Լրահոս
Օրվա լրահոսը

Ստեփան Սաֆարյան. «Չեմ տեսնում, որ Հայաստանը աշխատում է այս կամ այն երկրում Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ուղղությամբ»

Հուլիս 07,2014 17:27

«Կարծում եմ Հայաստանում պետք է շատ լուրջ ուսումնասիրվի Ահմեթ Դավութօղլուի շաբաթ առաջ գրված հոդվածը»,- այսօր` հուլիսի 7-ին, «Հայացք» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց Միջազգային անվտանգության ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստեփան Սաֆարյանը:
Նա համարում է, որ Թուրքիայի արտգործնախարարի հոդվածում չափազանց նուրբ շերտեր կան, որպեսզի հնարավոր լինի հասկանալ, թե Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, ինչպիսին է լինելու Թուրքիայի քաղաքականությունը.
«Թուրքիան փորձելու է ոչ միայն Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացման նոր պատրանք ստեղծել, այլ նաեւ այդպիսի պատրանք փորձելու է ստեղծել հայկական սփյուռքի հետ»:

Ստեփան Սաֆարյանը համեմատություն անցկացրեց Ահմեթ Դավութօղլուի նախկին հոդվածների եւ այս հոդվածի միջեւ` հայտարարելով, որ նախկինում, եթե նա գրում էր` Թուրքիայի օսմանյան անցյալն իր համար ռազմավարական ակտիվ է, ապա հիմա նա խուսափում է դա ասել, եւ հերքում է բոլոր այն մեղադրանքները, թե Թուրքիան ցանկանում է վերականգնել Օսմանյան կայսրությունը: Պարոն Սաֆարյանը համարում է, որ հայկական կողմը պետք է չափազանց զգույշ լինի, քանի որ այդ հոդվածի հիմնական նպատակը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը շրջանցելն է:

«Ես չեմ տեսնում, որ պաշտոնական Երեւանը լուրջ նախապատրաստություն ունի 100-րդ տարելիցի կապակցությամբ, բացի երեկույթային մակարդակի միջոցառումներից եւ հետեւաբար` զարմանում եմ` Թուրքիան ինչի՞ց է անհանգստացել, եթե Երեւանը հստակ ռազմավարություն չունի: Եթե 2015 թվականին որեւէ արմատական փոփոխություն չլինի տարածաշրջանում, որը խոշոր տերություններին ստիպի այս կամ այն դրդապատճառներով ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ապա ես չեմ տեսնում, որ Հայաստանը շարժվում է կամ լուրջ աշխատանք է տանում այս կամ այն երկրում դա ճանաչելու ուղղությամբ»,- ասաց վերլուծաբանը:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031