Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ փողոցով քայլում ես, եւ մի գեղեցիկ աղջիկ գրկում է քեզ, տրամադրությունդ բարձրանում է»

Հուլիս 05,2014 14:10

Ասում է «Ժառանգություն» կուսակցության
փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը

Հուլիսի 4-ը նշվում է որպես գրկախառնության միջազգային օր՝ ի պատիվ ավստրիալացի Խուան Մաննի, ով առաջին անգամ Ավստրալիայում որոշել է գրկախառնվել անծանոթների հետ եւ ուրախացնել նրանց: Որոշ ժամանակ անց, սակայն, Սիդնեյի իշխանությունները արգելում են նրան գրկախառնվել այլ մարդկանց հետ` առանց բժշկական ապահովագրության, որի համար նա պետք է թանկ վճարեր (25 մլն դոլար):

Բարեբախտաբար, այսօր գրկախառնություններն անվճար են, իսկ տոնի խորհուրդն այսպիսին է. լավ տրամադրություն փոխանցել ոչ միայն հարազատներին ու մտերիմ մարդկանց, այլեւ՝ անծանոթներին:

«Երբ փողոցով քայլում ես, եւ մի գեղեցիկ աղջիկ գալիս եւ գրկում է քեզ, կամ երբ երիտասարդը գրկախառնվում է կնոջ կամ երիտասարդ աղջկա հետ, ինքնըստինքյան տրամադրությունդ բարձրանում է, սակայն հայկական իրականության մեջ մի քիչ բարդ եմ համարում դա»,- ասում է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը: Հարցին՝ ի՞նչ է փոխանցում մարդուն գրկախառնությունը, պատասխանում է՝ լավ տրամադրություն եւ հումորի զգացում:

Արմեն Մարտիրոսյանն ամեն օր մի քանի անգամ գրկախառնվում է իր աղջիկների հետ: Պատմում է՝ եղել են դեպքեր, երբ հանրահավաքների ժամանակ մասնակիցները ողջագուրվել են իր հետ, բայց անձամբ երբեք չի նախաձեռնել գրկախառնվել անծանոթների հետ: Հարցին՝ գուցե վաղը լրացնի այդ բացը, պատասխանում է. «Չէ, բոլոր պարերը չէինք պարել, որ մնար սարի բլբուլը»: Այնուամենայնիվ, «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահը մաղթում է մարդկանց՝ չանտեսել եւ չարհամարհել տոնը, քանզի այն տրամադրությունը բարձրացնելու եւս մեկ առիթ է: Գրկախառնության միջազգային օրվա կապակցությամբ զրուցեցինք նաեւ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանի հետ: Նա տեղեկացրեց, որ ամեն օր գրկախառնվում է աղջկա եւ իր հարազատների հետ: Նրանց համար գրկախառնությունը սովորական երեւույթ է, որի միջոցով արտահայտում են իրենց վերաբերմունքը միմյանց հանդեպ. «Գրկախառնության միջոցով մենք փոխանցում ենք ջերմություն, լավ տրամադրություն եւ սեր, որովհետեւ քո հարազատի հետ հպումներն իրականում սիրո եւ ջերմության նշան են,- ասում է նա եւ հավելում,- Մարդիկ ողջագուրվում են նաեւ տխուր ժամանակ՝ սատարելով եւ մխիթարելով դիմացինին»: Այն հարցին՝ հիմնականում տխուր, թե՞ ուրախ ժամանակ է գրկախառնվում մտերիմների հետ, պատասխանում է. «Այդ մասին երբեք չեմ մտածել: Գրկախառնվում եմ այն ժամանակ, երբ ցանկանում եմ»: Հարցին՝ իսկ վաղը պատրաստվո՞ւմ է գրկախառնվել որեւէ անծանոթ մարդու հետ, պատասխանում է. «Ինձ համար դա այնքան էլ ընդունելի չէ, չեմ պատկերացնում այդ տեսարանը: Իսկ ահա հարազատներիս հետ անպայման ողջագուրվելու եմ, ինչպես մյուս օրերին»: Տոնի առիթով պատգամավորը մաղթում է ունենալ անկեղծ եւ ջերմ գրկախառնության պահեր:
ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանն էլ տեղեկացնում է, որ վերջին անգամ գրկախառնվել է տղայի հետ՝ ծնողական ժողովի ժամանակ գովասանագիր ստանալու կապակցությամբ: Մեր հարցին, թե պատրաստվո՞ւմ է նշել տոնը կամ տոնի կապակցությամբ գրկել որեւէ մեկին, պատասխանում է. «Տոնը ես նշում եմ գրեթե ամեն օր՝ գրկախառնվելով ընտանիքիս անդամների, ընկերներիս եւ ծանոթներիս հետ: Գրկախառնվելով հարազատ մարդու հետ՝ ինքնաբերաբար դեմքիդ ժպիտ է հայտնվում եւ դա լինում է փոխադարձ: Դա այն արտահայտչամիջոցն է, երբ ուզում ես գրկել դիմացինիդ ու ոչինչ չասել, փոխարենը՝ ասել շատ ավելին: Գրկելը զորակցելու, մտերմության, ջերմության նշան է»,- ասում է նա: Վահե Էնֆիաջյանը եւս չի պատրաստվում տոնի կապակցությամբ գրկել անծանոթ մարդկանց՝ ելնելով արդեն նշված հանգամանքներից:

Նշենք, որ գրկախառնության վերաբերյալ կան մի քանի տոներ, դրանցից մեկն էլ «Գրկախառնությունների միջազգային օրն» է, որը նշվում է հունվարի 21-ին:
Գիտնականներն էլ պնդում են, թե կատարյալ երջանկության համար ամեն մարդ օրական առնվազն 8 անգամ պետք է գրկախառնվի:

ՆԱԶԵՆԻ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
04.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031