Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապահ մարմինները կոծկում են սեռական բռնության հանցագործին

Օգոստոս 08,2014 13:55

Օր օրի սեռական բռնությունը Հայաստանում ամրապնդում է իր «դիրքերը» թողտվության և անպատժելիության պատճառով (ըստ ՀՀ Ոստիկանության պաշտոնական տվյալների՝ 2011 թվ-ն՝ 71 դեպք, 2012-ին՝ 105 դեպք, 2013-ին՝ 113 սեռական բռնության դեպք): Իրավապահ մարմինները, որոնք պետք է առաջնային հետարքրքություն ցուցաբերեն հանցագործության բացահայտման մեջ, մասնակից են դառնում վերջինիս կոծկմանը:

Հարգելի’ գործընկերներ, Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սեռական բռնության սույն դեպքը և ակնկալում ենք Ձեր աջակցությունը այս տեղեկատվության տարածման և հիմնախնդրի հանդեպ հանրային ուշադրության բարձրացման հարցում:

2012 թվականի մայիսի 16-ին Հասմիկը /անունը փոխված է/ ՀՀ Ոստիկանությունում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ Արմենի /անունը փոխված է/ կողմից ենթարկվել է սեռական և ֆիզիկական բռնությունների: Հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ՝ բռնաբարության հատկանիշներով և գործի քննությունը հանձնարարվել է ՀՀ Ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Ա.Կավեյանին: Կարճ ժամանակ անց քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու մասին այն պատճառաբանությամբ, որ Արմենի կողմից հանցավոր գործողություններ չեն կատարվել:

Հասմիկի բողոքի հիման վրա դատարանը վերացրել է քննիչ Ա.Կավեյանի որոշումը և արձանագրել, որ քննիչը չի կատարել օբյեկտիվ քննություն, անտեսել է և չի գնահատել մի շարք ապացույցներ: Դատարանի որոշումից հետո քննիչ Ա.Կավեյանը հեռացվել է գործի վարույթից և նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ Ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչությանը: Արմենի հեռախոսի և հեռախոսային քարտի վերաբերյալ նշանակվել է համակարգչատեխնիկական փորձաքննություն, որի արդյունքում ստացված եզրակացությամբ պարզվել է, որ նա գտնվել է մտերիմ ընկերական հարաբերությունների մեջ գործի քննությունն իրականացրած քննիչ Ա.Կավեյանի հետ:

Մասնավորապես, քննիչը SMS հաղորդագրություններով և էլեկտրոնային փոստի միջոցով Արմենին է ուղարկել իր անձնական օգտագործման ավտոմեքենայի տվյալները՝ նպատակ ունենալով վերջինիս միջոցով վաճառելու այն: Այսինքն, քննիչն ունեցել է ակնհայտ անձնական շահագրգռվածություն, ինչն, ըստ էության, հիմք է հանդիսացել, որպեսզի նա իրականացնի գործի միակողմանի քննություն ի օգուտ Արմենի և որոշում կայացնի քրեական գործի վարույթը կարճելու մասին:

Այս կապակցությամբ Հասմիկը ներկայացրել է հաղորդում` հասցեագրված ՀՀ Ոստիկանապետին և ՀՀ գլխավոր դատախազին, որի քննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը, սակայն վերջինիս կողմից անհիմն պատճառաբանությամբ քրեական գործի հարուցումը մերժվել է: Հատկանշական է այն, որ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշման հիմքում դրվել է միայն քննիչ Ա.Կավեյանի և Արմենի կողմից տրված բացատրությունները, որոնք մի քանի կետերով հակասում են միմյանց:

Բացի այդ, ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից որևէ գործողություն չի կատարվել պարզելու համար, թե երբ և ինչ պայմաններում է տեղի ունեցել քննիչի և Արմենի միջև ծանոթությունը /չի բացառվում, որ նրանք ծանոթ են եղել դեռևս մինչև բռնաբարության փաստով քրեական գործի հարուցումը/, ինչ բնույթի փոխհարաբերությունների մեջ են գտնվել միմյանց հետ /գործնական, ընկերական, թե բարեկամական/, ինչ նպատակով և ինչ պայմաններով է քննիչն ակնկալել Արմենից ծառայություններ ստանալ, մատուցված ծառայությունները կրել են հատուցելի թե անհատույց բնույթ, եղել են շարունակական, թե ոչ: Ավելին, փորձաքննության միջոցով ստուգման չի ենթարկվել քննիչի անձնական օգտագործման հեռախոսը և հեռախոսային քարտը, էլեկտրոնային փոստի հասցեն, ինչը կարող էր նպաստել քննիչի և Արմենի միջև հնարավոր հանցավոր համագործակցության վերաբերյալ նոր փաստական տվյալներ ձեռք բերելուն:

Ակնհայտ է, որ ՀՀ ՀՔԾ-ն ուղղակիորեն սատարում է քննիչ Ա.Կավեյանին և խուսափում միջոցներ ձեռնարկել վերջինիս պատասխանատվության ենթարկելու հարցում՝ սրանով, իսկ անուղղակիորեն նպաստելով, որպեսզի հանցագործություն կատարած անձն ազատվի քրեական պատասխանատվությունից:

Ներկայումս ՀՀ ՀՔԾ-ի որոշումը Հասմիկի կողմից բողոքարկվել է դատարան, որի քննության արդյունքներով որոշումը կհրապարակվի 2014թվականի օգոստոսի 12-ին /ավելի մանրամասն տես Hetq.am էլեկտրոնային կայքում/:

Տեղեկացնում ենք նաև, որ «Ընդդեմ կանանց նկատմամբ կոալիցիա»-ն, օգոստոսի 12-ին, ժամը 10:00-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջև (Տիգրան Մեծի 23/1) իրականացնելու է բողոքի ակցիա:

«Կանանց ռեսուրսային կենտրոն» ՀԿ

Լուսանկարը՝ Hetq.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031