Լրահոս
Օրվա լրահոսը

«Թեկուզ էրեխեքի դին դրած էր, բայց մայրերը հպարտությամբ ասում էին՝ մեր տղաների հետևից չլացեք, մենք հերոս ենք տվել» (Տեսանյութ)

Օգոստոս 08,2014 13:12

«Մենք պատրաստ ենք մեկին ինը հարաբերակցությամբ կոտորել հակառակորդին: Եթե պաշտպանության նախարարի հրաման լինի, մեր զինվորները պատրաստ են հարձակման, այլ ոչ նահանջի: Եթե պատերազմ լինի, մենք՝ մայրերս էլ, մեր որդիների կիսատ թողածը պատրաստ ենք շարունակել»,-այսօր «Ֆորում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Զինվոր» հ/կ համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը (Մարոզ):

Նա ցավակցեց զոհվածների մայրերին ու նշեց. «Եվս մեկ անգամ համոզվեցի, որ ունենք հերոս տղաներ ու հերոս մայրեր: Թեկուզ էրեխեքի դին դրած էր, բայց նրանք հպարտությամբ ասում էին, թե մեր տղաների հետևից չլացեք, մենք տվել ենք ազգային հերոսներ և վեց որդի էլ ունենալու ենք, թող Ադրբեջանը իմանա»:

Մարգարիտա Խաչատրյանը նշեց, որ անգամ, երբ ազատամարտիկները մեկնեցին զինված ուժեր, մեր զինվորները դիրքերը չտվեցին նրանց՝ հայտարարելով, թե մեր հերթն է մեր պարտքը կատարել մեր հայրենիքի նկատմամբ, դուք ձեր պարտքն արդեն կատարել եք»:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը նկատեց, թե սահմաններում տեղի ունեցածը ՀՀ նախագահին պիտի ավելի ուժեղ դարձնի: Սոչիում Պուտինի մասնակցությամբ նախատեսված Սարգսյան-Ալիև հանդիպումը Լեռնիկ Ալեքսանյանի ձևակերպմամբ «բոլոր դեպքերում պարզություն կմտցնի»:

Ըստ նրա՝ Ադրբեջանի գործողությունները լայնամասշտաբ պատերազմի պատրաստություն չեն, այլ միջազգային հանրությանը մատ թափ տալուն, ներքին խնդիրներին, մեր զինված ուժերի պատրաստվածությունը ստուգելուն ուղղված գործողություններ:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի՝ ՀՀ-ում և ԼՂՀ-ում տեղակայման անհրաժեշտություն կա՞, մանավանդ ՀՀ պաշտպանության նախարարն ասաց, որ դրա անհրաժեշտությունը չկա, պարոն Ալեքսանյանը պատասխանեց. «Մեր քաղաքական և ռազմական ղեկավարությունը, քանի որ գտնում է, որ լայնամասշտաբ պատերազմի վտանգը քիչ է, այդ ուժերի տեղակայումը ավելորդ խուճապ կարող է առաջացնել մեր հասարակության մեջ»:

Aravot.am-ի հարցին՝ արդյոք վերջին զարգացումներում իր մեղքի բաժինը չունի՞ ՀՀ ԱԳՆ-ն և ինչպե՞ս է գնահատում Էդվարդ Նալբանդյանի աշխատանքը, պարոն Ալեքսանյանը պատասխանեց. «Եթե այսօր ՀՀ-ն Եվրասիական միություն է մտնում, Արևմուտքը բնականաբար վերաբերմունք պիտի փոխի ՀՀ-ի համար, իսկ Ադրբեջանը միջին գծում է: Ուստի դիրքորոշումները պիտի ավելի կոշտ լինեն Հայաստանի նկատմամբ: Բայց հրահրումը ՌԴ-ի շահերից չի բխում, տարածաշրջանում լարվածության ուժեղացումը այլ բան է, որ այսօր ՌԴ-ն չի ուզում հարաբերությունները վատթարացնել Ադրբեջանի հետ: Այսօր ամենաշատը Ռուսաստանին պետք չէ այս տարածաշրջանում լարվածություն: Կոշտացում ՀՀ-ի նկատմամբ կա և դա չի կարող չարտահայտվել շփման գծում»:

ԱԳ նախարարի վարած քաղաքականության մասին ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «ԱԳՆ-ի աշխատանքը կողքից գնահատելը առնվազն ճիշտ չէ, եթե մեկ ուրիշ նախարար կամ քաղաքական գործիչ կարող է հայտարարություն անել, հետո ասել՝ ես սխալվեցին: Եկեք շատ չմեղադրենք ԱԳ նախարարին հայտարարություն անելու հետ կախված: քանի որ ասված խոսքը մարդու տերն է, չասված խոսքը մարդու ստրուկն է»:

Ալիևի վարած քաղաքականությունը Լեռնիկ Ալեքսանյանն անարդյունավետ համարեց՝ հատկապես համեմատած նրա հոր հետ, այնուհետև նշեց, թե Ալիևը խնդիրներ ունի սեփական ժողովրդի հետ:

Մարգարիտա Խաչատրյանը համեմատություն անցկացրեց ՀՀ ԶՈՒ և Ադրբեջանի զինված ուժերի միջև. «Եթե ֆինանսական և քանակական տեսակետից Ադրբեջանը եռապատիկ, քառապատիկ ավելին է, հոգու բարձրությամբ, մարտական տրամադրվածությամբ մենք ավելին ենք: Մենք մեր պաշտպանության նախարարի ռեյտինգը բարձրացնելու և PR անելու կարիք չենք տեսնում: Իսկ Ադրբեջանի նախարարը ևս մեկ անգամ հեղինակություն ձեռք բերելու համար կազմակերպեց դիվերսիոն խմբի մուտքը հայկական բանակ: Ադրբեջանի նախարարությունը երբեք իր մայրերի, իր զինվորի կարծիքը չի հարգել»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031