Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռեժիսորներ առանց սահմանների» նախագիծն այս տարի էլ կմիավորի Արևելյան գործընկերության երկրների կինոգործիչներին

Հուլիս 03,2014 18:27

2011 թվականին Եվրամիության աջակցությամբ հիմնադրված «Ռեժիսորներ առանց սահմանների» (ՌԱՍ) նախագիծը, որը նպատակ ունի միավորելու Արևելյան գործընկերության երկրների կինոգործիչներին միևնույն ստեղծագործ հարթակում, «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում նախատեսում է իրականացնել մի քանի միջոցառումներ, որոնց մասին էլ այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին «Ոսկե ծիրան»-ի գեղարվեստական տնօրեն և ՌԱՍ ծրագրի ղեկավար Սուսաննա Հարությունյանը, ՌԱՍ նախագծի համակարգող Լուսինե Մարտիրոսյանը և ՌԱՍ նախագծի հանրային կապերի պատասխանատու Սոնա Շահբազյանը:

Սուսաննա Հարությունյանը տեղեկացրեց, որ հուլիսի 15-17-ը «Անի Պլազա» հյուրանոցում տեղի կունենա «Ռեժիսորներ առանց սահմանների» 8-րդ համատեղ արտադրության տարածաշրջանային ֆորումը, որն ամենամյա միջոցառում է և նպատակ ունի աջակցելու տաղանդավոր կինոգործիչներին, ինչպես նաև նպաստելու Արևելյան գործընկերության երկրներում ֆիլմերի արտադրությանն ու համատեղ արտադրությանը: Մասնակցության համար ներկայացված 24 նախագծերից 14-ն ընտրվել են ներկայացվելու և մրցելու զարգացման երեք դրամաշնորհների համար:

Լուսինե Մարտիրոսյանն էլ ծանոթացրեց ֆորումի ժյուրիի կազմին, որում ընդգրկված են Սուսաննա Հարությունյանը, Թբիլիսիի կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար Նինո Անջափարիձեն, ռումինացի պրոդյուսեր Դան Բուրլաքը, պրոդյուսեր, ՌԱՍ նախագծի միջազգային խորհրդատու Ջեֆ Քալուսդյանը և ուրիշներ:

Սոնա Շահբազյանն էլ նշեց, որ այս տարի ևս ՌԱՍ նախագիծը կներկայացնի նաև «Ֆիլմեր առանց սահմանների» կինոծրագիրը. «Ծրագրում կներկայացվեն 17 թեմատիկ ֆիլմեր, որոնք ստեղծվել են վերջին տարիներին՝ Արևելյան գործընկերության երկրներում և Թուրքիայում: Ցուցադրությունները տեղի կունենան «Ոսկե ծիրան»-ի շրջանակներում՝ «Մոսկվա» և «Նաիրի» կինոթատրոններում»,- ասաց Ս. Շահբազյանը և հավելեց, որ ծրագրի մեկնարկը կտրվի հուլիսի 14-ին՝ «Մոսկվա» կինոթատրոնում՝ «Եղբայրներ. վերջին խոստովանությունը» (ռեժ.՝ Վիկտորյա Տրոֆիմենկո, Ուկրաինա) ֆիլմի ցուցադրությամբ:

 

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031