Լրահոս
Օրվա լրահոսը

Բացառիկ հնարավորություն՝ վայելելու կենդանի կատարմամբ առցանց համերգներ

Հունիս 06,2020 12:30

Թագավարակով պայմանավորված՝ մշակութային բոլոր կոլեկտիվների թվում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը (ՀԱՖՆ) եւս գրեթե երկու ամիս  դադարեցրել էր փորձերը եւ համերգային գործունեությունը:

«Առավոտի» հետ հանդիպման ժամանակ ՀԱՖՆ-ի տնօրեն Ռուզաննա Սիրունյանը նշեց, որ երբ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարեց արտակարգ դրության թուլացումների մասին, որտեղ նշվում էր, որ մայիսի 18-ից ստեղծագործական կոլեկտիվները կարող են գործել տասը հոգանոց խմբերով, իրենք որոշել են վերսկսել ֆիլհարմոնիկի «համերգային գործունեությունը»: «Մեկնարկեցինք մի համերգաշար, որն անվանել ենք «Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ»: Մեր երաժիշտները երեքից ութ հոգանոց կամերային անսամբլներով ներկայացնում են դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, հակիրճ պատմում կատարվող ստեղծագործությունների եւ կոմպոզիտորների մասին: Համերգաշարի ընթացքում կունենանք նաեւ հետաքրքիր հյուրեր եւ յուրահատուկ անակնկալներ: «Ուրբաթօրյա Ֆիլհարմոնիկ» համերգաշարի համերգներն անցնում են առանց հանդիսատեսի՝ «Արամ Խաչատրյան» համերգասրահում եւ հեռարձակվում են առցանց՝ Ֆիլհարմոնիկի ֆեյսբուքյան էջով (ANPO/Armenian National Philharmonic Orchestra) ամեն ուրբաթ ժամը 20:00-ին»,- մանրամասնեց տիկին Սիրունյանը, հավելելով, որ իհարկե՝ հարյուր երաժշտից բաղկացած սիմֆոնիկ նվագախմբի համար շատ անսովոր է ելույթ ունենալ այսպիսի փոքր անսամբլներով, բայց իրենք կաշխատեն, այս համերգաշարի ընթացքում ներգրավել նվագախմբից հնարավորինս շատ երաժիշտների:

Տնօրենը փաստեց նաեւ, որ համերգաշարի առաջին համերգը կայացել է մայիսի 29-ին: Այն շատ մեծ արձագանք է ունեցել երաժշտասերների եւ բարձր արվեստը գնահատողների շրջանում եւ երկու օրում տասնյակ հազարավոր դիտումներ են ունեցել համացանցում. «Իրոք, երաժիշտների բարձր կատարողական մակարդակը եւ համերգի ձայնագրման ու տեսագրման ողջ աշխատանքները համապատասխանում են միջազգային բարձր մակարդակին: Ողջ աշխատանքները՝ գեղարվեստականից մինչ նկարահանում, իրականացնում ենք բացառապես Ֆիլհարմոնիկի աշխատակիցների ուժերով»:

Հրանտ Թոխատյանը եւ ֆիլհարմոնիկի երաժիշտները՝ «Պետյան եւ Գայլը» սիմֆոնիկ-հեքիաթի կատարումից հետո:

Ֆիլհարմոնիկի ֆեյսբուքյան էջում տեղադրված է Սերգեյ Պրոկոֆեւի «Պետյան եւ Գայլը» սիմֆոնիկ հեքիաթը, որը ըստ մեր տեղեկությունների՝  հունիսի 1-ին պետք է ուղիղ հեռարձակվեր Հ1-ով, ինչը տեղի չունեցավ։ Այս առնչությամբ մեր զրուցակիցն ասաց. «Այն ՀԱՖՆ-ի եւ բոլոր երեխաների սիրելի դերասան Հրանտ Թոխատյանի համատեղ ծրագիրն էր: Սիմֆոնիկ հեքիաթը կատարեցինք յոթ երաժշտի համար փոխադրած տարբերակով: Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, այն պետք է ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվեր Հանրային հեռուստատեսության եթերով: Որոշ տեխնիկական խնդիրների պատճառով եթերը չեղարկվեց, բայց մենք արեցինք ամեն հնարավոր եւ անհնարինը, որպեսզի կատարենք երեխաներին տված մեր խոստումը:

Հրանտ Թոխատյանի եւ ՀԱՖՆ-ի թիմի ջանքերի արդյունքում այժմ Ֆիլհարմոնիկի ֆեյսբուքյան էջում մեր փոքրիկները կարող են դիտել այս հրաշք երաժշտական հեքիաթը: Արդեն բազում շնորհակալական նամակներ ենք ստացել: Մեզ համար թանկ է հատկապես մեր փոքրիկ ունկնդիրների հիացական արձագանքը: Եթե կհիշեք, 2019թ.-ին, «Ավրորա» մրցանակաբաշխության շրջանակներում, Հրանտ Թոխատյանը Վալերի Գերգիեւի եւ Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ Երեւանում ներկայացրեց այս հեքիաթը: Մենք նույնպես մեծ ցանկություն ունենք այս ստեղծագործությունը ավելացնել ՀԱՖՆ-ի երկացանկում եւ առաջին իսկ հնարավորության դեպքում կկատարենք այն նվագախմբի ամբողջական կազմով՝ մաեստրո Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Հրանտ Թոխատյանն ու մաեստրո Թոփչյանն արդեն ծրագրել են, որ առաջիկայում համատեղ կներկայացնեն երեխաների համար գրված դասական երաժշտության երկացանկի լավագույն ստեղծագործությունները»:

Զրույցի ընթացքում անդրադարձ եղավ վիրուսի պատճառով ստեղծված բարդ իրավիճակին, ինչի առիթով տիկին Սիրունյանը նման կարծիք արտահայտեց. «Նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ամենամեծ մտահոգությունն այս օրերին կոլեկտիվի մարզավիճակն է: Նրան անհանգստացնում է այն փաստը, որ մոտ հարյուր երաժշտից բաղկացած պրոֆեսիոնալ նվագախումբն առանց ամենօրյա լուրջ փորձերի կորցնում է կատարողական այն բարձր մակարդակը, որին հասել ենք տասնյակ տարիների քրտնաջան աշխատանքի շնորհիվ: Նա մեծ հույսեր ունի, որ մոտ ապագայում ֆիլհարմոնիկը թույլտվություն կստանա վերսկսել նվագախմբի գոնե 40-50 հոգանոց փորձերը՝ պահպանելով բոլոր սանիտարահիգիենիկ կանոնները»:

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
05.06
.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930