Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարության դանդաղկոտությունը լուրջ խախտումների պատճառ է. Օմբուդսմեն

Հուլիս 07,2014 12:04

Արդարադատության նախարարության մեղքով Հայաստանում ազատազրկվածները ոչ աշխատանքային օրերին և ժամերին չեն կարողանում հանդիպել փաստաբանների հետ, ինչն օրենքի կոպիտ խախտում է: Օմբուդսմենն արդեն տևական ժամանակ է, ինչ տեղեկացրել է Արդարադատության նախարարին այս անթույլատրելի խնդրի մասին, սակայն համարժեք քայլեր չեն ձեռնարկվել` համատարած խախտումը վերացնելու ուղղությամբ:

Դեռևս 2014թ. մարտի 29-ին (շաբաթ օր) փաստաբան Արայիկ Պապիկյանը մեկնել է Վանաձորի կալանավայր՝ իր պաշտպանյալին հանդիպելու նպատակով: Սակայն կալանավայրի ղեկավարությունն արգելել է հանդիպումը՝ վկայակոչելով Կառավարության համապատասխան որոշումը, ըստ որի՝ ազատազրկվածների հետ տեսակցությունը թույլատրվում է միայն աշխատանքային օրերին՝ 10.00-17.00-ն ընկած ժամանակահատվածում:

Պաշտպանի ուսումնասիրությամբ պարզվել է, որ Կառավարության 2006թ. օգոստոսի 3-ի որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության` կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգ»-ն ուղղակիորեն հակասում է Քրեական դատավարության ու Քրեակատարողական օրենսգրքերին և «Փաստաբանության մասին» ու «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» օրենքներին: Նշյալ օրենքներով փաստաբանն իրավունք ունի առանձին և անարգել տեսակցել իր պաշտպանյալի հետ՝ առանց հանդիպումների քանակի ու տևողության որևէ սահմանափակման: Մինչդեռ Կառավարության՝ օրենքներին հակասող որոշման պատճառով ազատազրկվածների իրավունքը կոպտորեն ոտնահարվում է, իսկ Արդարադատության նախարարությունը չի վերացնում իր իրավասությունների շրջանակներում առաջացած խախտումը:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը մայիսի 19-ին Արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանին ուղարկված գրությամբ առաջարկել է ուղղորդվել իրավական ակտերի միջև հակասությունների դեպքում ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերի գործողության սկզբունքով, ձեռնարկել միջոցներ փաստաբանների և ազատազրկվածների տեսակցության իրավունքի լիարժեք վերականգնման և Կանոնակարգն օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

Օմբուդսմենի գրությանն ի պատասխան՝ Արդարադատության նախարարը հայտնել է, որ անհրաժեշտ է ուսումնասիրել այլ երկրներում կիրառվող լավագույն փորձը և օրենսդրական բարեփոխումների ընթացքում առաջնորդվել այդ փորձով: Միաժամանակ նշվել է, որ տվյալ հարցում ակնկալվում է Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աջակցությունը: Հայտնվել է նաև, որ մայիսի 30-ին տեղի է ունենալու սեմինար, որի շրջանակներում նախատեսվում է քննարկել այդ հարցը:

Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներն, առաջնորդվելով կառուցողական համագործակցության սկզբունքով, մասնակցել են քննարկմանը, այնուհետև իրականացրել խորքային ուսումնասիրություն և պարզել, որ Եվրոպական դատարանը փաստաբանի հետ տեսակցությունների սահմանափակումները կամ դատական պաշտպանությունը նախապատրաստելու համար անհրաժեշտ ժամանակի անբավարարությունն առանձին դեպքերում դիտարկել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում (Օջալանն ընդդեմ Թուրքիայի, Դաուդն ընդդեմ Պորտուգալիայի): Ավելին, միջազգային փորձի ուսումնասիրության շրջանակներում պարզվել է նաև, որ Ռուսաստանի Գերագույն դատարանում լսվել է «Քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի կանոններ»-ի 83-րդ կետի (պաշտպանի հետ ազատազրկվածի տեսակցության սահմանափակումը ոչ աշխատանքային ժամերին և միայն վերկացից մինչև քուն ընկած ժամանակահատվածում) իրավաչափության հարցը:Դատարանը, առաջնորդվելով ՌԴ Սահմանադրությամբ ամրագրված, յուրաքանչյուր անձի իրավաբանական օգնություն ստանալու, իր նկատմամբ կայացված դատավճռի՝ օրենքով սահմանված կարգով վերադաս դատարանի կողմից վերանայման, ինչպես նաև դատապարտյալ անձի կողմից ներման կամ նշանակված պատիժը մեղմացնելու խնդրանքի իրավունքներով, անվավեր է ճանաչել «Քրեակատարողական հիմնարկների ներքին կանոնակարգի կանոններ»-ի 83-րդ կետը՝ վերացնելով առկա սահմանափակումը:
Վերոնշյալ ուսումնասիրությունների բոլոր արդյունքները և որոշումների պատճենները հունիսի 23-ին ուղարկվել են Արդարադատության նախարարին, սակայն, ցավոք, մինչ օրս համարժեք քայլեր չեն ձեռնարկվել, և չի վերացվել ակնհայտ օրենսդրական հակասությունը:

Տարակուսելի է օրենսդրական այսպիսի ակնհայտ հակասության և իրավունքների համատարած խախտման պարագայում Արդարադատության նախարարության նման դանդաղկոտ գործելաոճը:
Պաշտպանի աշխատակազմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031