Լրահոս
Օրվա լրահոսը

Քանի 50 հազար դրամ կմուծեն քեզ համար՝ այդքան համակիր ունես

Հուլիս 07,2014 16:14
gevorg danielyan

«Հարցադրումն ինքն էլ, իմ խորին համոզմամբ, իրավաչափ չէ»,-Aravot.am-ի հետ զրույցում արձագանքելով հարցին՝ մեր երկրում առկա խնդիրները Սահմանադրությունի՞ց են բխում, ասաց Սահմանադրական դատարանի խորհրդական Գեւորգ Դանիելյանը: Մեր զրուցակիցը հորդորում է խնդիրները դիտարկել ոչ միայն Սահմանադրության խմբագրական լուծումների կամ իշխանությունների մեջ:

Հարցը վերաձեւակերպելով այսպես՝ ինչպիսի՞ իրական ազդեցություն կարող է ունենալ Սահմանադրությունը, առկա հիմնախնդիրների ձեւավորման եւ դրանց լուծման առնչությամբ, մեր զրուցակիցն ասաց, որ Սահմանադրությունը կարող է իրական, ոչ հռչակագրային լուծումներ առաջարկել եւ այն նաեւ պետք է ազդի հասարակական գիտակցության ձեւավորման վրա:

Հարցին՝ ի՞նչ կապ ունի Սահմանադրությունը, երբ երկրում առկա է կոռուպցիա, երկրի բարձրագույն իշխանություններն ընտրվում են կեղծիքներով՝ ոտնահարելով հենց Սահմանադրությունը, Գեւորգ Դանիելյանը դեկլարատիվ պատասխան հնչեցրեց. «Սահմանադրությունը պետք է անի հնարավորը՝ բացառելու ամեն տեսակի պատահականությունները քաղաքական եւ իրավական կյանքում, եւ երկրի ներսում, եւ դրանց հնարավոր արտաքին ազդեցությունները»:

Իր ասածը նա նաեւ մասնավոր օրինակով ամրագրեց. «Նախագահի թեկնածուի ընտրագրավը 8 միլիոն դրամ է: Եթե մենք կարողանանք ավելի կատարյալ դարձնել այդ կետը, հասնենք նրան, որ տվյալ մարդը ոչ թե ինքն իր գրպանից մուծի այդ գումարը, այլ նրա համակիրները մուծեն, առավելագույնն, ասենք՝ հիսուն հազարով ու ընտրագրավը հասնի անգամ 20 միլիոն դրամի, մենք կտեսնենք, որ այդ մարդուն իրական համակիրներ կան, ցանկանում են նրան տեսնել այդ կարգավիճակում: Ոչ թե կեղծ ստորագրություններ կազմելու միջոցով կեղծ արձանագրություններ տան»: Գեւորգ Դանիելյանն իր առաջարկը թեպետ կատարյալ չի բնութագրում, բայց գտնում է, որ այն կարող է ինչ-որ չափով կանխել պատահականությունները: Նա համաձայն չէ նաեւ այն դիտարկման հետ, որ այդ կերպ էլ հնարավոր չի լինի տվյալ թեկնածուի համակիրների իրական քանակը որոշել, քանի որ մեկ օլիգարխ կարող է հազարավոր մարդկանց 50-հազարական դրամներ տալ, որոնք կոնկրետ թեկնածուի համար կմուծվեն: Գեւորգ Դանիելյանը հորդորեց երեւակայություններից զերծ մնալ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031