Լրահոս
Օրվա լրահոսը

Տարոն Մարգարյան. «Քաղաքային ծրագրերի իրականացման հարցում բնակիչների մասնակցությունը ողջունելի է»

Հուլիս 07,2014 17:40

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին զեկուցվել է, որ Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմեր քաղաքացիների և պետական կառույցների կողմից հունիս ամսվա ընթացքում ստացված 12 հազար 870 դիմումների և գրությունների պատասխանների տրամադրման կատարողականը կազմել է 100 տոկոս: Զեկուցվել է նաև, որ 2014թ. առաջին կիսամյակում ստացվել է ավելի քան 72 հազար գրություն, ինչը գերազանցում է նախորդ տարիների նույն ժամանակահատվածում ստացաված, այդ թվում 2010 թվականի՝ 34200, 2011-ի՝ 47000 և նախորդ տարվա 65000 գրությունների համանման ցուցանիշը: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է շարունակել հետևողական աշխատանքը՝ գործընթացը պահելով մշտական ուշադրության կենտրոնում:

«Քաղաքացիների կողմից ստացվող դիմումների տարեցտարի նկատելի աճն ինքնին նշանակում է, որ երևանցին վստահում է Երևանի քաղաքապետարանին՝ համոզված լինելով, որ իր կողմից բարձրացվող հարցերն անպատասխան չեն մնում: Ըստ այդմ, պետք է հետևողականորեն շարունակենք աշխատանքներն ու տարեվերջին այս ուղղությամբ ևս գրանցենք առաջանցիկ աճ»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Անդրադառնալով կենսապահովման ոլորտում, մասնավորապես, ջրամատակարարման ցանցում արձանագրվող վթարների և դրանց վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքների մասին բնակչությանն իրազեկելուն՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատկան կառույցների պատասխանատուներին և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խստորեն հետևել հատկապես չնախատեսված ջրանջատումների դեպքում բնակիչների պատշաճ իրազեկումը կազմակերպելուն:

«Ինչպես պլանային, այնպես էլ չնախատեսված ջրանջատումների դեպքում պարտավոր եք մեր քաղաքացիներին իրազեկել այդ մասին: Խստորեն հետևեք հատկապես ոչ պլանային անջատումների ժամանակ բնակիչների կողմից թեժ գծերով ստացվող ահազանգերին ու պատշաճ կերպով տեղեկացրեք մարդկանց, թե որն է ջրանջատման պատճառը և երբ այն կվերականգնվի: Համատիրությունների նախագահներին և տնատիրությունների ղեկավարներին ևս ներգրավեք այս աշխատանքներում և չնախատեսված վթարների դեպքում նրանց միջոցով էլ արագ կազմակերպեք քաղաքացիների իրազեկումը: Մեզ համար անընդունելի է, երբ մի քանի օր շարունակ քաղաքացին կարող է ջրամատակարարում չունենալ, իսկ պատկան կառույցները անգամ չեն էլ փորձում մարդկանց տեղեկացնել այդ մասին ու համապատասխան քայլեր ձեռնարկել՝ իրավիճակը որոշակիորեն մեղմելու ուղղությամբ: Եվ ընդհանրապես, կենսաապահովման ոլորտի բոլոր կառույցներին հորդորում եմ այս հարցում լինել խիստ հետևողական, իսկ վարչական շրջանների ղեկավարներն էլ իրենց հերթին թող հետամուտ լինեն՝ խնդիրն արագորեն կարգավորելու հարցում»,- ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Համայնքային բյուջեի սեփական եկամուտների հավաքագրման մասով զեկուցվել է, որ 2014թ. առաջին կիսամյակի կատարողականը կազմել է 102,6 %: Վարչական շրջանների մասով զեկուցվել է, որ, բացառությամբ Կենտրոն վարչական շրջանի, մյուս բոլոր 11 վարչական շրջաններն ապահովել են հավաքագրման 100 և ավելի տոկոս ցուցանիշը: Բացասական գնահատելով Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատանքը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է իրավիճակը շտկելու ուղղությամբ համապատասխան քայլեր ձեռնարկել:

Մայրաքաղաքի բազմաբնակարան բնակելի շենքերի հարթ և թեք տանիքների վերանորոգման հետ կապված՝ կոմունալ տնտեսության վարչության պետը զեկուցել է, որ դրանք ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խիստ հսկողություն սահմանել իրականացվող աշխատանքների որակն ապահովելու համար՝ դրանցում ներգրավելով նաև բնակիչներին:

