Լրահոս
Օրվա լրահոսը

Ֆիլհարմոնիկը 2014-2015թթ. համերգաշրջանը կմեկնարկի Իտալիայում

Հուլիս 18,2014 13:55

Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի (ՀՊՖՆ) հուլիսի 11-ին կայացած Պուչինիի «Տոսկա» օպերայի համերգային կատարումը կոլեկտիվի վերջին բեմելն էր 2013-14թթ. համերգաշրջանում: Սակայն նվագախմբի ամենօրյա փորձերը չեն դադարում: «Առավոտի» հետ հանդիպման ժամանակ ՀՊՖՆ-ի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը (լուսանկարում) դա բացատրեց օգոստոսին Իտալիայում նվագախմբի կայանալիք հյուրախաղով: Մանրամասնելով՝ ասաց. «Նվագախումբը Թոփչյանի ղեկավարությամբ օգոստոսի 26-30-ը ելույթներ կունենա Ռիմինի, Չիտտա դե Կաստելլո, Մերանո եւ Ռավելլո քաղաքների հեղինակավոր համերգասրահներում, այդ թվում՝ «Սան Պոլո D5», «Կուրսաալ», «Բելվեդերե դի Վիլա Ռուֆոլո», ինչպես նաեւ Սուրբ Դոմենիկո եկեղեցում: Ի դեպ, ճանապարհածախսը հոգացել է մեր մշակույթի նախարարությունը»: Կեսկատակ-կեսլուրջ էլ հավելեց, թե օգոստոսյան շրջագայությամբ սկիզբ կդրվի նվագախմբի համար հոբելյանական՝ 2014-15թթ. 90-րդ համերգաշրջանի: Տիկին Սիրունյանը նշեց, որ նոր հազարամյակ մուտք գործելով, Թոփչյանի ղեկավարությամբ ֆիլհարմոնիկը միտված է բարձրացնելու ունկնդրի պատրաստվածությունը՝ կանոնավոր կերպով հանդես գալով սիմֆոնիկ, օպերային, ինչպես նաեւ ժամանակակից ազգային երաժշտության համերգներով: Հատուկ շեշտեց, որ ընդհանրապես նախորդ համերգաշրջանների ընթացքում, մասնավորապես անցած՝ Խաչատրյանի 110-ամյա հոբելյանին նվիրված, իրենք հյուրախաղերի են հրավիրում ոչ միայն օտարազգի անվանի երաժիշտների, այլեւ «դրսում» ստեղծագործող ճանաչված հայ արտիստների: Փաստեց անցած համերգաշրջանի ընթացքում Էդ. Թոփչյանի ղեկավարությամբ նվագախմբի հետ հանրահայտ երաժիշտներ, ջութակահար Սերգեյ Խաչատրյանի, թավջութակահար Նարեկ Հախնազարյանի, ինչպես նաեւ օպերային դիվա Հասմիկ Պապյանի մասնակցությամբ համերգները: Ընդ որում՝ երգչուհին երեք անգամ հանդես եկավ Տոսկայի դերերգով:

Մեր զրուցակիցը տեղեկացրեց, որ գալիք համերգաշրջանը «Արամ Խաչատրյան» համերգասրահում նվագախումբը սեպտեմբերին կմեկնարկի 8-րդ անգամ անցկացվող Երեւանյան միջազգային երաժշտական փառատոնով, որն անցնում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, իսկ ընդհանրապես՝ իրենց գլխավոր գործընկերն է «ՎիվաՍելլ-ՄՏՍ»-ը: Ողջ համերգաշրջանի ընթացքում էլ նախատեսված են երեկոներ՝ նվիրված հայ կոմպոզիտորական արվեստի անվանի ներկայացուցիչներ՝ Գեղունի Չթչյանի, Տիգրան Մանսուրյանի, Ռոբերտ Ամիրխանյանի հոբելյաններին: «Էդուարդ Թոփչյանի ուշադրության կենտրոնում են մշտապես հայ ժամանակակից կոմպոզիտորները: Ասածս կփաստեն մեր մշտական ունկնդիրներն ու երաժիշտները: Նվագախումբը մասնակցում է Հայաստանի կոմպոզիտորների եւ երաժշտագետների միության կողմից ավանդաբար անցկացվող համերգաշարերին՝ ներկայացնելով զուտ հայ հեղինակների երկեր: Սա նաեւ սպասվում է գալիք համերգաշրջանում»,- հայտնեց Ռուզաննա Սիրունյանը:

Հետաքրքրվեցինք՝ շուրջ 12 տարի տնօրեն աշխատելու ընթացքում կնոջ համար դժվար չէ՞ գործ ունենալ 110 հոգուց բաղկացած նվագախմբի հետ, որտեղ յուրաքանչյուր երաժիշտ անհատականություն է: «Իսկապես, Ֆիլհարմոնիկի երաժիշտներից յուրաքանչյուրը մենակատար է, նրանցից շատերը հանդես են գալիս մենահամերգներով եւ տարբեր կազմերով կամերային ու անսամբլային երեկոներով: Ոչ միայն իմ, այլեւ, կարծում եմ, ցանկացած տնօրենի աշխատանքում գլխավորը մարդկային գործոնն է: Եթե կարիք կա, ապա պետք է լսել թեկուզ յուրաքանչյուր երաժշտի կարծիքը այս կամ այն հարցի շուրջ, դիտարկումն ու ինչու չէ՝ դիտողությունը: Դեռեւս չլուծված խնդիրներ էլ կան, օրինակ՝ փողային գործիքների ձեռքբերման հարցը: Լիահույս եմ, որ նվագախմբի հոբելյանական տարում դա էլ լուծում կստանա»,- ասաց տնօրենը:

Հաստատելով մեզ հասած տեղեկությունը, թե «Արամ Խաչատրյան» համերգասրահը մինչեւ այս տարեվերջ կվերազինվի բարձրակարգ լուսաձայնային սարքավորումներով, ինչպես նաեւ մասնակի կվերանորոգվի, տնօրենը նշեց, թե մասնակի վերանորոգում ասելով՝ կփոխվի միայն դահլիճի մանրահատակը, հետո էլ ավելացրեց, որ ուշ աշնանը սպասվող այդ աշխատանքները պետք է կատարվեն հնարավորինս սեղմ ժամկետներում, չէ՞ որ համերգներ ու միջոցառումներ են նախատեսված Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.07.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031