Լրահոս
Օրվա լրահոսը

50 կամ 66 միլիոն ոսկեղենի գողության մեջ մեղադրվողը իրեն մեղավոր չհամարեց

Հուլիս 15,2014 14:45

Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում դատավոր Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ շարունակվում է Իջեւան քաղաքի բնակիչ, 1981թ. ծնված Գագիկ Սարգսյանի դատավարությունը: Վերջինս մեղադրվում է, որ 2012թ. դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը նախնական համաձայնության գալով Երեւան քաղաքի բնակիչ Մհեր Գասպարյանի հետ, տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք է գործել Իջեւանի շուկային հարակից տարածքում գտնվող, Իջեւան քաղաքի ավագանու անդամ Արտակ Խաչատրյանին պատկանող ոսկյա իրերի խանութ-սրահ եւ այնտեղից գողացել է 50 միլիոն դրամի ոսկյա զարդեր:

Տուժող Արտակ Խաչատրյանը դատարանում հայտարարել է, որ իր խանութից գողությամբ պատճառված վնասը կազմում է ոչ թե 50 միլիոն, այլ՝ 66 միլիոն դրամ:

Գագիկ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով («Գողությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով»):

Մհեր Գասպարյանը Մոսկվայում կալանավորված է տեղի ոսկու խանութներից մեկում առավել խոշոր չափերով գողության համար: Այս քրեական գործով դատավարության հուլիսի 11-ի նիստում ամբաստանյալ Գագիկ Սարգսյանը հրաժարվեց ցուցմունք տալ, նա հայտարարեց, որ իրեն մեղավոր չի համարում: Հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները:

2013թ. հունիսի 29-ին Գագիկ Սարգսյանը որպես կասկածյալ ցուցմունք է տվել, ուր իրեն մեղավոր է համարել եւ հայտնել, թե ինչպես դիմակներով, ձեռնոցներով, 3 լոմիկներով բացել են ոսկու խանութի դռները, լոմիկներից մեկը մոռացել են գողության վայրում: Այդ ցուցմունքում Գագիկ Սարգսյանը հայտնել է, որ գողոնից 6 հատ ոսկե մատանի 2013թ. հունվարին գրավ է դրվել «Ֆաստ կրեդիտ» գրավատանը, գրավադրումից ստացված 260 հազար դրամից 100 հազար դրամ է տրվել Գագիկ Սարգսյանի համար Մոսկվայի չվերթի ավիատոմս գնելու համար:

Նույն ցուցմունքի մեջ Գագիկ Սարգսյանը նշել է, որ գողացված ոսկու իրացմամբ զբաղվել է Մհեր Գասպարյանը, ով ոսկու իրացումից ստացված գումարից 2013թ. հունվար-փետրվարին իրեն 6 հազար դոլար է տվել:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031