«Համաձայն մեր որդեգրած քաղաքականության՝ քաղաքային յուրաքանչյուր ծրագրի իրականացման հարցում մենք ողջունում ենք այդ աշխատանքներում մեր համաքաղաքացիների ներգրավումն ու ակտիվ մասնակցությունը, լսում նրանց կարծիքներն ու առաջարկները և ձեռնարկում ենք համապատասխան քայլեր: Ժամանակն ապացուցեց, որ այս աշխատակարգն արդարացված է: Ըստ այդմ, մշակեք մեխանիզմ՝ բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքներում ևս մեր բնակիչներին ու, հատկապես, վերջին հարկաբաժիններում բնակվողներին ներգրավելու ուղղությամբ: Համոզված եմ, որ ընթացիկ աշխատանքների որակը նաև նրանց կողմից վերահսկելու դեպքում արդյունքը կլինի առավել գոհացուցիչ: Նույն մոտեցումը կիրառեք նաև շքամուտքերի վերանորոգման աշխատանքներում և յուրաքանչյուր հարկաբաժնից առնվազն մեկ բնակիչ, մինչ ավարտական ակտը կազմելը, թող գնահատի իրականացված աշխատանքը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Զեկուցվել է, որ ամբողջությամբ վերացվել են մայրաքաղաքի փողոցների, շենքերի, արձանների, կամուրջների և կիրճերի արտաքին լուսավորության համակարգում առկա թերությունները: Քաղաքապետը հանձնարարել է այս ուղղությամբ սահմանել մշտական հսկողություն և, թերություններ հայտնաբերելիս, սեղմ ժամկետում վերացնել դրանք:
Կրթական և առողջապահական հիմնարկների վերանորոգման և ջեռուցման համակարգերի անցկացման ծրագրի հետ կապված զեկուցվել է, որ այս տարվա ծրագրով նախատեսված 57 հաստատություններից 55-ում աշխատանքներն ընթացքում են, իսկ մնացած 2-ում կատարվում են նախագծային վերջին շտկումները:

Զեկուցվել է, որ սահմանված ժամանակցույցով ընթացքի մեջ են նաև բակերի բարեկարգման և խաղային ատրակցիոնների տեղադրման աշխատանքները: Շարունակվում է նաև փողոցների, մայթերի և բակայի տարածքների մաքրումը: Այս ուղղությամբ աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով հանձնարարվել է, անհրաժեշտության դեպքում, ավելացնել սանմաքրման ձեռնարկությունների աշխատակիցների թիվը:

ՀՀ կառավարության կողմից մեկնարկած ծրագրով երեխաների հանգիստը կազմակերպելու նպատակով ձեռնարկված աշխատանքների ընթացքի վերաբերյալ հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ մարզաառողջարանային 5 ճամբարում ծրագրի առաջին հերթափոխով հանգստի մեկնած երևանաբնակ 325 երեխաներն առաջիկա օրերին կվերադառնան, փոխարենը արդեն երկրորդ հերթափոխով ճամբարներ կմեկնի ավելի քան 400 երեխա:

Վարչական շրջաններում տաքսիների հնարավոր նոր կայանատեղիներ կազմակերպելու մասով զեկուցվել է, որ ներկայացվել է 22 նոր հասցեների վերաբերյալ առաջարկ: Համապատասխան ուսումնասիրությունից հետո այդ տարածքները ևս կկահավորեն:
Զեկուցվել է, որ «Արի տուն» ծրագրով Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ վարչական շրջաններից սահմանված չափորոշիչներին համապատասխան 148 հյուրընկալ ընտանիքի հայտ է ներկայացվել: 14 երեխա արդեն իսկ հյուրընկալվել է երևանյան ընտանիքներում: Զեկուցվել է, որ, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, կազմակերպվում են նաև այդ երեխաների մշակութային օջախներ այցելությունները: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է առավել ընդգրկուն և հագեցած դարձնել «Արի տուն» ծրագրով Երևան այցելող երեխաների մշակութային առօրյան:
«Էրեբունի- Երևան 2796» միջոցառումները պատշաճ կերպով կազմակերպելու և անցկացնելու նպատակով քաղաքապետը հանձնարարել է ստեղծել աշխատանքային խումբ և նախապատրաստական աշխատանքներ տանել: Հանձնարարվել է այս տարվա ծրագրում ներառել նաև սոցիալական ուղղվածության նպատակային ծրագրեր:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է նաև համապատասխան հանձնաժողով ձևավորել՝ Երևանի 2800-ամյակին ընդառաջ համաքաղաքային նշանակության խոշոր ծրագրերի առաջարկներ ներկայացնելու և քննարկելու նպատակով:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031