրապետության ենթաշրջանների գյուղատնտեսության զարգացման 2014թ․ ծրագրերը

Մայիս 27,2014 18:25

Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Արա Հարությունյանը:

Գործադիր մարմինը նիստում հանդես է եկել մի շարք օրենսդրական նախաձեռնություններով, մասնավորապես, դատական համակարգի վերաբերյալ: Փոփոխություններ և լրացումներ են առաջարկվում ԼՂՀ քաղաքացիական և վարչական դատավարության օրենսգրքերում: «ԼՂՀ  դատական օրենսգրքում»  և «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում լրացումների նախագծերի փաթեթով, մի շարք նոր դրույթների հետ, առաջարկվում է  ներդնել դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկված անձանց մասնագիտական պատրաստման և վերապատրաստման համակարգ, կատարելագործել դատավորների թեկնածուների ցուցակում ընդգրկելու համար որակավորման ստուգման կարգը, դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով որակավորման քննությունների համար սահմանել պետական տուրք՝ բազային տուրքի երեսնապատիկի չափով:

«Դատական ծառայության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու առաջարկություն է ներկայացվել` պայմանավորված նշյալ օրենքի դրույթները  «Հանրային ծառայության մասին» և «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ԼՂՀ օրենքների դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:

Կառավարության քննարկմանն է ներկայացվել  նաև «Պետական կենսաթոշակների մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին»,  «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին և «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքների նախագծերի  փաթեթը: Առաջարկվում է հստակեցնել  կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի իրավունք ունեցող անձանց շրջանակը, ինչպես նաև  ամրագրել ԼՂՀ-ում հաշվառված և Հայաստանի Հանրապետության ուժային մարմիններում ծառայած անձանց՝ ԼՂՀ զինվորական կենսաթոշակ նշանակելու իրավունքը:

ԼՂՀ գյուղատնտեսության նախարարությունը հանդես եկավ «Բուսասանիտարիայի մասին», «Սննդամթերքի անվտանգության մասին» և «ԼՂՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ԼՂՀ օրենքներում լրացումներ և  փոփոխություններ կատարելու առաջարկությամբ: Դրանք պայմանավորված են սննդամթերքի անվտանգության ապահովման համակարգի ներդրման համար նախադրյալների ստեղծման անհրաժեշտությամբ. նախատեսվում է սննդամթերքի անվտանգության ծառայությանը վերապահել բնագավառի պետական վերահսկողությանն առնչվող գործառույթները:

Օրինագծերը կներկայացվեն ԱԺ-ի քննարկմանը:

Այսուհետ արյան դոնորություն իրականացնող կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների, փոխներարկումային բժշկական օգնություն իրականացնող բժշկական կազմակերպությունների կամ դրանց ստորաբաժանումների կողմից այլ բժշկական կազմակերպություններին արյան բաղադրամասերի տրամադրումը կիրականացվի կառավարության կողմից սահմանված կարգի համաձայն, մինչ այդ գործընթացի հետ կապված հարաբերություններն իրավական կարգավորում չունեին: <Եկամտային հարկի մասին> ԼՂՀ օրենքում փոփոխությամբ պայմանավորված` փոփոխության ենթարկվեց նաև կառավարության նախկին որոշումներից մեկը, որի համաձայն` այլ վայր աշխատանքի ուղեգրվող բժշկին յուրաքանչյուր ամիս կտրվի ֆինանսական աջակցություն` հիմնական աշխատավարձի 30-80 տոկոսի չափով` նախկին 40-80 տոկոսի փոխարեն: Վարչապետը խորհուրդ է տվել ավելի հետևողական լինել շրջանները, մանավանդ գյուղական բնակավայրերը բուժաշխատակիցներով ապահովելու հարցում:

Գործադիրը հաստատել է ծանր, վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար արտադրությունների, աշխատանքների, մասնագիտությունների և պաշտոնների ցանկերը. որոշումը ուժի մեջ կմտնի 2015թ. հունվարի 1-ից, համաձայն որի համապատասխան աշխատողների աշխատավարձերին կգումարվեն հավելումներ:

Կառավարության նախկին որոշումներում արված փոփոխությամբ և լրացմամբ ԼՂՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով կգործի աշխատանքի և զբաղվածության գործակալությունը, ինչպես և ոչ կառավարչական հիմնարկի կարգավիճակով՝ տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոնը: Տնային պայմաններում  միայնակ տարեցներին և հաշմանդամ քաղաքացիներին կցուցաբերվի սոցիալ-հոգեբանական, բժշկական օգնություն և կկազմակերպվի կենցաղային սպասարկում:

Որոշում է կայացվել հաշմանդամներին անընդմեջ լիարժեք առողջարանային բուժման ուղեգրերի տրամադրման մասին: Ներկայումս հաշմանդամներին առողջարանային բուժման ուղեգրերը հատկացվում են երեք տարին մեկ անգամ, ինչը ամբողջապես չի նպաստում նրանց առողջության վերականգնմանը: Նոր որոշմամբ` աղեստամոքսային խանգարումներ, սրտի իշեմիկ հիվանդություն ունեցող հաշմանդամներին յուրաքանչյուր տարի, սակայն ոչ ավելի, քան երեք տարի անընդմեջ, կհատկացվի առողջարանային մեկ ուղեգիր:

Նիստում գործադիրի հավանությանն են արժանացել ԼՂՀ Ասկերանի շրջանի Խրամորթի, Մարտունու շրջանի Վերին ենթաշրջանի, Հադրութի շրջանի Ուխտաձորի և Տողի ենթաշրջանների գյուղատնտեսության զարգացման 2014 թվականի ծրագրերը, ներկայացվել են  դրանցից բխող  միջոցառումները: Երեք շրջանում 4 ենթաշրջանային ծրագրի համար պետբյուջեով նախատեսվում է մոտ 200 մլն դրամ գումար:   Ծրագրերով ենթաշրջանների համայնքներում կստեղծվեն հիմնական միջոցներ: Առկա ռեսուրսների արդյունավետ օգտագործման արդյունքում ակնկալվում է բնակչության կենսապայմանների աստիճանական բարելավում: Ծրագրերի իրագործման շնորհիվ կմեղմվի բնակչության արտահոսքը: Վարչապետը գյուղատնտեսության նախարարին հանձնարարել է հաշվետվություններ ներկայացնել կառավարություն` կատարված աշխատանքների վերաբերյալ:

Կառավարության հավանությանն են արժանացել նաև պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների նախագծերի կազմման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը` հուշարձանների վերականգնման գործառույթները և պայմանները կարգավորելու նպատակով: Հնարավորություն կստեղծվի նման աշխատանքներում ներգրավել տվյալ բնագավառում մասնագիտացված կազմակերպությունների և անհատների, որոնք կնպաստեն հուշարձանների գիտավերականգնողական աշխատանքներին:

Սահմանվել են նաև պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը, որոնցով  հնարավորություն կստեղծվի ապահովել պատմամշակութային հուշարձանների վերականգնման աշխատանքների կանոնակարգված գործընթացը:

 

ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031